Հակոբ Բադալյան
Կա մի հետաքրքիր երեւույթ. ով որեւէ քննադատություն է հնչեցնում ներկայիս իշխանության հասցեին, տողի որեւէ արանքում ինչ որ կերպ ձեւակերպում է այս կամ այն քաղաքական ճամբարի չկապվելու մասին՝ ես նրանցից չեմ, սրանցից չեմ, էն մեկից չեմ: Տարբեր ոճով եւ կերպով են լինում էդ ձեւակերպումները, բայց լինում են: Պատճառն էլ հասկանալի է՝ որովհետեւ որեւէ քննադատութուն միանգամից ասոցացվում է նախկինի հետ, ընդ որում շատ դեպքերում իհարկե նաեւ իրավացի, բայց մեկ է՝ էդ երեւույթը իրականում քայքայող է, ոչ թե օգտակար:
Բայց, հարգելիներ, միեւնույն է, գրեք, թե չգրեք՝ որ «սրանցից» կամ «նրանցից» չեք, կապողը ձեզ կապելու է «սրանց» կամ «նրանց», որովհետեւ Հայաստանում գործնականում հետխորհրդային ամբողջ երեք տասնամյակի ընթացքում հանրությանը էդ «գնահատման չափանիշը» սնուցելով են զբաղված եղել հիմնական քաղաքական ուժերը: Եվ գրեթե բոլորը զբաղված են «կապելով», քանի որ այդպես ապրելը հեշտ է՝ որեւէ միտք «կապում» ես «սրան» կամ «նրան», ու վերջ, էլ հարկ չկա որեւէ բանի մասին մտածելու: