Հրանտ Տէր-Աբրահամեան
Սրանից գրեթե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920-ի նոյեմբերի 7-ին զինադադար կնքվեց Հայաստանի և Թուրքիայի միջև։ Ըստ թուրքական վերջնագրի՝ զինադադարի պայմաններից էր Ալեքպոլի կամավոր հանձնումը թուրքերին, ինչն էլ արեցին հայկական զորքերը՝ դուրս գալով քաղաքից և դիրքեր զբաղեցնելով քաղաքից արևելք ու հարավ։
Հայ բոլշևիկների համար Ալեքպոլում տոն էր։ Նրանք ոգևորությամբ դիմավորում էին թուրք ասքյարներին, որոնք ըստ իրենց ազատություն էին բերում «դաշնակցական հանցավոր կառավարությունից», որն ըստ իրենց՝ պատերազմի մեղավորն էր: Դե, իհարկե, հո թուրքերը հենց էնպես չեն հարձակվի հայերի վրա՝ հայը պետք է մեղավոր լինի, որ միանգամից չհանձնվեց:
100 տարի անց մեզ զարհուրելի է թվում այս մտածողությունը, բայց երբ ուղեղի փոխարեն քարոզչությունն աշխատում է մարդու պարզունակ զգացմունքների վրա, ապա ամեն կուտ էլ ուտվում է, իսկ հետոն՝ կարևոր չէ։ Քարոզչության խնդիրը՝ մի օրվա հաց ապահովելն է:
Ոչ միայն բանիվ, այլև գործով՝ ոգեշունչ բոլշևիկները կամավորապես գտնում ու հանձնում էին թուրքերին այն հայերին, որոնք իրենց կարծիքով առավել աչքի էին ընկել որպես պատերազմի ընթացքում։ Սա մեր պատմությունն է, սա եղել է մեզ հետ։
Միամիտ ժամանակներ, երբ մարդիկ շատ ավելի բաց էին նույնիսկ իրենց դավաճանության մեջ։
Զինադադարը տևեց մոտ մեկ շաբաթ։ Նոյեմբերի 15-ին պատերազմը վերսկվեց՝ մի քանի օր անց նորից ու վերջնական ավարտվելու համար: Հայկական բանակի այն հատվածը, որը Կարսից էր դուրս եկել, այդպես էլ չկռվեց, իսկ մարտունակությունը պահած զորմասերը՝ Սեպուհի, Սմբատի, Դրոյի հրամանատրությամբ չէին կարող իրավիճակ փոխել այդ պայմաններում։ Քաղաքական ղեկավարությունն էլ պահը բաց էր թողել՝ բեկում մտցնելու։ Ինչո՞ւ՝ ինձ համար մնացել է գաղտնիք: Նոր Սարդարապատ չեղավ:
Մենք ցայսօր ապրում ենք այդ դառը պարտության հետևանքների պայմաններում: Փակված ենք այն վանդակի մեջ, որը ստեղծվել է դրա արդյունքներով: Ի վերջո, Ղարաբաղի խնդիրն էլ, թեև ոչ անմիջականորեն, բայց այս իրավիճակի հետևանք է:
100 տարի անց մեզ շանս է տրված՝ գոնե մասամբ դուրս պրծնել այս վանդակից: Դրա համար պետք է դիմանանք ու հաղթենք: Մեր սերունդներին շնչելու տեղ թողնենք: Ու հնարավորություն՝ մեր չափ անհոգ ու ախմախ կերպով չվատնել մեզ տրված խաղաղության տարիները։