սոց ցանց

ՆԱՈՒՄ-ի ընկերների հայտարարությունը նոր նախաձեռնության մասին

Սիրելի՛ հայրենակիցներ

Դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ հինգ տասնյակից ավել ՆԱՈՒՄ-ականներ լքեցին ու հեռացվեցին ՀՅԴ շարքերից: Այդ մասին խոսել ենք բազմիցս, հանդես ենք եկել մամլո ասուլիսով: Հայտարարել ենք, որ շարունակում ենք մնալ ազգային գաղափարական արժեքների կրողը և մերժել ենք ՀՅԴ ներկայիս նեղ խմբակային շահեր սպասարկող ղեկավարությանը: Այդ ընթացքում մեր կողմից բացվեց ՆԱՈՒՄ-ի ընկերներ ֆեյսբուքյան էջը, և մենք այդ միջոցով իրադարձությունների մասին տեղեկացնում էինք հասարակությանը:

Իրադարձությունների ընթացքում մեծ թվով մարդիկ իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնեցին: Մեր հայտարարած գաղափարներն իրականացնելու և մեր աջակիցներին համախմբելու նպատակով բացեցինք Հայաստանի Առաջանցիկ Զարգացման Հիմնադրամը  և Նոր Արժեքներ հասարակական կազմակերպությունը :

Հայտարարում ենք, որ ՆԱՈՒՄ ընկերներ-ը այսուհետ հանդես կգան որպես «Անկախության սերունդ» հասարակական-քաղաքական նախաձեռնություն: Այս նախաձեռնությունը չի հանդիսանում որևէ քաղաքական կազմակերպության դուստր ձեռնարկություն և չի սպասարկում որևէ նեղ խմբի անձնական շահեր: «Անկախության սերունդն» ունի հստակ արտահայտված հասարակական քաղաքական հայեցակարգ, որն առաջիկայում կներկայացվի:

Ինչո՞ւ «Անկախության սերունդ»:

1991թ. Հայաստանն անկախացավ, բայց հայաստանյան հասարակության մի մասն այդպես էլ տերը չդարձավ անկախ Հայաստանի: Նրանց մեծ մասը շարունակեց ապրել արդեն իրեն սպառած խորհրդային արժեհամակարգի կանոններով: ՀՀ-ում անցած երեսուն տարում անկախության սերունդն այդպես էլ չձևավորվեց, սերունդ, որն ամբողջությամբ շարունակողն ու պահանջատերը կլիներ անկախ Հայաստանի գաղափարախոսության ու արժեհամակարգի: Հասարակության նվիրյալ զավակներից շատերը զոհվեցին Արցախյան պատերազմում, այնուհետև` կես-պատերազմ, կես-խաղաղության պայմաններում, նաև Քառօրյա պատերազմում, ինչպես նաև հուլիսյան մարտերի ժամանակ: Այս ամբողջ ընթացքում այդ հայորդիները մեզ ժամանակ տվեցին ապրելու, մտածելու ու հասունանալու համար, բայց մենք շատ կարևոր բաներ բաց թողեցինք: Հայաստանում, ըստ էության, սերնդափոխություն(գաղափարական իմաստով) տեղի չունեցավ: Խորհրդային կոմունիստ ղեկավարությանը փոխարինեցին արտաքուստ հայրենական գաղափարաբանությամբ կառավարություններ, բայց որոնք շարունակեցին աշխատել խորհրդային լճացած ռեժիմով: Այս երեսուն տարվա ընթացքում այդ խնամի-ծանոթ-բարեկամ կառավարչաձևը վերջնականապես խաթարեց ժողովրդի հավատին, ու մարդիկ կորցրին իրենց հարգանքը թե՛ պետական ինստիտուտների, և թե՛ հայրենիքի ու պետության գաղափարների նկատմամբ: Դրությունը հասել էր մի ծայրահեղ վիճակի, երբ հասարակությունը խորը դեպրեսիա էր ապրում ու գտնվում շատ բարդ հոգեբանական իրավիճակում, ու իշխող տրամադրությունները հուսահատությունն ու լքվածության գաղափարն էին: 2018թ. տեղի ունեցած հեղափոխությունը շատ լավ առիթ էր մերժելու արմատացած չարիքն ու անգործությունը: Հին ռեժիմի արմատախիլ անելը մարդկանց մեջ նորից պրոգրեսիվ տրամադրություն ու թմբիրից դուրս գալու ձգտում առաջացրեց: Այս իրադարձություններն այնքանով են կարևոր, որ բացի իշխանափոխությունից այն մեզ հնարավորորություն է տալիս ի վերջո մերժելու տասնամյակներով կուտակված հուսահատությունն ու անգործությունը և ի վերջո տերն ու կրողը դառնալու անկախության ու պետության գաղափարի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *