Արայիկ Մկրտումյան
Խոսքե՜ր, խոսքե՜ր
Ենթադրենք Բայդենն իր խոստումը կատարեց (որին չեմ հավատում) ու ԱՄՆ֊ը ճանաչեցին հայոց ցեղասպանությունը։ Հետո՞։ Ի՞նչ է լինելու հետո։ Ինչ որ մեկը գիտի՞ թե առայժմ մեզ պետք է, որ ԱՄՆ֊ը ճանաչի, իսկ հետո….հետո մի բան կմտածենք։
Չէ դուք իրոք կարծում եք թե ԱՄՆ֊ի կողմից “Ցեղասպանություն” բառի արտասանումը ինչ որ բան է փոխելո՞ւ։ Ինչբոր բան իհարկե կփոխի, բայց ամենևին էլ այն չի լինի, ինչ պատկերացնում ենք։
Կարծում եք, թե ԱՄՆ֊ը հենց ճանաչի, Թուրքիան մեզ հո՞ղ է տալու։ Դե դե, այդքան միամիտ լինել պետք չէ։ Ինչպե՞ս կարող եք այդքան պարզ ու հեշտ պատկերացնել։ Ու ինչո՞ւ պիտի Թուրքիան մեզ հող տա, երբ ԱՄՆ լուռ աջակցությամբ ՆԱՏՕ֊ի ինքնաթիռներով նոր հողեր էր գրավում Սիրիայում, Լիբիայում, Արցախում։
Ու ինչո՞ւ պիտի Թուրքիան մեզ հող տա, ինչի՞ հիման վրա, որովհետև ԱՄՆ֊ը արտասանել է մի բա՞ռ։
ՌԴ֊ն ճանաչել է ցեղասպանությունը։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվել դրանից հետո՞։ Ի՞նչ է փոխվել հարցնում եմ։
Ոչինչ, Օդ, Զրո, Փուչիկ: Ահա թե ինչ է այդ ճանաչումը։
Ռուսները Մոսկվայի պայմանագրից հրաժարվեցի՞ն։ Ո՛չ։ Կարսի պայմանագրից հրաժարվեցի՞ն։ Ո՛չ։ Դեռ ավելի՜ն։ Համատեղ ռուս֊թուրքական դիտորդական խմբեր Արցախում, “Էրդողանը վստահելի գործընկեր է”֊ասաց Պուտինը։ Ռուսները թուրքերին վաճառեցին հզորագույն հակաօդային С-400 համակարգերը։
Ի՞նչ շահեցին հայերը դրանից։ Ոչինչ։ Չէին էլ կարող, որովհետև դա ռուս֊թուրքական հարաբերություններ էին ու հայերը դրանում եթե ինչ որ դեր ունեին, ապա միայն այն, թե մեր կաշին ով ում ավելի թանկ կվաճառի։
Ու այս ամենն այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, դարավոր բարեկամը (ամեն դեպքում այդպես են ասում), իսկ ԱՄՆ֊ը մեզ ոչինչ էլ չի գալիս։
Դե հիմա ասեք, թե ինչու պիտի ԱՄՆ֊ը ճանաչման դեպքում թուրքերը մեզ հող տան։ Ո՞ր պայմանագրով, Սևրի՞։ Իսկ ինչու եք կարծում, որ Սևրը կաշխատի։ Իսկ գուցե Թուրքիան ոչ թե Սևրի պայմամագիրն է ուզում կատարի այլ 1918թ. Բաթումի, որով ՀՀ֊ն ուներ ընդամենը 12 հազ ք/կմ տարածք։
Լավ ասենք թե ԱՄՆ֊ը ճանաչեց ու թուրքերն էլ ասեցին օկ, ըստ Սևրի՝ տարածքները տալիս ենք։ Հետո՞։ Մտածում եք կտա՞ն։ Մենք մինչև հիմա չհասկացանք, որ հողը թղթով չեն պահանջում, այլ վերցնում են՝ երկաթով ու արյամբ։ Արցախը մեզ դաս։ Ի վերջո մենք դեռ 1994թ. Ստորագրել էինք, որ պիտի հետ հանձնենք, բայց չէինք հանձնում։ Թուրքը վերցրեց՝ երկաթով ու արյամբ։ Որովհետև ինքն էլ գիտի, որ թղթի թանաքը ոչինչ է, եթե դա մակագրված չէ զենքով, նավթով, ոսկով….
Եկեք մի քիչ լայն ու խորը մտածենք։ Երեսուն տարի դա չենք արել։ Եկեք հիմա անենք։
Ուրեմն թուրքերն ասեցին լավ, մենք մեր զորքը հանում ենք ու Սևրյան Հայաստանը տալիս։ Եկեք վերցրեք։ Ո՞նց ենք վերցնելու։ Ասեք տեսնեմ։ Միլիոնավոր քրդերին, լազերին ու մյուսներին ի՞նչ ենք անելու։ Սփյուռքը ներգաղթ անելո՞ւ է։ Չասեք հա։ Հաշվեք նոր։ Սառը հաշվեք։
Ինչպե՞ս ենք պահելու այդ քառակի մեծ տարածքը, եթե Սյունիքում միայն վեց դատարկ գյուղ կա, երբ Քաշաթաղի Որոտանում էսքան տարի ընդամենը 500 հոգի էր ապրում։
Այսինքն Սյունիքը մերն է բայց չենք պահում, բայց Կարսը մերը չի ու պահանջում ենք։ Է հա, ես էլ գիտեմ, որ դա մեր հայրենիքն է։ Բայց ինչպե՞ս ենք պահելու։ Ու էս ամենը դեռ այն դեպքում, եթե թուրքը մեզ հող տա, իսկ թուրքը չի տա։
Հասկանո՞ւմ եք, որ ազգովի էլի շնչակտուր սպասում ենք մի խոսքի։
Ո՞նց կարելի է էսքանից հետո էլի դատարկ խոսքի սպասել ու հավատալ։
Հիասթափություն ու միայն հիասթափություն։