Նուշիկ Միքայելյան
Մտքով ու հոգով բոբիկների շքերթ է և ոչ մի «կոշիկ» չի կարող այդ բոբիկությունը թաքցնել…Եվ աջ ու ձախ, ամաչելու աստիճանի մեծամիտ ինքնավստահությամբ բոբիկիզմ են տարածում մասնավորապես ա՛յն տեսակի մարդիկ, որոնք բամբասելուց այն կողմ անցնելու շնորհք անգամ չունեն։
Կյանքում մեկ անգամ իրական բարձրախոս չվերցրած մարդիկ՝ ֆեյսբուքում «առյուծի բերան ճղող» են դարձել կամ սողունի բերանով մռնչալ են ուզում…
Սողունից ի՜նչ մռնչոց…Հազար բարձրախոս էլ որ ունենաք, միևնույն է, ձեր անմակարդակ ու անասելիք բամբասանքը երբեք չի դառնալու ԽՈՍՔ…
Ժողովրդի ուսերին տարիներով նստեցիք, բարձրացնելու փոխարեն՝ չոքել տվեցիք, նվաստացրիք, հիմարացրեցիք, ջնջեցիք մեր մշակույթից մեզ մնացած ծվեններն անգամ, կլկլացրեցիք երգելու փոխարեն, քաղքենիացրիք՝ քաղաքակրթելու փոխարեն, կերցրեցիք՝ սնելու փոխարեն, թշվառացրիք՝ հարստացնելու փոխարեն, գովազդեցիք աղբը՝ աղբից ձերբազատվելու փոխարեն…
Ու հիմա բարձրախոսում եք և «մռնչում», պուճուր ճակատներով ճակատամարտ մղում սեփական արյունակիցների դեմ և հռհռում եք , փրփրում ու աջից- ձախից հաշիվ պահանջում…
Ինչքան բարձր է աղմուկը, այնքան դատարկ է աղմկահանը…
Էլ չեմ էլ ասելու լռեք, թողեք, որ մարդիկ ինքնաբուժում անցնեն, ինքնամաքրվեն, թացը չորից տարբերելու ուժ հավաքեն, գլուխները բարձրացնեն…
Շարունակե’ք ցուցադրել ձեր բոբիկությունը…
Այլ բան անել չգիտեք…Այս անգամ կդիմեմ հասարակ, բնական, սրտով ու մտքով լավ մարդկանց, լուսավոր մարդկանց, համեստներին։Մի՛ լսեք ոչ ոքի, բացի ձեր մեջ դեռևս չմեռած սրտից ու խղճից…Բոլոր հարցերի պատասխանները կտա ձեր խիղճը, մեկ էլ՝ ժամանակը։Մի՛ մխրճեք ձեզ բամբասկոտների լաբիրինթոսում և ապրեք ձեր արևի բաժինը՝ ներքին արևը հզորացնելով։
Չափից ավելի է գարշահոտը և մեղք եք…Մի՛ ընկեք սրա-նրա գարշահոտի մթնոլորտում։ Հազար անգամ նախընտրեք ամբողջովին մենակ մնալ հիմա, քան մասնակցել բոբիկների շքերթին…
Ի վերջո՝ երբ ասելիքը լուրջ լինի, ասողը կհայտնվի։
Կեցցե՛ մենակությունը։