ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երեք Սերունդ (Մաս Առաջին)

Արայիկ Մկրտումյան

Ավագ Սերունդը

Ներկայիս իրադրությունն ավելի հաճախ է ստիպում հետհայացք նետել դեպի անցյալ ու փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում ներկայում։ Նիցշեն ասում էր, որ պատմաբանն անընդհատ հետ նայելով ի վերջո սկսում է հետ հավատալ, բայց երբ ներկան այսքան անմխիթար է, այսքան լի անհաջողություններով ու տապալումներով, ուզած-չուզած հետ ես նայում հասկանալու համար, թե մի՞շտ է այսպես եղել։ Որտեղի՞ց է սկսվել սխալների այս շարքը։ Հայոց պատմության ո՞ր կետում ինչ որ բան սխալ գնաց ու այդպես էլ շարունակվում է մինչև այսօր։ Որովհետև եթե հիմա ինչ որ բան սխալ է, ուրեմն դա սկսվել է անցյալում, սկսվել է որոշ ժամանակ առաջ ու հենց դա էլ հիմա կփորձենք հասկանալ, որովհետև այս ամենը չի կարող ճիշտ լինել։ Ու հիմա մենք կփորձենք հետ գնալ ու հասկանալ, թե որտեղից ու երբ սկսվեց, արդյո՞ք կա նման չարաբաստիկ կետ, թե պատճառներն այլ են։

Առաջարկում եմ հետ գնալ դեպի 1877թ․՝ շատ կարևոր ու շրջադարձային կետ հայոց պատմության համար։ Եվ այսպես. 1877թ․ սկսվում է պատերազմ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Պատերազմն ավարտվում է մեկ տարի անց՝ 1878թ․ և սկսվում են հաշտության բանակցությունները ու հենց այդ պահից էլ պարզ է դառնում, որ այդ հաշտությունը սկիզբ է դնելու մի խառնիճաղանճ իրավիճակի, որը վաղ թե ուշ պայթելու է։ 1878թ․  փետրվարի 19 (մարտի 3) Կ․Պոլսի Սան-Ստեֆանո արվարձանում կնքվում է մի պայմանագիր, որով ըստ էության դրվում է Օսմանյան Կայսրության մասնատման ու ոչնչացման սկիզբը։ Դա մի զարմանալի պայմանագիր էր, ըստ որի՝

1․Չեռնոգորինա, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում

2․ Բոսնիա և Հերցոգովինան ինքնավարություն էին ստանում

3․ Բուլղարիան (Արևելյան Ռումենիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով։

4․ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։

5․ Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռբլ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856թ․ Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։

Եվ այսպես, ըստ այդ պայմանագրի ըստ էության լուծվեց Բալկանների հարցը, եվրոպական տերությունները ստացան իրենցը, իսկ Ռուսաստանն օգտվեց առավելագույն չափով։ Բոլորի հարցերը լուծվեց, բացի հայերի, այն դեպքում, երբ արևելահայերը մեծապես աջակցել էին ու մարտնչել  ռուսների կողմից, իսկ արևմտահայերը՝ խուսափել թուրքական բանակի շարքերում հայտնվելուց և հրաժարվել կռվել ռուսների դեմ։ Հայերն այս անգամ հույս ունեին էապես լուծել իրենց հարցերը, բայց շուտով կտեսնենք, որ դա ամենևին էլ այդպես չեղավ։ Այդ պայմանագրում հատուկ հոդված կար՝ 16-րդ հոդվածը, որով նախատեսում էր  վարչական բարենորոգումներ անցկացնել արևմտյան Հայաստանում և չբավարարեց հայերի պահանջը։ Ռուսները դա բացատրում էին միջազգային դիվանագիտական ճնշմամբ, թեև բազում այլ հարցեր էլ կային՝ ինչպես օրինակ արևմտահայոց պասիվությունն ու Պոլսո հայոց պատրիարքարանի անհասկանալի ու անորոշ պահվածքը։ 

Մի քանի ամիս անց Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի ջանքերով տեղի ունեցավ այդ պայմանագրի կետերի վերանայումը, որի ժամանակ հայերի վերաբերվող 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի, ըստ որի թուրքերը պարտավորվում էին զուտ ապահովել հայերի անվտանգությունը, բայց իրադրությունը ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։

Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։

Եվ այսպես հուսախաբված հայերը կրկին փաստի առաջ կանգնեցին։ Առաջին անգամ միջազգայնացված «Հայկական հարցը» այդպես էլ չլուծվեց։

Այդ մասին բավական հանգամանալից իր ժամանակին անդրադարձել է Րաֆֆին՝ նշելով, որ հայերի իրադրության անփոփոխ մնալու գլխավոր պատճառը հայերի «գերեզմանային լռությունն է», ֆատալիզմը, անփոփոխ իրականությանը հարմարվելու դժբախտ ունակությունը։ Րաֆֆին խիստ քննադատաբար է մոտենում հարցին՝ նշելով, որ հայոց դժբախտության միակ ու գլխավոր պատճառն իր մեռելային հանգստությունն է։ Այն համբերությունը, որն ունի հայը,- գրում է Րաֆֆին,- սազական է միայն դիակին, հայի համբերատարությունը՝ մեռյալի համբերությունն է։

Այս խոսքերը հաստատեց նաև կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը՝ առաջ քաշելով «Երկաթե շերեփ»-ի գաղափարը, որը թեև ուշացած, բայց կարևոր քայլ էր հայոց մտքի մեջ։

Անշուշտ Րաֆֆու տողերում բավական դառը ճշմարտություն կա, բայց կա նաև մի բան, որ պակասում է այսօր։ Կար Րաֆֆի։ Եվ ոչ միայն Րաֆֆին։ Կային Շիրվանզադեն, Գրիգոր Արծրունին, Ղազարոս Աղայանը, Նար-Դոսը, Ալեքսանդր Ծատուրյանը, Խրիմյան Հայրիկը և էլի բազում բազում վառ անհատականություններ, որոնք մի ողջ գիտակրթական, մտավորական խավ էին ձևավորել: Ավելի ուշ հանդես եկան Մուրացանը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Լևոն Շանթը, Դեմիրճյանը, Տերյանը, Զորյանը, Ավ․ Իսահակյանը և բազում այլոք, որոնց ներկայությունն իսկ բավական էր, որպեսզի մի ողջ ազգ կրթվի ու դաստիարակվի։ Բացի նրանցից հասարակական-քաղաքական դաշտում հայտնվեցին հայոց ազգային ազատագրական գործում երեք կուսակցություններն ու առանձին գործիչներ, որոնք այնպիսի մի հզոր դիալեկտիկական ուժ էին ներկայացնում, որը ի վիճակի էր հիմքից քանդել ու նորից սարքել աշխարհը։ Բոլորին չեմ հիշատակի, բայց Անդրանիկի, Հրայր Դժոխքի, Դրոյի, Սեպուհի, Նժդեհի, Մկրտիչ Փորթուգալյանի, Արամ Մանուկյանի, Ավետիսյանի, Քաջազնունու, Ահարոնյանի և բազում մտքի ու գործի այլ հսկաներ էին մրրկում դաշտում՝ պայքարելով ու մաքառելով։ Անշուշտ ժամանակները դաժան էին։ Բեռլինի կոնգրեսն այդպես էլ չգործեց, ավելին՝ հետագայում թուրքական սահմանադրության՝ Թանզիմաթի ընդունումն այդպես էլ մնաց մի թղթի կտոր և երբևէ իրական ռեալ ուժ չդարձավ։ Հայերի նկատմամբ ճնշումներն ավելի ուժեղացան` հասնելով նախ 1890-ականների զարհուրելի կոտորածին, ապա նաև 1915թ․ Մեծ Եղեռնին։

Եվ հանկարծ այդ ողջ քաոսի, համաշխարհային պատերազմի, կոտորածի, գաղթի, սովի ու հիվանդության բոցերից վեր ելավ մի անհավատալի հրաշք՝ հայոց անկախությունը։

Այստեղ շատ չեմ խորանա առաջին հանրապետության ստեղծման, կայացման պատմության մեջ, միայն կնշեմ, որ դա հնարավոր եղավ հայոց ռազմաքաղաքական ու մտավորական տիտանների շնորհիվ, և որ ավելի կարևոր է, նրանց առկայության շնորհիվ։ Վերը թվարկված մարդիկ ու նրանց գաղափարակիցներն այն մարդիկ էին, որոնց տաժանագին աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ հասնել անկախության մտքի իրական դարձնելուն։ Րաֆֆու բնորոշած «մեռելային հանգստությունը» ցրվեց, հօդս ցնդեց ու հայոց անկախությունը խորհրդանշեց այդ կատաղի դարաշրջանի թեժ պայքարի արդյունքը։  

Կարևոր է հասկանալ, որ 1800-ականների երկրորդ կեսն արդեն իսկ տվել էր գաղափարակիր մարդկանց հզոր ալիք, որ նշմարվում էր դեռևս 1700-ականներից, իսկ 1900-ականների սկզբում արդեն կար և՛ մտավորական, և՛ քաղաքական, հասարակական, և՛ ռազմական էլիտա, որոնք թեև հակասություններով, բայց ունեին մեկ միացյալ գաղափար, որ վերաբերվում էր հայ ժողովրդի ու Հայաստանի ապագային։ Հարկ եմ համարում նշել, որ այդ ալիքը չմարեց երկրորդ սերնդի մոտ, թեև նրանցից շատերը զոհ գնացին Ստալինյան ռեպրեսիաներին, համաշխարհային պատերազմին ու այլախոհական շարժման հետապնդման տարիներին։

Այս առաջին սերունդը այսպիսին էր ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև Սփյուռքում։ Անհնար է չխոսել այն մասին, թե ինչ խնամքով ու հոգատարությամբ էին կառավարվում հայկական գաղթօջախները, որոնք ձևավորվել էին 1915թ․ կոտորածներից առաջ, թե ինչ հզոր ուժ էին ներկայացնում դրանք։ Տեղին է նշել Ռուսաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Հնդկաստանի գաղթօջախները։ Դրանք մեծապես աչքի ընկան ոչ միայն խիստ ու կայուն կազմակերպվածությամբ, այլև գիտակրթական, հոգևոր-մշակութային հարուստ կյանքով։ Միայն Վենետիկի ու ս․ Ղազար կղզում մինչ օրս գործող Մխիթարյանների Միաբանությունն անգերազանցելի ավանդ ունի հայոց մեջ, դրանից առաջ Ամստերդամում հիմնված հայկական տպարանը վկայությունն էր տեղի հայության կազմակերպվածության։ Ռուսաստանում գործող Լազարյան ճեմարանն ու հայկական այլ կազմակերպություններ վկայում էին, որ այստեղ էլ հայությունը մի մեծ ու կազմակերպված ուժ է, իսկ հնդկահայ գաղութը այն ինչ արեց 17-րդ դարում, համարվում է բացառիկ մի երևույթ՝ ներկայացնելով Հայաստանի ազատագրման մի քանի ծրագրեր, ունենալով սեփական տպարաններ ու Հնդկաստանում վայելել ոչ միայն հնդիկ ժողովրդի, այլև անգլիական վերնախավի հարգանքը։

Ահա այսպիսին էր Առաջին Սերունդը։ Այսպիսի հզոր դոկտրինա էր միավորում նրանց բոլորին։ Բնականաբար կային հակասություններ, կային տարբերություններ, վեճեր ու անհամաձայնություններ, ինչպես օրինակ հայկական երեք քաղաքական կուսակցությունների միջև առկա գժտություններն ու երբեմն ատելության հասնող անհամաձայնությունները, հայոց լրագիրների՝ մեկը մյուսի նկատմամբ ունեցած թունավոր չարակամությունը, բայց հստակ է մի բան։ Նրանք բոլորը կարող ու կազմակերպված ուժ էին։ Ուժեղները մրցում էին ուժեղների հետ, ուժեղներն աշխատում էին ուժեղների հետ։

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *