Նրանք չե՞ն տեսել, թե ինչ է տեղի ունեցել 1915, 1920 և 2020 թվականներին: Ռուսաստանը լքեց հայերին Թուրքիայում, ապա Կովկասում, իսկ վերջերս էլ` Արցախում
Հարցազրույց Կայծ Մինասյանի հետ
Պարոն Մինասյան, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը վավերացվեց: Հայաստանն ի՞նչ կարող է ստանալ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, հատկապես որ համաձայնագրում Արցախի հարցի լուծման հետ կապված ամրագրումներ կան:
Այս համաձայնագիրը կարևոր է, քանի որ այն հիմք է դնում տնտեսական և առևտրային համագործակցության Հայաստանի և ԵՄ միջև, ամրապնդում է Հայաստանի ինքնիշխանությունը, որը դառնում է Բրյուսելի արտոնյալ գործընկերը: Այս պահի դրությամբ Հայաստանի համար շատ կարևոր է ամրապնդել իր ինքնիշխանությունը: Հիշեցնում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը չդավաճաներ Եվրամիության առջև իր ստանձնած պարտավորություններին ՝ ընտրելով 2013-ին Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), մինչ ամեն ինչ պատրաստ էր ԵՄ-ի և Հայաստանի միջև ասոցացման համաձայնագրի համար, Երևանն այսօր այստեղ չէր գտնվի:
Որքանո՞վ սա կարող է շարժել Կրեմլի հակազդեցությունը
Ռուսաստանն արդեն ստացել է իր ուզածը: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Երևանը կամուրջ է դարձել Ռուսաստանի և Եվրոպայի միջև, չնայած որ հիմա էլ եվրո-ռուսական հարաբերությունները վատն են: Եվրոպացիներն ու ամերիկացիները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ամրապնդեն Արևելյան գործընկերության պետությունների ինքնիշխանությունը, որոնք այս պահին շատ վատ վիճակում են:
Հայաստանի իշխաննությունն այդ համաձայնագրի կյանքի կոչման հետ կապված անելիք ունի, որքանո՞վ է պատրաստ դրան:
Հայաստանը պետք է դնի ինքնիշխան, ազատ, արդար և թափանցիկ պետության հիմքերը: Դա կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ է: Մենք պետք է դուրս գանք սիրողականությունից և ամուր կտրվենք հետսովետականությունից: Բայց արդյո՞ք Հայաստանն ունի կամք և միջոց:
Համաձայնագրի վավերացման օրը հիշում ենք, թե ինչ հակահայկական գրոհ իրականացրին ռուսական ԶԼՄ-ները: Մտավախություն չկա՞, որ նույն սցենարը կկրկնվի, որի նախանշանն են վերջերս Հայաստանը ՌԴ կազմի մեջ մտնելու կոչերը:
Ես վրդովված եմ Ռուսաստանին Հայաստանի ինտեգրման կոչերից: Ես փորձում եմ հասկանալ այս հետամնաց մտածողությունը: Նրանք, ովքեր ցանկանում են միանալ Ռուսաստանի Դաշնությանը, գաղութատիրության կողմնակիցներ են և չեն պատկերացնում Հայաստանը որպես ինքնիշխան պետություն: Պատկերացնում են պարզապես Ռուսաստանի գաղութ, այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանը երաշխավորում է հայերի անվտանգությունը: Նրանք չե՞ն տեսել, թե ինչ է տեղի ունեցել 1915, 1920 և 2020 թվականներին: Ռուսաստանը լքեց հայերին Թուրքիայում, ապա Կովկասում, իսկ վերջերս էլ` Արցախում: Եվ դեռ կան հայեր, որոնք ստրկությունից ու միջակությունից համբուրում են ռուսի ձեռքը: Զգույշ եղեք: Ես դեմ չեմ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին, և պետք է խենթ լինես Մոսկվային դիմակայելու համար: Բայց այնտեղից դեպի ծնկի իջնելը և ինքնիշխանությունից հրաժարվելը կա մի քայլ, որը ես երբեք չեմ անի: Ահա թե ինչու եմ կարծում, որ ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերությունը նախկին Խորհրդային Հանրապետությունների համար ցանկալի կլիներ: Ցանկալի կլիներ, որ այս տարի, 2021-ի օգոստոսին կամ դեկտեմբերին, կազմակերպեն իրենց ինքնիշխանության համատեղ ցույցը՝ ԽՍՀՄ անկման 30-ամյակի կապակցությամբ:
Աղբյուրը` Lragir.am