Հայաստան

Դավաճանությունը Հեղափոխության Օրակարգում

Գարեգին Միսկարյան

Մեծ կորուստներ ունեցանք, որի մեջ, ինչ խոսք, մի կողմից երեսուն տարի պետականությունը մսխելն էր, բայց մյուս կողմից էլ 2018-ին համակարգը մերժելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հնարավորություն տվեց հեղափոխության հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին շտկելու իրավիճակը, որը նա չարեց։ Ոչ թե լավ չարեց, ոչ թե չհասցրեց այլ հեղափոխությունը հռչակվեց իշխանափոխություն ու բառացիորեն համակարգային ոչ մի փոփոխություն չարվեց։ Պետությունը ինչպես որ կար` չկայացած, էդպես էլ մնաց ու Նիկոլի ամենամեծ մեղքը դա է, դա է իրական դավաճանությունը` դավաճանությունը հեղափոխության օրակարգին, հեղափոխական արժեքներին, դավաճանությունը փողոց դուրս եկած մարդկանց։ Շատերը կարող է չպատկերացնեին, որ մեր խնդիրները անձերով չեն պայմանավորված, բայց պետության ղեկը ստանձնելու պատրաստակամություն հայտնած մարդը չէր կարող դա չհասկանալ, իսկ հասկանալով չանելը հենց դավաճանություն էր։

Ներկայացված 15 կետանոց ճանապարհային քարտեզը շարունակում է մնալ Նիկոլի կառավարության «հրշեջի» դերի տրամաբանության մեջ` երբ իրենք խնդիրը չլուծելով խորացնում էին (օրինակ` ՍԴ) և ապա «հերոսաբար» պայքարում էդ խնդրի դեմ։ Առանցքային շոշափելի ոչինչ չկա դրա մեջ ու չէր էլ կարող վեց ամսում ու էս խառը վիճակում ինչ որ բան լիներ։

Բայց մեծագույն խնդիրը ստեղծված անորոշությունն է։ Էդ վեց ամսվա քարտեզը, ընդամենը տարանջատում է անորոշության մի փուլը (մինչև վեց ամիսը), անորոշության մյուս փուլից (վեց ամիս հետքից), իսկ քանի որ անորոշությունը մնում է անորոշություն, իսկ մարդիկ չեն կարող հույս կապել անորոշության հետ, ապա վեց ամիս հետո ու նաև էդ ընթացքում ճգնաժամերը ավելի են խորանալու։ Մարդկանց մեջ հույս պիտի արթնանա, ապագայի հանդեպ, լույս պիտի տեսնեն, պիտի տեսնեն թե վեց ամիս հետո ուր ենք գնում և ինչպես։ Դրա մասին խոսք չկա…

Բայց խոսք կա հակառակի մասին. խոսք կա, որ պատերազմական վիճակից ելնելով Ամուլսարում սկսել են լայնածավալ աշխատանքներ։ Ու խնդրում եմ Նիկոլին, թող ինձ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, բացատրի, որ եթե էդ լուրերը հանկարծ ճիշտ լինեն, ու պարզվի, ես` կրկնակի պարտվածս, ինչպես եմ ապրելու էս երկրում։ Այո, գուցե ոսկու շուկայական գինը բարձրացել է, բայց դրանից հանքի շահագործմանը հետբկապված ռիսկերը չեն նվազել ու հետևաբար, եթե հանքը շահագործվեց, 500 տարով խորացնելու է էս երկրի հետ կապված անորոշությունը։

Շատ կուզենայի, որ առաջիկա օրերին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ը խոսեր Ամուլսարի մասին և հայտներ կառավարության դիրքորոշումը։ Հանքը ասեղ չի, որ դեզի մեջ պահվի։ Վաղ թե ուշ ամեն ինչ հայտնի է դառնալու, ու եթե պարզվի, որ պատերազմական վիճակից օգտվել ու հանք եք շահագործել, դա կլինի երկրորդ դավաճանությունը։ Ու կապ չունի, թե քանի հոգի ու ինչ խստության պատասխան կտան դրա համար, ցավը էն է, որ ինչպես պատերազմում մարդկային կորուստները, էնպես էլ հանքի հետևանքները վերացնելը անհնար են։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5532629260096411

Մեր Ուղին Հարթակը կիսում է կայքէջում տեղ գտած տեսակետները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *