Արայիկ Մկրտումյան
Այն, որ Արցախի հարցը վաղուց էր դուրս եկել զուտ հայ-ադրբեջանական լոկալ կոնֆլիկտի սահմաններից, վաղուց էր պարզ: Դա նույնիսկ մինչխորհրդային ժամանակներում էր այդպես, երբ 1919թ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում էր քննարկվում Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ, որ Ազգերի Լիգան մերժում էր Ադրբեջանի անկախությունը արցախյան հարցի չկարգավորման պատճառով: Ինչևէ, հարյուրամյա այս կոնֆլիկտը 2020թ. վերջնական սրումն ունեցավ ու այս պահին ոմանք հակված են այն ավարտված համարելու, քանի որ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին անցան արցախյան պատերազմի ընթացքում գրավված հայտնի «յոթ շրջանները» և մի բան էլ ավելին: Բայց այս հարցը ուրիշ չերևացող կողմեր էլ ունի:
Կարելի է ասել, որ Արցախում Ադրբեջանին սատարեցին Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելը: Բայց ամեն ինչի մասին հերթով:
Թուրքիան
Թուրքիայի պահը լրիվ պարզ է: Թուրքերը մշտապես հայտարարել են, որ կանգնած են իրենց եղբայրների կողքին և այս պատերազմում դա հատկապես երևաց, երբ թուրքերն ամեն ինչով օգնեցին ադրբեջանցիներին՝ ներառյալ հազարավոր ահաբեկիչներ, ռազմական ղեկավարներ, զենք-զինամթերք, դիվանագիտական անվերապահ աջակցություն:
Իսրայել
Իսրայելը աչքի ընկավ զենքի ակտիվ վաճառքով Ադրբեջանին: Ու հատկապես նկատելի էր պատերազմի օրերին, երբ օրական կտրվածքով մի քանի ինքնաթիռ էր իջնում Ադրբեջանի տարածք (թեև Վրաստանը պարզ հայտարարել էր, որ իր տարածով զենք և զորք չի անցնի, բայց բոլորս էլ շատ լավ ենք պատկերացնում, թե ինչ արժի այդ հայտարարությունը, երբ Վրաստանը շնչահեղձ է լինում առանց ադրբեջանական նավթի): Իսրայելը հայտարարեց, որ ինքը ազատ է զենք վաճառելու հարցում և ոչ մի միության կամ կազմակերպության մեջ չկա ու որևէ օրենք չի խախտում ու դա ընդամենը բիզնես է: Հարցի բարոյական կողմը թողնենք: Դա երբեք դեր չի խաղացել: Բայց Իսրայելը ինչո՞ւ է այդքան կարևորում այդ վաճառքը: Իհարկե բիզնեսը՝ բիզնես, բայց միթե՞ Ադրբեջանը միակ երկիրն է, որին Իսրայելը կարող է զենք վաճառել: Իհարկե ոչ, մանավանդ, որ իսրայելյան զինտեխնիկան աչքի է ընկնում բարձր ցուցանիշներով: Իսրայելը հաճախորդների պակաս չունի, բայց և այնպես նա ընտրեց Ադրբեջանին: Եվ այնպես էլ չէ, որ իսրայելյան տնտեսությունը շնչում է միայն Բաքվի նավթադոլարներով: Ուրեմն ինչո՞ւ Իսրայելն ամեն դեպքում ընտրեց Բաքվին: Պատասխանն իրականում շատ պարզ է, բայց ամբողջական լինելու համար նախ դիտարկենք ևս մի երկիր:
ԱՄՆ
Եթե ուշադիր նայում ենք ԱՄՆ գործողություններին, ապա դրանք սահմանափակվում են պաշտոնական կոչերով, հորդորներով ու ցավակցություններով: Ու նաև ԱՄՆ կողմից հրադադարի ռեժիմի հաստատումով, որը տևեց ընդամենը երեք, չորս րոպե: Կարելի է ասել, որ ԱՄՆ գործողություններն ոչ մի հստակ փոփոխություն չմտցրին արցախյան հարցում: ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ լռություն պահպանեց: Իսկ ինչո՞ւ: Մի շատ պարզ պատճառով:
Իրանին հարվածեցին Արցախում
Իրանը ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է: Ամերիկա-իրանական կոնֆլիկտը արդեն երկար տարիներ է, ինչ լարվածության մեջ է պահում տարածաշրջանը: Նրանք երկուսն էլ միմյանց մեղադրում են հնարավոր ու անհնար ամեն ինչում, բանտարկում միմյանց նավերն ու փորձում վնասել ով ինչով կարող է:
Հենց այստեղ էլ հայտնվում է Ադրբեջանը: Ադրբեջանը Արցախում հաջողության հասավ հատկապես Թուրքիայի շնորհիվ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ մի կերպ չկարողացավ որևէ բան փոխել, մինչև որ Էրդողանը ռուսներից քարտ բլանշ ստացավ: Նա կարող էր մուտք գործել Ադրբեջան: Ու դրա գլխավոր թագն ու պսակը այսպես կոչված «Մոնիթորինգային կենտրոնի» ստեղծում է, որը պիտի տեղակայվի Ադրբեջանի տարածքում: Իսկ եթե հաշվի առնենք, որ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն այժմ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ է (յոթ շրջանները, ներառյալ ԼՂԻՄԻ մաս կազմող Հադրութի շրջանը), ապա անհնար չի լինի այն, որ այդ կենտրոնը հենց արցախյան տարածքներում էլ տեղադրվի: Ի դեպ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Թուրքիան մեծ քանակի մահմեդականների է մտադիր բերել ու բնակեցնել այդ տարածքներում:
Չպետք է մոռանանք, որ Թուրքիան նախ և առաջ ՆԱՏՕ-ի անդամ է ու մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ֆինանսավորում է ստանում ԱՄՆ-ից: Իսկ ԱՄՆ-ն և Թուրքիան ծայրաստիճան լարված են Իրանի հետ: Իրանի հետ լարված է նաև Իսրայելը: Թուրքիային ֆինանսավորում է ՆԱՏՕ-ն, իսկ Ադրբեջանն օգնում է Իսրայելին Իրանի դեմ լրտեսության մեջ՝ թույլ տալով իսրայելյան Մոսսադին գործել Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից:
Եկեք մի բան մեկնդմիշտ ֆիքսենք ու անցնենք առաջ: Երբ Իսրայելը ինչ որ բան է անում, դրա մասին Վաշինգտոնում ավելի շուտ գիտեն (ծայրահեղ դեպքում առաջինն են տեղեկանում): Դրա ապացույցները անհաշիվ են: Թեկուզ Գոլանի պահը, երբ Իսրայելը պարզապես ռազմակալեց այդ բարձունքները, ԱՄՆ-ն անմիջապես այդ տարածքները ճանաչեց իսրայելական, կամ Թրամփի կողմից Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելու աղմկալից բանաձևը: Նույնիսկ քաղաքական հումոր ստեղծվեց, որը նշում է, թե Իսրայելը ստիպված գրավել է Գոլանը, որովհետև Թրամփը դրանք ճանաչել էր իսրայելական: Հումոր, բայց բավական շատ բան է ասում: Բոլորը սպասում էին, որ Թրամփը ինչ որ կոշտ քայլեր կձեռնարկի Իրանի դեմ մինչ նահագահի պաշտոնը թողնելը, ինչպես նաև կանխատեսումներ կար, որ գուցե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային կետերին: Հաշվի առնելով առկա լարվածությունը, դա այնքան էլ անհնար բան չէր: Ու եթե հաշվի առնենք օրերս ինչ կատարվեց, կարելի է ասել, որ դա տեղի ունեցավ, միայն թե ոչ այնպես, ինչպես սպասելի էր: Իրանում սպանվել է Մոհսեն Ֆահրիզադեն, Իրանի ամենահայտնի ու առաջատար միջուկային ֆիզիկոսը: Նրան անվանում էին «Իրանի միջուկային Սուլեյման», «Իրանի միջուկային պոտենցիալի հայր»: Ակներև է, որ այս հարվածը շատ ուժգին էր ու ցավոտ: Իրանը խոստացել է վրեժ լուծել: Այս սպանությունն ավելի մեծ հարված էր, քան միջուկային տարածք պայթեցնելը: Սրանով հարված հասցվեց հենց ուղիղ իրանական միջուկային պոտեցիալին: Եվ մի բան էլ. Ֆահրիզադեն արդեն չորրորդ միջուկային ֆիզիկոսն է, ով սպանվում է ամերիկա-իսրայելյան դաշինքի կողմից: Նշվում է, որ մարդասպանները Իրան են ներթափանցել Ադրբեջանի տարածքից: Կարելի է կարծել, որ արցախյան պատերազմի ընթացքում նրանց մի մասը իրոք փոխադրվել է Իրանի տարածք: Բոլորովին չեմ զարմանա, եթե հայտարարվի, որ Ֆահրիզադեի սպանության «մեղավորները» այդ նույն սիրիացի ահաբեկիչներն են, որոնց Թուրքիան վարձել էր ամսական 600-2000 ԱՄՆ դոլարով:
Ի՞նչ կատարվեց
Ադրբեջանը ստացավ իր երազած յոթ շրջանները, Թուրքիան մեծապես ամրացրեց իր դիրքերը (հատկապես, որ Մեղրիի վրայով Նախիջևանին կապող ճանապարհ պիտի գործի), Իսրայելն ու ԱՄՆ-ը չեզոքացրեցին Իրանի միջուկային վտագի աճող տեմպը, Իսրայելը նաև լավ փող աշխատեց զինավաճառությունից: Դե իսկ ՌԴ-ն էլ մի ամբողջ հզոր ռազմաբազա է տեղադրել Արցախում (ոչ պաշտոնական վարկածներով շրջանառվում են մոտ 25 հզր. զինվորի մասին լուրեր), այնտեղ բերելով ռադիոլոկացիոն նորագույն գերհզոր համակարգեր, և ըստ էության, վերահսկելով ոչ միայն Արցախի Հանրապետթյան մնացյալ հատվածը, այլև ողջ տարածաշրջանը, քանի որ այն ինչ ՌԴ-ն իր հետ բերել է Արցախ, դրան գումարած նաև ՀՀ-ի 102-րդ ռազմաբազան ու ռազմական ավիացիան, կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն Հարավային Կովկասի մոխրագույն կարդինալն է:
Իրանը կորցրեց իր միջուկային ֆիզիկայի ու իր միջուկային պոտենցիալի գլխավոր դեմքերից մեկին: Իրանը խոստացել է վրեժ լուծել ու պաշտոնապես մեղադրում է ԱՄՆ-ին ու Իսրայելին: Իսկ հայ ժողովուրդը և՛ տվեց հազարավոր զոհեր, և՛ կրեց ահռելի տնտեսական վնասներ, և՛ կորցրեց իր հայրենիքի մի մասը:
Ի՞նչ սպասել այս ամենից
Արդեն նշեցինք, որ արցախյան այս պատերազմը լակմուսի թուղթ է, որում ըստ էության կողմերը և՛ իրենց նորագույն զնեքը փորձարկեցին՝ Արցախը հրաձգարանի վերածելով ու կողմերը մի անգամ էլ ուժերի վերադասավորում կատարեցին ու պատրաստվում են երկրորդ ռաունդին:
Ցավով պետք է նշել, որ հայ ժողովրդի կյանքը որպես հաղթաթուղթ է օգտագործվել Թուրքիայի, ՆԱՏՕ-ի, Իսրայելի / ԱՄՆ-ի և Ադրբեջանի բանակցություններում: Իրանին վնաս հասցնելու գնով Միացյալ Նահանգները, Իսրայելը և Թուրքիան թույլ տվեցին նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի, նրա պատմության, ինքնության, մշակույթի և ապագայի նկատմամբ: Ռազմական մեքենան չի կանգնեցվել, չէ, հայ ժողովուրդը վճարել և վճարելու է դրա համար:
Հստակ է միայն մի բան. լարվածությունը միայն ուժեղանալու է: