Հակոբ Բադալյան
Ոնց երեւում է՝ Վրաստանի դեմ արշավը շարունակվում է: Անկասկած, մենք կուզենք, որ Վրաստանը լինի ամբողջությամբ մեր պատկերացրած վարքագծի մեջ: Բայց կան իրողություններ եւ առնվազն պատերազմի պահին մենք պետք է հաշվի առնենք դրանք: Ակնհայտ է, որ դրված է Հայաստանի ինքնուրույն դիմադրության հարցը եւ նկատելի ճնշում, որ մենք ստիպված լինենք օգնություն խնդրել, ընդ որում ասեմ՝ կարեւոր չէ, թե ումից, թեեւ այս դեպքում ակնառու է Ռուսաստանի հանգամանքը՝ ինչպես միշտ:
Ահա այդ համատեքստում միանգամայն պարզ է, թե ու՞մ կարող է ձեռնտու լինել հայ-վրացական որեւէ լարում, որը կարող է հանգել Վրաստանի տարածքում հակահայկական դրսեւորումների համար հող նախապատրաստելուն եւ Հայաստանին գործնականում նաեւ տնտեսական պատերազմ հայտարարելուն: Դա կարող է ձեռնտու լինել Թուրքիային, Ադրբեջանին եւ Ռուսաստանին: Հայաստանին՝ երբեք:
Կլուծենք այս մարտահրավերի հարցը, հետո արդեն հանգիստ պայմաններում կխոսենք վրացիների հետ: Առավել եւս, ասեմ մի բան էլ՝ Հայաստանի համար անհրաժեշտ սպառազինության տարբեր տեսակներ Վրաստանի տարածքով պարբերաբար եկել են, առանց բարձրաձայնելու: Մի բան էլ՝ Վրաստանում հանրությունը օգոստոսյան պատերազմից հետո շատ զգայուն է Ռուսական հարցերում, էնտեղ ռուսական որեւէ անգամ կիսառազմական բան հայտնվելը հղի է քաղաքական իշխանության դեմ մեծ արշավով: Վրաստանի այսօրվա քաղաքական իշխանությունը մեզ համար ամենացանկալին է, որ կարող է լինել էնտեղ եղած հնարավորություններից: Իսկ էդ իշխանությունը այժմ ընտրական գործընթացի մեջ է եւ մի կողմից մեծ ռիսկ է իր դեմ տրամադրել Սահակաշվիլու իշխանության շրջանից ուժեղացած թուրք-ադրբեջանական ազդեցությունը եւ հակառուսական ուժերը, որոնք հաճախ Վրաստանում նույն սեգմենտն են:
Իսկ մեզ համար կարեւոր է, որ էս ընթացքում Վրաստանը շարունակի լինել Հայաստանի համար տնտեսական անխափան կոմունիկացիա եւ Վրաստանում իշխանությունը պահի այսօրվա ուժը: Մենք պետք է կարողանանք ոչ միայն լավ եւ վճռական կռվել, մարտ վարել, այլեւ մտածել ու ռազմավարական քաղաքականություն կառուցել: