սոց ցանց

Ժամանակակից հայ գրողի խնդիրը

Արայիկ Մկրտումյան

Մեր ժամանակակից գրողները մի խնդիր ունեն, որի վրա ընդհանրապես չեն ուզում ուշադրություն դարձնել։

Խնդիրը կայանում է թեման մշակութային ու հոգեբանորեն հասկանալու ու զգալու մեջ։ Ժամանակակից հայ գրողների մեջ կան տաղանդավոր մարդիկ, որ ընտիր ու հարուստ տողեր ունեն, փայլուն հանգեր, ճկուն լուծումներ ու ճոխ բառապաշար, բայց…..բայց չունեն ինքնուրույնություն, չկա սեփականը, չկա տվյալ թեմայի մշակութային առումով ժառանգն ու տերը լինելու գիտակցումը։

Սեր, հայրենիք, մայր, դեդեկտիվ, սարսափ….էս բոլոր թեմաներով ու ժանրերով գրող շատ շատ մարդիկ, իրենք էլ չուզելով ու չհասկանալով, պլագիատ են անում։

Ինչպե՞ս է ստացվում, որ գրողը ինքն է հորինում ու գրում, բայց իր գրածն իրականում անցողիկ մի բան է, շատ գեղեցիկ, բայց զուրկ ինդիվիդուալ ամեն ինչից։

Իսկ դրա պատճառը տաղանդը չէ, ոչ էլ մարկետինգը, այլ այն, որ ժամանակակից գրողն ուղղակի վերարտադրում է հայտնի հայ ու օտար ենթամշակույթի ոսկե կանոնները։ Նա դա անում է տաղանդավոր կերպով, անում է որակով, ջանք ու եռանդ չի խնայում, բայց միևնույն է, ստացվում է ենթագիտակցական պլագիատ։

Նա որակով է անում, բայց իր արածն ընդամենը վերարտադրանք է, ընդամենը կրկնություն։

Ինչո՞ւ է ժամանակակից գրողը պարտվում ասենք Բակունցին, Սահյանին, Լաֆքրաֆթին, Տուրգենևին, Դյումային, Մարկեսին։ Խնդիրը տաղանդը չէ(թեև կարևոր է)։

Շատ ժամանակակիցներ բավարար չափով տաղանդավոր են, բայց ոչ ինքնուրույն։

Օրինակ, երբ հիմա որևէ քանդակագործ վերարտադրի ասենք Միքելանջելոյի Դավթի արձանը, կամ մի նման բան քանդակի, մենք կհիանանք, մենք կգովենք, բայց բոլորս էլ գիտենք, որ դա իր ստեղծածը չէ, դա իր հոգեբանությունն ու երկունքը չէ, իր ազգային ու գաղափարական ժառանգությունը չէ, դա ուղղակի կրկնօրինակն է, նույնիսկ ավելի նուրբ ու կատարյալ, բսյց ընդամենը կրկնօրինակ։

Խնդրում եմ լավ հասկացեք, ինչ նկատի ունեմ։

Շեքսպիրի ֆենոմենը “Լիր արքա”֊ի տողերը չեն, այլ գործի ոգին, անգլիական հասարակության կուտակած ներուժը, բնավորությունն ու արժեքները։ Ու այդ ամենը մեկ օրում չկուտակվեց, այլ դարերով հավաքվեց, մշակվեց, հղվեց ու այդ ամենը ժառանգած գրողը ստեղծեց մի գործ, որն ավելի երկար կապրի քան բրիտանական պետությունը, որովհետև Շեքսպիրը մշակութային փրկօղակ է բոլորիս համար։

Այո՛, ունենք տաղանդավոր գրողներ, բայց, բայց, բայց….չկա անհատականը, չկա գրողի բնավորությունը, ուժը, արժեքը։ Ու հենց էդ պատճառով էլ, կներեք, բայց ժամանակակից գրքերի 90 տոկոսը տասը տարի էլ չի ձգելու, մոռացվելու են ավելի արագ քան հայտնվել են, եթե նույնիսկ քեզ մրցանակը մրցանակի հետևից տան։ Ես ցավում եմ, որ շատերն իրենց ներուժը վատնում են նման կերպ։

Դու կարող ես ընտիր նվագել որևէ գործ, բայց եթե չկա երաժիշտի սեփական բնավորությունը, լեզուն, ոգին դու կլինես շատ լավ կիթառահար, թմբկահար, բայց շատ վատ երաժիշտ։ Ահա սա է խնդիրը, սա է, որ չենք ուզում նկատել։ Մանավանդ, որ հիմա ամեն ինչ հասարակացվում է, դառնում ավելի պարզունակ, ավելի գռեհիկ, որ բոլորը հասկանան, մինչդեռ դա հնարավոր չէ։

Ի վերջո շատ հաճախորդ ու գնորդ անորակ ապրանքն է ունենում։

Ու սա վերաբերվում է բոլորին՝ նկարչություն, երաժշտություն, գրականություն, կինո….ամեն ինչ։

Հ.գ.Եթե դու լավ ընթերցող ես, ապա երբեք վատ գրող չես ունենա։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *