սոց ցանց

Ժամանակն է իրական պայքարի` հանուն իրական անկախության

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Այս պատերազմում, որն արդեն ունի իր անվանումը` Երկրորդ Արցախյան պատերազմ, մենք կրեցինք շատ ցավոտ ու խոշոր պարտություն: Ունեցանք հինգ հազարի կարգի զոհեր` հիմնականում 18-20 տարեկան և նույն տարիքի հազարավոր հաշմվածներ և բազմաթիվ անհետ կորածներ: Արցախյան հատվածում հայկական վերահսկողության տակ գտնվող 12000 քառ. կմ տարածքից թշնամուն զիջվեց մոտ 10000 քառ.կմ, հիմա էլ բզկտվում և տարբեր չափի կտորներ են պոկվում Սյունիքից:

Այս օրերին տարբեր կողմերից` հենց հայկական շրջանակներում , կարելի է լսել, թե «ոչինչ, ամեն մի պարտություն իր մեջ պարունակում է վերածնունդի նախադրյալներ»: Ընդհանուր առմամբ, ճիշտ է ասված. օրինակ, հետպատերազմյան Գերմանիան, Ճապոնիան… Բայց, միշտ չէ, որ այդպես է: Օրինակ Կարթագենը Հռոմի ձեքով կործանվելուց հետո այլևս երբեք ոտքի չկանգնեց և առհասարակ անհետացավ պատմության թատերաբեմից:

Այսօր, մեր պարագայում, բարեբախտաբար Կարթագենի դեպքի կրկնությունը չէ: Բայց անենք վերապահում` դեռևս: Գերմանիայի և Ճապոնիայի դեպքերն էլ չեն. պատերազմում պարտվելը դեռևս բավարար պայման չէ ազգային ու պետական վերածննդի համար: Այդ վերածնունդն իրականացնում են կոնկրետ ազգերը և բոլորը չեն, որ ընդունակ են նման վերափոխման ու առաջընթացի: Պատկերավոր ասած, ամեն ազգ չէ, որ գերմանացի է կամ ճապոնացի:

Մեր պարագայում, պարզապես` մենք մենք ենք: Ճիշտ է, հնչում են կարծիքներ, տարվում է բացահայտ քարոսչություն, որ բացի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հայերիս համար ուրիշ փրկության ելք հնարավոր չէ գտնել: Այսինքն, «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» կարգախոսը ավելի է խորացվում: Կողքի հետ էլ առավել «հայասեր» ռուս գործիչները ապագայի համար մեզ վերապահում են տարածաշրջանում «ռուսական իսրայելի» պատվավոր դերակատարում:

Բայց պատերազմում պարտվելու ընկճվածության հետ մեկտեղ հայության դեմ չդադարող ու նույնիսկ թեժացող քարոզչական ու տեղեկատվական տեռորի ֆոնին առկա են նաև հուսադրող պարագաներ ու գործոններ:

Առաջինն այն է, որ այս պարտությունն ու չափազանց ցավալի կորուստները ժողովրդին չմատնեցին խուճափի, չհասցրեցին կործանվածության վիճակի, չբերեցին, պատկերավոր ասած, «ամեն ինչի վերջն է» տրամադրությունների ու մտածելակերպի սերմանմանն ու ձևավորմանը:

Ժողովրդի կողմից այս պարտությունը որպես աշխահի վերջ չընկալելու հիմքն, անկասկած, այն ակնհայտ իրողությունն է, որ ժողովուրդը իր թե բանականությամբ, թե բնազդով շատ հստակ հասկացավ, որ ինքը չէ, որ պարտվել է այս պատերազմում: Քանզի չպարտվելու համար ինքը տվեց ամեն ինչ, և նույնիսկ ավելին, ինչը որ իրենից պահանջվում էր: Մինչդեռ պատերազմում պարտվեց Երրորդ Հանրապետություն անվանումով պետական գոյացությունը` ի դեմս նրա 30 տարվա ռազմա-քաղաքական ղեկավարության, որոնց անունից պարտվելու «պատիվը» ընձեռնվեց այսօրվա իշխանություններին:

Որքան էլ դաժան լինի, բայց հնարավոր չէ ժխտել, որ այս պատերազմը, նրա ընթացքն ու ավարտը բերեցին և մեզ կանգնեցրին դեմ առ դեմ մեր իրականության հետ և, կամա թե ակամա, ժողովուրդն այսօր առերեսվում է իր նորագույն պատմության և իր այսօրվա հետ: Այսինքն այս պատերազմը հետ քաշեց այն շղարշը, որը թաքցնում, լղոզում ու շպարում էր այս 30 տարիների ընթացքում Երրորդ Հանրապետության, այսօրվա լեզվով ասած, որպես պետություն ի սկզբանե ֆեյք լինելու փաստը:

Բավականին լուրջ գիտակցվեց, որ այդ երկրի` որպես անկախ պետության հիմքերը, սկսած նրա Անկախության Հռչակագրից, ժամանակին դրվել են ավազի վրա, քանզի հրաժարում է գնացել միակ կայուն հիմքից` Հայաստանի Առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը ճանաչվելուց: Քանզի ոչ միայն չի դատապարտվել  բոլշևիկյան քաղաքականությունը հայության նկատմամբ, այլ այդ հայակործան քաղաքականութունն, ըստ էության, տեղափոխվել-բերվել է նաև Երրորդ Հանրապետություն` ի դեմս օտար պետության հարմար և նրա շահերը սպասարկող հայկական պետության առաջին դեմքերի և նրանց հավաքագրված քաղաքական թիմերի: Հենց դա է այն երևույթի հիմքը, որ, չնայած կրած ծանր պարտությանը, ժողովուրդը չաջակցեց և գնաց այն ուժերի հետևից, որոնք ներկայացնում էին անցած 30 տարիները: Բոլորին պարզ էր, որ ինչպիսի հզոր ճզմիչի տակ էլ դնես ու ճզմես, այդ ուժերից նույնիսկ մեկ կաթիլ «քաղաքական հյութ» հնարավոր չէ ստանալ. դրանք Հայաստան պետության համար սպառված են և ի վիճակի են սպասարկել միայն ռուսաստանյան շահերը: Ինչը և անում են, բայց արդեն բավական պրիմիտիվ ու անհաջող:

Միաժամանակ, այդ 17-ին մերժելը ամենևին չի նշանակում, որ ժողովուրդը «կանգնած է Նիկոլի թիկունքին»: Ամենևին, ժողովուրդը պնդում է, որ նա իր թիմակիցներով պետք է հեռանա: Եվ ոչ միայն հեռանա, այլ անպայման կանգնի դատարանի առաջ: Ինչը, կներեք կրկնվելու համար, ամենևին  չի նշանակում, որ պետք է թույլ տալ, որ երկրում իշխանությունը զավթվի 17-ի կողմից:

Այս պատերազմը նաև մի հրաշալի դաս տվեց, առանց պետություն և պետականություն կառուցելու պատմական հողեր ազատագրելը դառնում է անիմաստ: Այն սկզբունքն ու մոտեցումը, թե «կարևորը հողերը վերադարձնենք, մեր սահմանները գծենք, հետո նոր կմտածենք լավ կամ վատ պետություն կառուցելու մասին» անկենսունակ է և ոչ հեռանկարային: Միայն ամուր պետականությունը ի վիճակի է պահպանել բարենպաստ պարագաներում գրաված հողերը: Առանց ամուր և ինքնիշխան պետականության հողը դառնում է պարզապես ֆետիշ: Ինչը և մենք տեսանք անցած երեք տասնամյակների ընթացքում:

Եվ այսօրվա, մեղմ ասած, մեր ֆիասկոյի հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ Խորհրդային կայսրության արդյունքում մեզ բաժին հասած անկախությունը մենք, լինենք անկեղծ, առանց շատ կոտրատվելու ընդունեցինք և ներկայացրինք որպես «նվաճված»: Օտարի կողմից ուղղորդվող փսևդո-անկախության և փսևդո-պետականության ժամանակը անցավ և սպառվեց միանգամայն բնականոն ձևով:

Այսօր շատերից կարելի է լսել, որ իրականում ոչ թե «ռուսը չլինի թուրքը մեզ կուտի», այլ «քանի ռուսն այստեղ է, թուրքը մեզ ուտելու է»:

Եկել է ժամանակը իրական պայքարի` հանուն իրական անկախության: Հակառակ դեպքում, իրոք, կուլ կգնանք:

Հ.Գ. Այսօր ոչ մեկին բացատրելու անհրաժեշտություն չկա, որ Հայաստանի օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի ողորմելի խամաճիկներ են, իսկ իշխանության ձգտող մյուս խմբավորումն էլ` նույն Ռուսաստանի հին ու նոր գործակալներ: Երկուսն էլ մերժված են ժողովրդի կողմից և անընդունելի: Իսկ ազգային շահեր պաշտպանող ու առաջ մղող քաղաքական խավ Հայաստանում ոնց որ թե այս օրերին դեռևս չի նկատվում: Եվ դա միանգամայն բնական է, քանի որ անցած 30 տարիների ընթացքում ամեն ինչ արվեց, պատկերավոր ասած, քաղաքական դաշտը նապալմով այրվեց, որպեսզի հանկարծ նման շերտ հայության մեջ չգոյանա: Բայց մենք ժամանակ չունենք սպասելու, թե երբ կգան նման անձինք ու խմբեր` երկիրն իրոք ձեռքից գնում է: Իշխանության խորը և տևական ճգնաժամի այս պայմաններում, առավելևս, երբ ընթանում է երկրի բզկտումը համայնքային մակարդակում, հարցերի լուծումն իրենց ձեռքը պետք է վերցնեն հենց համայնքները` իրենց կողմից վստահելի և հարգված անձանց ղեկավարությամբ:

  • https://www.facebook.com/vladimir.harutyunyan.3/posts/384089032596
    

One Response to “Ժամանակն է իրական պայքարի` հանուն իրական անկախության”

  1. Armenouhi Reply

    Դուք շատ խելոք ներկարացրել էք ներկայ վիճակը, սակայն ներեցեք, որ ձեզ հետ չհամաձայնվեմ մի քանի կետում. 1. Անցյալ 30 տարիներին ամեն բան օդ ու փոշի չի եղել: 2. Անցյալ իշխանությունների օրոք, եղել են ազգասեր մարդիկ, ովքեր աշխատել են մեր հայրենիքի հառաջդիմությանը համար: 3. Դուք թողնում էք այն տպաւորությունը, որպես թէ Հայաստանում մի նոր կառավարություն է լույս ընկնելու այնպիսի մարդկանցից, ովքեր այլ մոլորակներից են գալու, կամ միգուցե Ճապոնիայից ու Աֆրիկայից: Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկին պետք է բերվեն այնպիսի մարդիկ, ովքեր իմանում են թէ ինչ է նշանակում պետություն, պետական գործ, կարողանան չփչացնեն մեր բարեկամների հետ կապերը եւ հաջողվեն նոր բարեկամություններ ստեղծեն, որպեսզի մեր երկիրը օգտվե նման կապերից: Սա սկսվելու է անամոթ պարտվածներին հեռացնելուց, հայրենիքի հողերը թշնամուն հանձնողներից հաշիվ պահանջելուց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *