Արայիկ Մկրտումյան
Ունենա՞լ թե լինել, վերցնե՞լ թե տալ, դառնա՞լ թե կորցնել․․․
Հարցի փիլիսոփայական մոտեցումը երբեմն դժվար ընկալելի է, բայց դրա փոխարեն շատ պատասխաններ է տալիս։
Եկեք շատ չխորանանք բարդ էկզիստենցիալիզմի մեջ ու հարցին նայենք մեր հայրենական֊քաղաքական տեսանկյունից։
Այսօր մենք կորցրել ենք Արցախը։ Մեր հայրենիքը շատ առումներով վտանգի տակ է։ Ընդդիմադիրներն ու իշխանականները հայտարարում են, որ իրենք կփրկեն երկիրը և այլն։ Արդյո՞ք կանեն։
Արդյո՞ք կարող են։ Հասկանո՞ւմ են, թե ինչ է պահանջվում, ինչ է պետք։ Հիմա կհասկանանք։
Բայց նախ մի նկատառում։ Հատկապես այն մասին, որ մենք մշտապես մեծ ու անհասկանալի խնդիրներ ունենք և նրանք, ովքեր լուծում են առաջարկում, առանձնապես չեն խորանում պատճառների մեջ՝ կամ հուսալով, որ խնդիրն այդքան խորը չի լինի, կամ վախենում են այդ խնդրի խորությունից, կամ էլ՝ ի վիճակի չեն(ունակ չեն) դա ըմբռնելու։
Պայքարը միայն հետևանքի դեմ է, բայց ոչ պատճառի։
Սոցիալական հոգեբանները նշում են մարդու և հասարակության տրամադրվածության և պատճառա֊հետևանքային կապի կարևորությունը։ Բայց հասարակությունը երբեք դա չի հասկանա։
Կոնկրետ հայրենիքի պահով։ Մենք մշտապես փնտրում ենք լուծում, փրկություն, բանալի…..ու մենք երբեք չենք գտնում։ Երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու ենք մենք միշտ սխալվում, ինչո՞ւ են մեր ընտրյալները մեզ այդքան դաժանորեն խաբում։ Ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ ութ անգամ ընտրություն կատարել, ընտրել 3 նախագահ, մի քանի խորհրդարան ու նրանք բոլորը վատը լինեն։ Գուցե սխալը մեկ ա՞յլ տեղ է։ Գուցե ժողովուրդը չի՞ հասկանում, թե ումից ինչ է ուզում։ Բայց անընդմեջ սխալվել երեսուն տարի՝ դա դիագնոզ է։
Մենք մեծ խնդիր ունենք։
Մենք հայրենիքը կփրկենք միայն այն դեպքում, եթե այն ընդունենք ու հասկանանք գիտակցությամբ ու հոգով։ Հայրենիքը սիրենք այնպես, ինչպես Քրիստոսը՝ մարդուն ու աշխարհը։ Քրիստոսը ոչինչ չպահանջեց, չունեցավ, չվերցրեց։ Նա չէր կարող պահանջել ինքն իրենից։ Քրիստոսը հրաժարվեց ամեն ինչից՝ հանուն ամեն ինչի։ Նա տվեց ամեն ինչ ու ստացավ ամեն ինչ։ Մենք կարո՞ղ ենք այդպես։
Քրիստոսը(աթեիստները կարող են ընդունել կերպարը) աստված է, նա տիրում է աշխարհին ու իրեն զոհում իր իսկ աշխարհի համար՝ փրկելով նրան։ Մենք՝ մեր հայրենիքի տերն ենք ու արդյո՞ք մենք մեզ զոհում ենք կամ կարող ենք զոհել։ Խնդրում եմ հասկանալ ասածիս հոգեբանությունը։ Խոսքը միայն պատերազմի ժամանակ զոհվելուն չի վերաբերվում, այլ նաև խաղաղ ժամանակ մանր ու մեծ սրիկայություն չանելը։
Հայրենիքը մերը կլինի, եթե լուծում չփնտրենք, այլ լինենք, եթե չունենանք այլ լինենք, եթե չվերցնենք այլ լինենք, եթե չպահանջենք այլ լինենք։ Մենք լինենք հոնց ինքը Հայաստանը։ Զգանք նրա ամեն քարը՝ մեր ողջ էությամբ, մարմնով ու հոգով, մեր ամեն մի բջջով ու մազով, մեր ամեն շնչով ու աչքի թարթումով։ Հակառակ դեպքում հայրենիքը մեզ համար վերածվում է մասնավոր ոլորտի, սեփականության, ինչ որ բանի բայց ոչ էության։ Հայրենիքը ուղղակի տարածություն չէ այլ մոտեցում, հոգեվիճակ, մտածելակերպ, գործունեություն։ Եվ ամենևին էլ պետք չէ մտածել ծայրահեղ նացիզմի մասին։ Այլ հասկանալ, որ հայրենիքը դու ես, երբ քո ԵՍ֊ը, էգոն նույնացվի հայրենիքի հետ։
Այդ ժամ է, որ կարող ես ապրել նաև թեթև։ Ապրել հանուն հայրենիքի, չի նշանակում լինել մռայլ ու մշտազբաղ, չարքաշ ճգնավոր։ Դուք բոլորդ սիրում եք ինքներդ ձեզ և ամեն պահ չեք տառապում։ Սիրեք հայրենիքն այնպես, ինչպես ձեզ, ու ոչ ոք չի տառապի։
Հայրենիքը մերը կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ԵՆՔ հայրենիքը։
Հակառակ դեպքում հայրենիքը մեզնից է փրկել պետք լինելու։