Ազատ բեմ

Հայ աղջկա մտքերից…

Սաթենիկ Մնացականյան

Հիմա, երբ Հայաստան աշխարհն էլի կենաց ու մահու կռվի է բռնվել վայրի ցեղերի դեմ, ես կրկին ու կրկին տեսնում եմ, որ իմ հրաշալի ժողովուրդը խելահեղորեն միասնաբար պայքարի է ելել իր հոգու ու մարմնի թշնամու դեմ: Հիմա, երբ սահմանին կանգնած թշնամին կատաղորեն իր ժանիքները սրել ու ճանկերը երկարում է դեպի իմ երկիր, ես հպարտությամբ եմ տեսնում, որ ընդամենը 18-20 տարեկան տղաները քաջությամբ (բառիս հայկական իմաստով) կանգնած են վայրագ ցեղերի դեմ, այնպես ինչպես 2016թ, այնպես ինչպես 90-ականներին, այնպես ինչպես 1918թ, այնպես, ինչպես միշտ է եղել: Ու ես տեսնում եմ, որ այսօր հայ երիտասարդների մի մասն իր արյան գնով սահման է պահում, իսկ այստեղ՝ թիկունքում մնացյալ երիտասարդները նախանձելի կամքով աշխատում են առավոտից երեկո՝ թե մեդիա դաշտում, թե՛ զինվորին օգնություն հասցնելու, թե մնացած բոլոր առումներով: Թե ինչպես է Սփյուռքը դառնում բռունցք, ամեն մեկն իր կռիվն է տալիս, մեկը՝ զենքով, մյուսը՝ ուտելիք ու դեղ հասցնելով, մեկը՝ աշխարհին այս ամենը ներկայացնելով, մի ուրիշը՝ վերլուծելով ու բացատրելով:

Ես նաեւ տեսնում եմ, որ ինձնից երիտասարդ ու իմ տարիքի իմ պես շատ ու շատ աղջիկներ աշխատում են՝ իրենք իրենց չխնայելով: Ու երբ տեսնում եմ 16 տարեկան աղջնակին, ում ձեռքերը կապտել են անվերջ բեռ տեափոխելուց ու աչքերը՝ կարմրել իրեն անծանոթ զինվոր եղբոր համար ուտելիք ու դեղ փաթաթելուց, հասկանում եմ, որ սա է այն երանելի ազգը, այն երանելի երկիրը, որի մասին կարդացել ու որի մասին պատմել են:

Ու ես գիտեմ, որ թե՛ ես ու թե այդ բոլոր փխրուն ու նուրբ կազմվածքով աղջիկները, որ կարմրում են անծանոթ տղայի հայացքից, վագրի պես մարտի կնետվեն հենց հանուն այդ անծանոթ տղայի: Բայց ես մի բան էլ գիտեմ, որից սիրտս եւ՛ կուչ է գալիս, եւ՛ ուռչում հպարտությունից: Դա այն է, որ իմ ազգի երիտասարդ տղան երբեք չի թողնի, որ իմ կռվելու հերթը հասնի: Հայ տղաները հպարտ են, պատվասեր ու նախանձախնդիր: Չկասկածե՛ք, ես ու իմ նման տասնյակ հազարավոր աղջիկներ, որ այսօր ուտելիքի արկղն ու դեղի սրվակն ենք բռնել, վաղը պատրաստ ենք դաշույն ու հրացան բռնելու: Ոչի՜նչ, որ մեր մատները ավելի հարմար են նկարելու ու ստեղծագործելու համար: Նրանք կարող են երկաթ ծռել:

Իմ անծանոթ ու հարազատ զինվոր եղբայր: Ես գիտեմ, որ քո արյան ու կյանքի շնորհիվ եմ այսօր ողջ ու ապահով: Ես քեզ վաղը էլի ուտելիք ու դեղ կուղարկեմ, միայն թե դու ապահով եղիր ու վերադարձիր: Ես գիտեմ, որ դու կկռվես երեք հոգու փոխարեն, կկռվես 50 հոգու դեմ, միայն թե ես դառնություն ու դժվարություն չունենամ, բայց ես չեմ կարող ձեւացնել, թե այդպես ճիշտ է, բայց գիտեմ, որ դու այնքան խելառ ես, որ նույնիսկ վիրավոր մարմնիդ վերքը թաքցնում ես, որ ես նույնիսկ դա չտեսնեմ, որ չմտածեմ, թե քեզ կարողացել են խփել:

Իմ ասպետի պատվով կոփված անծանոթ եղբայր, իմացիր, որ այստեղ քեզ սպասում են քո հազարավոր անծանոթ քույրերը ու մենք պատրաստ ենք ներել քեզ քո հպարտությունն ու նվիրվածությունը, միայն թե դու անվնաս ետ արի:Քո անծանոթ մի քրոջից, ով անհամբեր սպասում է, որ դու հետ կգաս լեռան պես հպարտ ու լեռան պես անպարտ:

Մենք մի ազգ ենք,ով`հայրենատեր է ,լինի Հայաստանում ,Արցախում թե Սփյուռքում:

#Հաղթելուենք

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *