Հրանտ Տէր-Աբրահամեան
Թշնամում չթերագնահատելը (նաև, իհարկե չգե՛րագնահատելը) ցանկացած պայքարի կարևորագույն պահանջներից է, առավել ևս՝ «պայքար մինչև վերջ»՝ պատերազմի:
Գրել եմ մի անգամ դրա մասին, բայց հիշացնելու կարիք միշտ էլ կա: Թշնամին մեզ թերագնահատեց:
Բայց մենք էլ շարունակում ենք թերագնահատել:
Հատկապես կարևոր է դուրս գալ՝ Ալիևը, Էրդողանը գիժ են, գժվել են, խելառ էն պոպուլյար, ջրիկ և ոչինչ չբացատրող տեսակետներից: Դրանք թույլատրելի են կենցաղային մակարդակում, բայց ոչ՝ վերլուծական:
Քաղաքականության և պատմության մեջ գժի վարկածը ամենաքիչ արժեք ունեցողն է: Նման պատկերացումները թուլացնում են, եթե դուրս են գալիս սովորական կատակի, թշնամու վրա կայֆ բռնելու սահմաններից:
Ալիևը գիժ չէ:
Այո, նա դրել է շատ բարձր խաղադրույք և խաղում է՝ ամեն ինչ կամ ոչինչ խաղը: Բայց դա ինքնին գժություն չէ, այլ խաղի տեսակ: Թե՛ սովորական խաղում, թե՛ պատերազմում կանոն է՝ շատը վերցնելու համար, պետք է շատը դնես: Առանց մեծ ռիսկի չես կարող մեծ հաջողության հասնել: Սա աքսիոմ է և չի հակասում բանականությանը: Կան իրավիճակներ, որ ռիսկով խաղն է ճիշտ, կան՝ երբ զգույշը: Ունիվերսալ կանոն չկա:
Ալիևը, Էրդողանը՝ գժեր չեն: Նրանց հաղթելու համար սա պետք է հասկանալ:
Պետք է հասկանալ նրանց իրական հաշվարկներն ու մոտիվացիաները: Քանի թուրքերը վտանգում են Լաչինի և Շուշիի ուղղությունները, նրանց ռիսկն ու «գժությունը» արդարացված են: Նրանք կդառնան բանկրոտ, եթե մե՛նք կարողանանք պահել ու դիմանալ այդ ուղղությունների վրա: Ռազմականն եմ ասում, քաղաքականին էս պահին չեմ անդրադառնում՝ դա առանձին բաղադրիչ է:
Եվ Ալիևը չունի սեփական երկրում երկրորդ ճակատ: Նրան սպառնացող դժգոհությունը երկրի ներսում կարող է միայն տարրերայն լինի: Եվ դա էլ այն պահից՝ երբ մենք կարողանանք տևական ժամանակով կայունացնել ճակատը:
Կազմակերպված դիմադրություն երկրի ներսում նա չունի: Ադրբեջանում չկան էլիտար խմբեր, որոն պատերազմի առաջին օրերից խաղադրույքը դրել են սեփական երկրի պարտության վրա, և կազմակերպված քարոզչություն են անում այդ ուղղությամբ:
Չկան խմբեր, որոնք դեռ պատերազմից առաջ իմանալով պատերազմի մասին, պատրաստվել են իշխանափոխության:
Ջայլամի տեղ մեզ չդնենք՝ էլիտաների մի զգալի մասն այդ ուղղության մեջ է: Սա նույնպես պետք է սթափ անվախ գնահատել: Ավելի լավ է իմանաս հիվանդությունդ, քան ձևացնես, որ խնդիր չունես:
Միջազգային ասպարեզում թուրքերը նույնպես հաշվարկած ռիսկի մեջ են:
Ալիևն ընտրել է իր դաշնակցին, դրա հետ կապված բոլոր ռիսկերը, և խաղում է նաև այդ ռիսկային խաղը:
Եվ առայժմ այդ խաղում էլ, թեև կորուստներ կրում է, բայց ռիսկն արդարացված է, քանի դեռ կորուստները դանդաղ են ու առայժմ արդարացված:
Ի վերջո, եթե նա հասնի իր նպատակներին, այդ կորուստները հետո կկարողանա հետ բերել:
Չի կարելի թերագնահատել թշնամուն: Նա համարձակ, ու միաժամանակ հաշվարկած խաղ է խաղում: Կարող է պարտվել: Բայց միայն լրիվ բեխաբարները կարող են մտածել, որ հնարավոր է խաղալ՝ առանց պարտվելու վտանգի:
Մենք կարող ենք նունիսկ որոշ չափով սովորել մեր թշնամիներից: Ինչպես ժամանակին սովորելու շատ բան ունեցել ենք: Օրինակ, Քեմալից, որի մասին գրել եմ: Մերոնցից չենք սովորում, կարող ենք գոնե թշնամիներից սովորենք:
Հաղթելու համար թուրքական խաղը պետք է լինենք համառ, սառնասիրտ, խելոք ու չար:
Ոչ մի դեպքում չպետք է լինենք միագիծ, միալար, միաշերտ, մի քայլանի, բարի, անհոգ:
Պատերազմի տրամաբանությունը տրամագծորեն հակառակ է սովորական, կենցաղային տրամաբանությանը՝ այս թեզի ապաուցմանը նվիրված է ժամանակակից լավագույն տեսաբաններից մեկի՝ Լյոտվակի «Ստրատեգիա» գիրքը:
Եթե դա ժամանակին կարդային մեր էլիտաները, շատ խնդիրներ նախապես լուծած կլինեինք:
Ցավոք, պատերազմն է հանում մեզ թմբիրից, ինչպես դա եղել է բազմաթիվ այլ ծույլ, անհոգ, աչքերը ճպճպացնող հանրությունների հետ:
Եթէ Ալիևը խելօք գժի տեղ է դրել իրան, որովհետև թիկունքին ունի հզօր Թուրքիան գումարած տէռօրիստները: Հէնց դրա համար թքած ունի աշխարհի բոլոր կանոնների վրայ: Մերոնք թէև զօրաւոր հարուած են տուել թշնամուն, սակայն նորէն փորձում ենք Յիսուս Քրիստոսի դերում մնալ, որ մեր խաչուելով աշխարհը փրկենք: Այսպէս չէ, այլևս 2000 տարի առաջուայ մարդը չէ այսօր: Կործանուեց մի ամբողջ քաղաք ու մնաց առանց բնակչութեան, տակաւին մերոնք փորձում են միջազգային նորմերի վրայ մնալ: Մինչ այսօր կարող էինք ամբողջ նաֆտահորերը խփած լինէինք և կը տեսնէինք թէ ինչպէս Եւրոպան գլուխը կորցրած վազում ու ընկնում Ալիևի որքերը: Մենք պէտք է Եւրոպայի, յատկապէս Անգլիայի ցաւոտ մասը զարկէինք, որ ձայն բարձրացնէին: Այս էլ թող լինէր մեր գիժ կողմը: