ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Այս պատերազմում, որն արդեն ունի իր անվանումը` Երկրորդ Արցախյան պատերազմ, մենք կրեցինք շատ ցավոտ ու խոշոր պարտություն: Ունեցանք հինգ հազարի կարգի զոհեր` հիմնականում 18-20 տարեկան և նույն տարիքի հազարավոր հաշմվածներ և բազմաթիվ անհետ կորածներ: Արցախյան հատվածում հայկական վերահսկողության տակ գտնվող 12000 քառ. կմ տարածքից թշնամուն զիջվեց մոտ 10000 քառ.կմ, հիմա էլ բզկտվում և տարբեր չափի կտորներ են պոկվում Սյունիքից:
Այս օրերին տարբեր կողմերից` հենց հայկական շրջանակներում , կարելի է լսել, թե «ոչինչ, ամեն մի պարտություն իր մեջ պարունակում է վերածնունդի նախադրյալներ»: Ընդհանուր առմամբ, ճիշտ է ասված. օրինակ, հետպատերազմյան Գերմանիան, Ճապոնիան… Բայց, միշտ չէ, որ այդպես է: Օրինակ Կարթագենը Հռոմի ձեքով կործանվելուց հետո այլևս երբեք ոտքի չկանգնեց և առհասարակ անհետացավ պատմության թատերաբեմից:
Այսօր, մեր պարագայում, բարեբախտաբար Կարթագենի դեպքի կրկնությունը չէ: Բայց անենք վերապահում` դեռևս: Գերմանիայի և Ճապոնիայի դեպքերն էլ չեն. պատերազմում պարտվելը դեռևս բավարար պայման չէ ազգային ու պետական վերածննդի համար: Այդ վերածնունդն իրականացնում են կոնկրետ ազգերը և բոլորը չեն, որ ընդունակ են նման վերափոխման ու առաջընթացի: Պատկերավոր ասած, ամեն ազգ չէ, որ գերմանացի է կամ ճապոնացի:
Մեր պարագայում, պարզապես` մենք մենք ենք: Ճիշտ է, հնչում են կարծիքներ, տարվում է բացահայտ քարոսչություն, որ բացի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հայերիս համար ուրիշ փրկության ելք հնարավոր չէ գտնել: Այսինքն, «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» կարգախոսը ավելի է խորացվում: Կողքի հետ էլ առավել «հայասեր» ռուս գործիչները ապագայի համար մեզ վերապահում են տարածաշրջանում «ռուսական իսրայելի» պատվավոր դերակատարում:
Բայց պատերազմում պարտվելու ընկճվածության հետ մեկտեղ հայության դեմ չդադարող ու նույնիսկ թեժացող քարոզչական ու տեղեկատվական տեռորի ֆոնին առկա են նաև հուսադրող պարագաներ ու գործոններ:
Առաջինն այն է, որ այս պարտությունն ու չափազանց ցավալի կորուստները ժողովրդին չմատնեցին խուճափի, չհասցրեցին կործանվածության վիճակի, չբերեցին, պատկերավոր ասած, «ամեն ինչի վերջն է» տրամադրությունների ու մտածելակերպի սերմանմանն ու ձևավորմանը:
Ժողովրդի կողմից այս պարտությունը որպես աշխահի վերջ չընկալելու հիմքն, անկասկած, այն ակնհայտ իրողությունն է, որ ժողովուրդը իր թե բանականությամբ, թե բնազդով շատ հստակ հասկացավ, որ ինքը չէ, որ պարտվել է այս պատերազմում: Քանզի չպարտվելու համար ինքը տվեց ամեն ինչ, և նույնիսկ ավելին, ինչը որ իրենից պահանջվում էր: Մինչդեռ պատերազմում պարտվեց Երրորդ Հանրապետություն անվանումով պետական գոյացությունը` ի դեմս նրա 30 տարվա ռազմա-քաղաքական ղեկավարության, որոնց անունից պարտվելու «պատիվը» ընձեռնվեց այսօրվա իշխանություններին:
Որքան էլ դաժան լինի, բայց հնարավոր չէ ժխտել, որ այս պատերազմը, նրա ընթացքն ու ավարտը բերեցին և մեզ կանգնեցրին դեմ առ դեմ մեր իրականության հետ և, կամա թե ակամա, ժողովուրդն այսօր առերեսվում է իր նորագույն պատմության և իր այսօրվա հետ: Այսինքն այս պատերազմը հետ քաշեց այն շղարշը, որը թաքցնում, լղոզում ու շպարում էր այս 30 տարիների ընթացքում Երրորդ Հանրապետության, այսօրվա լեզվով ասած, որպես պետություն ի սկզբանե ֆեյք լինելու փաստը:
Բավականին լուրջ գիտակցվեց, որ այդ երկրի` որպես անկախ պետության հիմքերը, սկսած նրա Անկախության Հռչակագրից, ժամանակին դրվել են ավազի վրա, քանզի հրաժարում է գնացել միակ կայուն հիմքից` Հայաստանի Առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը ճանաչվելուց: Քանզի ոչ միայն չի դատապարտվել բոլշևիկյան քաղաքականությունը հայության նկատմամբ, այլ այդ հայակործան քաղաքականութունն, ըստ էության, տեղափոխվել-բերվել է նաև Երրորդ Հանրապետություն` ի դեմս օտար պետության հարմար և նրա շահերը սպասարկող հայկական պետության առաջին դեմքերի և նրանց հավաքագրված քաղաքական թիմերի: Հենց դա է այն երևույթի հիմքը, որ, չնայած կրած ծանր պարտությանը, ժողովուրդը չաջակցեց և գնաց այն ուժերի հետևից, որոնք ներկայացնում էին անցած 30 տարիները: Բոլորին պարզ էր, որ ինչպիսի հզոր ճզմիչի տակ էլ դնես ու ճզմես, այդ ուժերից նույնիսկ մեկ կաթիլ «քաղաքական հյութ» հնարավոր չէ ստանալ. դրանք Հայաստան պետության համար սպառված են և ի վիճակի են սպասարկել միայն ռուսաստանյան շահերը: Ինչը և անում են, բայց արդեն բավական պրիմիտիվ ու անհաջող:
Միաժամանակ, այդ 17-ին մերժելը ամենևին չի նշանակում, որ ժողովուրդը «կանգնած է Նիկոլի թիկունքին»: Ամենևին, ժողովուրդը պնդում է, որ նա իր թիմակիցներով պետք է հեռանա: Եվ ոչ միայն հեռանա, այլ անպայման կանգնի դատարանի առաջ: Ինչը, կներեք կրկնվելու համար, ամենևին չի նշանակում, որ պետք է թույլ տալ, որ երկրում իշխանությունը զավթվի 17-ի կողմից:
Այս պատերազմը նաև մի հրաշալի դաս տվեց, առանց պետություն և պետականություն կառուցելու պատմական հողեր ազատագրելը դառնում է անիմաստ: Այն սկզբունքն ու մոտեցումը, թե «կարևորը հողերը վերադարձնենք, մեր սահմանները գծենք, հետո նոր կմտածենք լավ կամ վատ պետություն կառուցելու մասին» անկենսունակ է և ոչ հեռանկարային: Միայն ամուր պետականությունը ի վիճակի է պահպանել բարենպաստ պարագաներում գրաված հողերը: Առանց ամուր և ինքնիշխան պետականության հողը դառնում է պարզապես ֆետիշ: Ինչը և մենք տեսանք անցած երեք տասնամյակների ընթացքում:
Եվ այսօրվա, մեղմ ասած, մեր ֆիասկոյի հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ Խորհրդային կայսրության արդյունքում մեզ բաժին հասած անկախությունը մենք, լինենք անկեղծ, առանց շատ կոտրատվելու ընդունեցինք և ներկայացրինք որպես «նվաճված»: Օտարի կողմից ուղղորդվող փսևդո-անկախության և փսևդո-պետականության ժամանակը անցավ և սպառվեց միանգամայն բնականոն ձևով:
Այսօր շատերից կարելի է լսել, որ իրականում ոչ թե «ռուսը չլինի թուրքը մեզ կուտի», այլ «քանի ռուսն այստեղ է, թուրքը մեզ ուտելու է»:
Եկել է ժամանակը իրական պայքարի` հանուն իրական անկախության: Հակառակ դեպքում, իրոք, կուլ կգնանք:
Հ.Գ. Այսօր ոչ մեկին բացատրելու անհրաժեշտություն չկա, որ Հայաստանի օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի ողորմելի խամաճիկներ են, իսկ իշխանության ձգտող մյուս խմբավորումն էլ` նույն Ռուսաստանի հին ու նոր գործակալներ: Երկուսն էլ մերժված են ժողովրդի կողմից և անընդունելի: Իսկ ազգային շահեր պաշտպանող ու առաջ մղող քաղաքական խավ Հայաստանում ոնց որ թե այս օրերին դեռևս չի նկատվում: Եվ դա միանգամայն բնական է, քանի որ անցած 30 տարիների ընթացքում ամեն ինչ արվեց, պատկերավոր ասած, քաղաքական դաշտը նապալմով այրվեց, որպեսզի հանկարծ նման շերտ հայության մեջ չգոյանա: Բայց մենք ժամանակ չունենք սպասելու, թե երբ կգան նման անձինք ու խմբեր` երկիրն իրոք ձեռքից գնում է: Իշխանության խորը և տևական ճգնաժամի այս պայմաններում, առավելևս, երբ ընթանում է երկրի բզկտումը համայնքային մակարդակում, հարցերի լուծումն իրենց ձեռքը պետք է վերցնեն հենց համայնքները` իրենց կողմից վստահելի և հարգված անձանց ղեկավարությամբ:
- https://www.facebook.com/vladimir.harutyunyan.3/posts/384089032596
Դուք շատ խելոք ներկարացրել էք ներկայ վիճակը, սակայն ներեցեք, որ ձեզ հետ չհամաձայնվեմ մի քանի կետում. 1. Անցյալ 30 տարիներին ամեն բան օդ ու փոշի չի եղել: 2. Անցյալ իշխանությունների օրոք, եղել են ազգասեր մարդիկ, ովքեր աշխատել են մեր հայրենիքի հառաջդիմությանը համար: 3. Դուք թողնում էք այն տպաւորությունը, որպես թէ Հայաստանում մի նոր կառավարություն է լույս ընկնելու այնպիսի մարդկանցից, ովքեր այլ մոլորակներից են գալու, կամ միգուցե Ճապոնիայից ու Աֆրիկայից: Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկին պետք է բերվեն այնպիսի մարդիկ, ովքեր իմանում են թէ ինչ է նշանակում պետություն, պետական գործ, կարողանան չփչացնեն մեր բարեկամների հետ կապերը եւ հաջողվեն նոր բարեկամություններ ստեղծեն, որպեսզի մեր երկիրը օգտվե նման կապերից: Սա սկսվելու է անամոթ պարտվածներին հեռացնելուց, հայրենիքի հողերը թշնամուն հանձնողներից հաշիվ պահանջելուց: