Ազատ բեմ

Իշխանություն և Ընդիմություն

Ողբամ ձեր նման քաղաքականներին, որ նույնիսկ էս պահին նույն վերքի համար տարբեր պատճառներով եք գոռում

Արայիկ Մկրտումյան

Չորրորդ ամիսն է անցնում

Հայկական ներքաղաքական պայքարը աչքի է ընկնում արտասովոր բթությամբ ու դանդաղկոտությամբ։ Ու սա վիրավորանք չէ, այլ ախտորոշում։

Ի՞նչ է կատարվում հիմա։ Ըստ էության չկարգավորվող քաոս։ Հասարակական լայն զանգվածները լրիվ դուրս են մղված պայքարից, որովհետև հասարակությունն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում, ինչ է կատարվելու։ Ու նաև չի հասկանում, թե ով իրենից ինչ է ուզում։

Իսկ վիճակն ավելի վատ է քաղաքական դաշտում։ Ի՞նչ են անում կուսակցությունները բացի իրար մեղադրելուց։ Ոչինչ, գրեթե ոչինչ։ Իշխանականները պաշտպանում են իշխանությանը, իսկ ընդդիմադիրները՝ ընդդիմությանը։ Ասես ոչինչ էլ չի եղել ու արդեն չորրորդ ամիս է ինչ քաղաքական֊հուզական հրմշտոցից այն կողմ չենք անցել։ Չո՛րս ամիս հասկանո՞ւմ եք։ Գրեթե կես տարի է հայհոյանքից բացի էն կողմ չենք անցել։

Բացի փոխադարձ մեղադրանքներից չկա ո՛չ մի խոսք, ոչ մի ժեստ, ոչ մի գործողություն։ Ընդամենը պրիմիտիվ բազառ, թե ով ավելի ճարտար արդարացումներ կգտնի իր ապիկարության ու անճարության համար։ Ոչ ոք իրեն ոչնչում մեղավոր չի համարում։ Համատարած սրբեր են

Նախկին, ներկա….համատարած անբանություն է։

Ի՞նչ են անում ընդդիմադիրները։ Ձու են շպրտում, հավաքվել գոռգոռում են, ինչ որ ակցիայանման հավաքներ, քաշքշուկ, հոխորտանք, սպառնալիք, հայհոյանք ու ամեն օր նույն սցենարն է։

Ի՞նչ են անում իշխանականները։ Ամեն ինչում մեղադրանք նախկիններին, արդարացումների փնտրտուք իրենց համար, կուսակցությունից փախուստ, մանդատը պահելու ինչ որ ճռճռան բառեր, հոխորտանք, քարոզի տոն, կիսաարհամարական մունաթ։

Մի խոսքով քցոցի։ Կարևոր է, թե ով ում ավելի շատ քաշեց ու ում են շշին հանելու, որ հասարակությանն էլ համոզեն ու իրենց էլ, թե բա ճիշտը մենք էինք։

Ողբամ ձեր նման քաղաքականններին, որ նույնիսկ էս պահին նույն վերքի համար տարբեր պատճառներով եք գոռում։

Ու էս բոլորը ժողովրդի անունից են հանդես գալիս ու ժողովրդին ոչխար անվանում։Իսկ հասարակությունն էլ չի հասկանում, որ միայն Արցախը չի կորցրել այլև ինքն իրեն։ Արցախը կարելի է ազատագրել, իսկ այ հոգեկան էս դիզբալանսի վերականգնումը ահավոր խնդրահարույց է։

Ու որոշներն էլ լավ օգտագործում են հուզական պահը։ Զոհվածի ու անհետ կորածի, գերու պահը, կորցրած հայրենիքի պահը։ Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում։ Էսօր իշխանությունն ու ընդդիմությունը իրար վրա աչոկ են հավաքում էս ցավալի թեմայով։Ու ոչ ոքի տանձին չի, թե ինչ է կատարվում միջազգային իրադրությունում ու էդ ամենը ոնց է ազդելու մեր վրա։ Որովհետև մենք քոռ ենք, ամենաիսկական քոռ։ Կամ ապուշ ենք։ Կամ էլ մեզ դուր է գալիս էս ամենը։

Հասարակությանը շատ բան չունեմ ասելու, լոկոմոտիվն է շատ հարցերում մեղավոր։

2011թ. սկսկած տարածաշրջանն ուղղակի եռում էր։ Մեր պետական գործիչները խրտվիլակի չափ էլ չեղան, որ հասկանան, թե էդ ամենը ուր է տանում։ Ամբողջ աշխարհը վիճելի հողերի հարցով իրար քիթ մռութ էր ջարդում, մերոնք զբաղված էին իրար փչացնելով։

Ռուսն ու թուրքը սիրիական օպերացիաներով էին զբաղված, իսկ մեր հոտառությունը կորցրած կառավարությունները իրար վրա բոչկա էին գլորում, թե որ պաշտոնի հարցով ով ում ինչքան պիտի մուծվի։

Ու չտեսանք, ոչինչ չտեսանք, չհասկացանք։ Է հա բա։ Բա նստած կզցնում էին իրար ու մեկը մեկին բոզ հանում, էլ ժամանա՞կ կար, որ մի հատ էլ քթները սրբեն ու պատերազմի հոտը զգան։

Ու էդ կերած թալան մալան դա դեռ հեչ։ Փող գտնելն ամենահեշտ է։ Միջին կարգի կլյաուզիկն անգամ գրանտ է ճարում։

Բա քաղաքական ապագա՞ն։ Բա էս ներկա նախկին նարդու առաջնությունը, որ սկսել են, ոչ ոք չէր նկատում, որ փոթորիկը էլ տեսական հալյուցինացիա չի, այլ ռեալ վտանգ։

Ու հիմա էլ, հենց էս պահին էլ, այ հենց հիմա, հենց հիմա զբաղված են իրար վրա մեղադրանք սաղացնելով ՝<<Չէ դու ես մեղավոր, չէ դու ես մեղավոր, դու սենց ասիր, դու նենց ասիր, դու էնքան գողացար, դու էլ պրեմիա ես ստացել, քո ժամանակ սենց էր, քո ժամանակ էլ տենց ա>>։

Է հա հետո՞։ Չեք հասկանում, որ փողոցի անվանափոխություն չի, որ չորս ամիս է ցույց ենք անում, անհոգ, մենք մեզնից գոհ ու հպարտ, որ հերթական անգամ կարող ենք դիմացինի աչքը մի բան կոխել։

Ու էնքան ահավոր է վիճակը, որ հայ հասարակությունը նույնիսկ հնարավոր է ոչ ապագա պատերազմին պատրաստվի, որը քթներիս տակ է, ոչ էլ միութեանականի վտանգին պատրաստվի

։Ինչ ներկա, ինչ նախկին։ Չեք հասկանո՞ւմ, որ էսպես շարունակվեց Հայաստանն է նախկին դառնալու։ Ամեն մեկն իր մամուլի թևերը քշտած իրար վրա գործ են տալիս, հոդված գրում, ֆիլմ նկարում։ Ապրեեեեք, շատ ապրեք։ Էսպես ժրաջան որ հանուն հայրենիքի միասնաբար հող կրեիք, երևի Մարսի վրա արդեն շաուրմայանոց բացած կլինեինք։

<<Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած>>֊ ասել է Խորենացին։

Չգիտեմ էլ ի՞նչ պիտի լինի, որ ուշքի գանք։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *