Հայաստան

Կրթական իրարանցում-Մաս 2

Արայիկ Մկրտումյան

Անձամբ ես կարծում եմ, որ այս հարցերին պետք է լրջագույն ուշադրություն ցուցաբերել: Կան մի քանի տասնյակ հարցեր, որոնց խորապես ուսումնասիրությունից հետո միայն պարզ կլինի, թե այդ առարկան պիտի մնա՞, թե ոչ: Այդ հարցերն իրոք կարևոր են, որովհետև եթե մի կողմ դնենք պարզապես այո ու ոչ ասելու գայթակղությունը կամ իշխանության ու ընդդիմության թշնամանքը, ապա կան բազմաթիվ մասնագիտական հարցեր, որոնք լուծում են պահանջում և դրանով պիտի զբաղվեն մասնագետները, ոչ թե մարդիկ ովքեր պարզապես իրար չեն սիրում, որովհետև հանուն քաղաքական դիվիդենտի առարկա հանել-մտցնելը ոչ այլ ինչ է, քան հանցավոր անփութություն: Երբ հարցը վերաբերվում է կրթությանը պետք է լրջմիտ լինել ու անձնական ամբիցիաները մի կողմ դնել:

Ինչևէ: Դպրոցների վերաբերվող հարցերի շուրջ այսքանով կսահմանափակվեմ, քանի որ ամեն առարկային ու խոսքին վերաբերվող արձագանքի անալիզը մի քանի հատոր կդառնա, միայն որպես հավելում այս ամենի կասեմ այն, որ լուրեր են շրջում նորից տասնամյա համակարգին վերադառնալուն, ինչի համար անձամբ ես շատ ուրախ կլինեմ ու ի դեպ, 12-ամյա համակարգն իր ժամանակին գրեթե բոլորի կողմից ծայրահեղ դժգոհությամբ ընդունվեց ու կրկին շեշտվեց կրթությունը քանդելու ծրագիրը: Հիշեցնեմ, դա Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակներն էր ու շատ հետաքրքիր կլինի ներկայիս ընդդիմության կարծիքը տասնամյա համակարգին վերադառնալու առիթով, մանավանդ, որ նրանցից շատերը ամենասուր քննադատության էին արժանացրել Բոլոնյան համակարգն ու տասներկուամյա ռեժիմը:

Անցնենք բուհերին, որովհետև այստեղ էլ իրավիճակը ընդհանրապես չի հանդարտվում: Կրթական ոլորտի խնդիրներից են վարձերի թանկացումները, ընդունելության քննության հետ կապված խնդիրներ ու հազար ու մի բաներ: Ճշմարտության առջև չմեղաչելու համար կասեմ, որ մեր բուհական համակարգն իրոք ճգնաժամային իրավիճակում է ու պատրաստ չի ոչմի արտակարգ դրության: Ապացույցը եղավ համավարակը, երբ ստիպված էին դասերն օնլայն անել և այստեղ բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան, ինչպես օրինակ՝ սերվերների խափանում, տվյալների բացակայություններ և այլն: Նույն խնդիրն առաջացավ նաև քննությունների ժամանակ ու դրան  գումարվեց նաև վարձերի մուծման հետ առնչվող այլ հարցեր, երբ հապշտապ մշակված աջակցման փաթեթներն ամբողջապես չէին կարողանում բավարարել առաջացած խնդիրները, զեղչերից ոչ բոլորն էին օգտվում, առաջանում էր ընդգծված անհարթություններ:

Բուհերին առնչվող խնդիրներից էր նաև այս տարվա ընդունելության արդյունքները, երբ առաջին հայտով որևէ ֆակուլտետ դիմած ուսանողը ցածր միավորներով կարողանում էր հաղթահարել անցողիկ շեմը, իսկ մեկ այլ ուսանող ով բարձր միավոր ուներ, չէր ընդունվել, որովհետև այդ նույն ֆակուլտետի համար դիմել էր երկրորդ կամ երրորդ հայտով: Նույնիսկ բերնից բերան էր շրջում այդ օրերին ծնված զվարճախոսություն՝ «Ես ոչնչից այնպես չեմ վախենում, ինչպես 9 միավորով բժշկական ընդունվածից»: Գուցե և լավ անեկդոտ է, բայց մի շարք խնդիրների մասին է խոսում, օրինակ կրթության որակի մասին:

Այս թեման ևս շատ շատ մեծ ու խնդրահարույց է ու հնարավոր չէ մեկ երկու էջով ամբողջացնել և՛ թերությունը և՛ շտկելու տարբերակները, այլ միայն կարող ենք փորձել, թե ինչ է կատարվում ու ով ինչպես է փորձում օգտվել այդ վիճակից:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ընդդիմադիրները կրկին հայտարարում են, որ բուհերում խայտառակ վիճակ է ու որակը իջնում է, ակամայից հիշում եմ նախորդ տասնյակ տարիները, երբ նրանք բոլորը հնարավորություն ունեին կանխելու կրաթական որակի այսպիսի ողբալի իջեցումը, բայց դրա մասին միայն հիմա են հիշել: Բոլորն էլ գիտեն, որ այսօր ՀՀ ոչ մի համալսարանի դիպլոմ գրեթե արժեք չունի ամերիկյան ու եվրոպական ոչ մի առաջատար բուհում ու այսքանով էլ պետք է փակել բուհի լավ ու վատ լինելու համեմատությունը կամ կրթության որակի ցածր կամ բարձր մակարդակը: Ես ինքս, չլինելով կրթության փորձագետ, բայց լինելով բարձրագույն կրթություն ստացած մարդ, շատ լավ տեսնում եմ մի շարք խնդիրներ, որ ո՛չ նախորդներն են լուծել, ոչ էլ հիմա եմ տեսնում դրա լուծմանը նպաստող գործողությունները:

Սահմանափակվեմ այսքանով: Կրթության մասին օրենքը պիտի լինի ընդունված ու մշակված միայն և միայն մասնագետների կողմից, այլ ոչ թե քաղաքական  գործիչների, որոնց նպատակը իրար սևացնելով օգուտ քաղելն է: Այսօր նրանցից շատերը, որ նույնիսկ նորմալ չեն էլ տիրապետում իրավիճակին, անցել են անձնական վիրավորանքների մակարդակի ու մեկը մյուսին ինչ որ բռնաբարություն է հիշեցնում, իսկ այդ մեկը մյուսին մեղադրում հոգեկան հիվանդ լինելու մեջ: Ու այդպես շարունակվում է այս անտրամաբանական շղթան: Բոլորը մեղադրում են բոլորին ու իրար չլսելով առաջ խոթում «փրկության» իրենց տարբերակը ու գոռում.

-Հաղթելո՛ւ ենք:

Ո՞ւմ, ինչպե՜ս…ա՜հ, կարևոր չի: Կարևորն այն է, որ այսքանից հետո արդեն անհնար է դառնում հասկանալ, թե ով է ուզում ում հաշվին ինչ դառնալ: Ու այս ամբողջ աղմուկից գլուխս բռնում եմ ու շշնջում. «Վա՜յ էն երկրին, որին բոլորը փրկում են»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *