ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երեք սերունդ – (մաս երկրորդ) .Ունեցան նյութապես ապահով կյանք .Զրկվեցին բոլոր տեսակի ինքնուրույնությունից

մաս երկրորդ

Արայիկ Մկրտումյան

1920թ․ նոյեմբերի 29-դեկտ․ 2 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական փոփոխություն էր, ինչպես հակված են կարծելու շատերը, այլև առաջին հերթին գաղափարական։

Սկսենք սկզբից

1918թ․ մայիսի 28-ին ստեղծված առաջին հանրապետությունն ըստ էության նշանավորում էր հայկական քաղաքական մտքի խոշոր ու կարևոր նշանակություն ունեցող բարձրակետ։ Շատերը, երբ խոսում են այդ իրադարձությունների մասին, նշում են, որ անկախությունն անխուսափելի էր, քանի որ լուծարված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության փոխարեն առաջացան վրացական ու ադրբեջանական հանրապետությունները, ուստի լրիվ բնական է, որ հայերը ևս իրենց ենթակա տարածքներում հռչակեցին իրենց հանրապետությունը։ Այդ տեսակետը խոսում է մակերեսային ու նեղմիտ հայացքի մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության հռչակումը ուներ նախ և առաջ գաղափարաբանական էություն, ապա և ֆիզիկական գոյությունը պահպանելու պահանջ, մի բան որը չկար վրացիների, առավել ևս ադրբեջանցիների մոտ, ըստ այդմ հայերը լրացուցիչ մի շարք խոշոր խնդիրներ ստացան։ Ի տարբերություն վրացիների ու ադրբեջանցիների, որոնցից առաջիններն իրենց անկախությունը նվեր ստացան գերմանացիներից, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերից, հայերը ստիպված էին մարտնչել կյանքի գնով։ Չմոռանանք նաև երկու կարևոր հանգամանք՝ 1915թ․ Մեծ Եղեռնը և Առաջին համաշխարհային պատերազմը։ Հայերի պայքարը երկու ավարտ ուներ՝ կա՛մ հաղթանակ ու անկախություն, կա՛մ պարտություն ու լիակատար ոչնչացում։

Բացատրեմ։

 1918թ․ մայիսին թուրքական զորքերը ձգտում էին գրավել ողջ Անդրկովկասը՝ փորձելով անել այն՝ ինչ չհաջողվեց 1915թ․ Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ, երբ գլխովին ջախջախվել էին։ Բայց 1918թ․ իրադրությունը լրիվ այլ էր։ Անդրկովկասը բաժան-բաժան էր արված, ռուսները հեռացել էին ու սեփական խնդիրներով էին զբաղված։ Հեղափոխական կռիվներով տարված ռուսները չէին կարող միջամտել ու թուրքերի ձեռքերը լիովին ազատ էին։ 1918թ․ փետրվարի 10-ին հայերի, վրացիների ու ադրբեջանցիների միացյալ Անդրկովկասյան Սեյմն իր անկարողությունը ցույց տվեց հենց առաջին օրվանից։ Անընդհատ հրաժարականներն ապացույց էին, որ դա արհեստական մարմին է ու ի վիճակի չէ ինչ որ համատեղ գործունեություն իրականացնելու, քանի որ միանգամից պարզ դարձավ խնդիրների առատությունն ու բազմազանությունը։ Ինչևէ, համատեղ կառավարման այս մոդելի փլուզումից հետո մայիսի 26-28 ընկած ժամանակահատվածում հայտնված երեք հանրապետություններից միայն հայկականն էր, որ ստիպված էր կատաղի պայքար մղել իր գոյության պահպանման համար։

Այստեղ չեմ խորանա առաջին հանրապետության պատմության մեջ, քանի որ նպատակը դա չէ, բայց հստակորեն կարող եմ նշել, որ առաջին հանրապետության նախաստեղծման ու ու կառավարման ընթացքում հրաշալի էր երևում այդ ողջ ներուժի արտահայտումն ու հետևանքները։

1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանն արդեն խորհրդային էր, իսկ դա լրիվ նոր երևույթի, գաղափարի ու աշխարհահայացքի ազդարարման սկիզբն էր։

1920-1991թթ․ Հայաստանը գտնվում էր Խորհրդային Միության մեջ՝ անունով ինքնավար, իրականում Մոսկվայից կախյալ հանրապետություն էր, ինչ իր հետ հսկայական փոփոխություններ ու հետևանքներ բերեց։ Փոփոխություններ եղան նաև Սփյուռքում, բայց ամեն ինչի մասին առանձին։ Այն ինչ կատարվեց Խորհրդային Հայաստանում, խորը հետք թողեց նաև նրա հաջորդի՝ երրորդ հանրապետության վրա, այդ ազդեցությունը նկատելի է մինչև հիմա ու դեռ երկար կշարունակվի։

Նախ կարևորի մասին՝ Խորհրդային Հայաստանը չուներ արտաքին ու ներքին ինքնուրույնություն և դա արտահայտվում էր ամեն ինչում՝ սկսած ԿԿ առաջին քարտուղարի ընտրությունից մինչև ամենասովորական շենքի կառուցումը, կրպակի տեղադրումը, կամ նույնիսկ սանրվածք, հագուստի ոճ, երաժշտական ճաշակ ու նույնիսկ սեռական կյանքի վերահսկում(քանի որ խոսք գնաց վերահսկման մասին, ապա այո՛, ԽՍՀՄ-ում դա էլ էին ձգտում վերահսկել ու նույնիսկ պետական մասշտաբով էր սահմանվում, թե ամեն տարի ինչ քանակությամբ պահպանակներ պետք է արտադրվեն, աբսուրդ է, բայց կար ու պատահական չէ, որ Ջորջ Օրուելն իր «1984» գրքում բարձրացնում է նաև այդ թեման, այ դա կոչվում էր վերահսկում)։

Ինչևէ, լիովին հասկանալի է, որ նման պայմաններում ավելորդ է խոսել քաղաքական կյանքի, մշակութային ինքնուրույնության կամ բազմազանության մասին, ուստի ԽՍՀՄ քաղաքացիները ստիպված էին գոհանալ նրանով, ինչ որ կար։ Մյուս կողմից էլ ԽՍՀՄ-ը միայն վատ ու բացասական երանգավորումներ չուներ և հատկանշական է այն, որ կոմունիստական ռեժիմը, աչքի ընկնելով անզուսպ տոտալիտարիզմով, նաև լավ-վատ, բայց արդյունքներ էր ստեղծում։  Պետք է ասել, որ ԽՍՀՄ տարիներին էր, որ Հայաստանում վերացավ մասսայական անգրագիտությունը(այս և մյուս առումներով պետք է հասկանալ, որ ասելով Հայաստան, նույն իրավիճակն էր նաև ԽՍՀՄ բոլոր երկրներում՝ մի քիչ ավել կամ պակաս չափով), լուծվեց բնակֆոդի հարցերը, գործազրկությունն ըստ էության վերացավ։ Չկային անտուն և լիակատար քաղցած մարդիկ։ Անշուշտ եղածն ամենալավն ու բարձր որակը չուներ, բայց ավելի նախընտրելի էր քան ավերված ու թալանված վիճակը։ Որոշ վերլուծաբաններ նաև նշում են, որ եթե Հայաստանի ճակատագիրը այլ ուղով ընթանար, ապա կապիտալիստական տնտեսակարգով ևս ունենալու էր զարգացում և բնականաբար մեծ զարգացում, այնպես ինչպես և մեծ զարգացում ունեցավ ԽՍՀՄ օրոք, ուստի սխալ եմ համարում այն տեսակետները, որ առանց ԽՍՀՄ ռեժիմի Հայաստանը կկործանվեր, թեև հասկանում եմ, թե որտեղից է գալիս այդ մտածելակերպը։ Բանն այն է, որ լրիվ վերահսկման պարագայում, մարդիկ հայտնվում են յուրօրինակ կաղապարի մեջ, ուր ամեն օրվա կյանքի սցենարը գծված է ու աշխարհը նրանց պատկերացնումներում այլ կերպ չի կարող լինել։ Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց տրամաբանական է նման հետևանքը։ Ինչևէ, անցնենք առաջ։

ԽՍՀՄ տարիները կարելի է առանձնացնել հիմնականում հետևյալ բնութագրիչներով՝ տնտեսական միասնական հզորություն, մշակութային ու գիտական վերահսկվող կյանք, քաղաքական-կուսակցական կյանքի իսպառ բացակայություն, միակուսակցական ռեժիմ և որ ամենակարևորն է, ԽՍՀՄ տարիներին փորձ էր արվում մարդկային նոր դասակարգ ստեղծել՝ խորհրդային քաղաքացու կերպարով, ինչն էլ պիտի հանգեցներ խորհրդային ազգի ձևավորմանը, այսինքն ազգերի ձուլում մեկ միասնական սոցիալիստական- կոմունիստական գաղափարի ու դրոշի ներքո։ Ի՞նչ պիտի անեին այդ դեպքում գաղափարական ու ազգային մարդիկ։ Խորհրդային քաղաքացու կերպարն ինչ որ առումով ստացվեց, իսկ խորհրդային ազգի ձևավորումը մի առասպել էր, որն անընդհատ բարձրաձայնվում էր իշխանությունների կողմից։

Այս հոգեբանությամբ ու կյանքով ապրելով ԽՍՀՄ ժողովուրդները հայտնվեցին այսպիսի իրավիճակում՝

  • Ունեցան նյութապես ապահով կյանք
  • Զրկվեցին բոլոր տեսակի ինքնուրույնությունից

Աղետալի հետևանք ուներ վերջին կետը, որի հետևանքներն այն ժամանակ ընկալելի չէր։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց ԽՍՀՄ տարիներին գաղափարների ու գաղափարականների հետ։ Հայաստանը խորհրդայնացնելուց անմիջապես հետո կոմունիստները ձեռնարկեցին այլակարծության իսպառ ոչնչացումը։ Դա արեցին առանձնահատուկ դաժանությամբ։ Բոլշևիկյան ռեժիմն ավելի անհանդուրժող ու ծայրահեղական գտնվեց, քան նույնիսկ ցարական իշխանությունները։ Եվ դա իր հետ սարսափելի հետևանքներ բերեց։ Ու դրանից ամենակարևորն ու ցավալին՝ էլիտայի ոչնչացումն էր։ Իշխանության գալու հենց առաջին տարիներին սկսվեցին զտումները։ Բոլոր նրանք, ովքեր առաջ եղել էին այլ կուսակցության անդամներ, մեծագույն մասը ձերբակալվեց ու կամ գնդակահարվեցին, կամ մահացան տաժանավայրերում ու աքսորավայրերում, հոգեբուժարաններում և այլ տեսակի ու ձևի համակենտրոնացման ճամբարներում։ Առանձնակի դաժանություն ցուցաբերվեց հոգևորականների ու մտավորականների նկատմամբ։ Այդ զտումներին զոհ գնացին նաև հազարավոր հայեր և նրանց թվում մեծ մասը անմեղ մարդիկ էին, որոնց շարքերում մեծ թիվ էին կազմում մտավորականները, զինվորականները։ Երեսունականներից սկսված ու մինչև 1953թ․ շարունակվող պետական ահաբեկչությունը սեփական քաղաքացիների նկատմամբ՝ հագնեցրեց միլիոնավոր մարդկանց մահվան։ Այդ ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ։ Մտավորական խավի ոչնչացումը հանգեցրեց ամեն ինչի պարզունակացմանն ու մշակութային ջրիկացմանը։

Տնտեսությունն այնպես էր կառուցված որ ոչինչ մեկ վայրում չէր սարքվում ու հավաքվում․ ամենասովորական ռադիոընդունիչն անգամ ողջ միության սահմաններում էր պատրաստվում։ Մի մասը պատրաստում էին Հայաստանում, մյուս մասը Լիտվայում, մյուս մասն այնտեղ և ոչ մի երկիր ի վիճակի չէր սեփական ամբողջական աշխատանք տալու։

Տնտեսական այսպիսի խիստ ապակայունությունը ցույց տվեց, որ նման բանին սովորելուց հետո չափազանց բարդ կլինի սեփական տնտեսությունը կառուցել, հատկապես երբ կենսական բոլոր թելերով կապված ես ուրիշի հետ։

Մեկ այլ բան։ Գիրք կամ ֆիլմ։ Մինչև Մոսկվայում այն չդիտեին, չքննեին ու դրական պատասխան չտային, ապա անհնար էր այդ գիրքը կամ ֆիլմը հրապարակել, դե իսկ չենթարկվողները միանգամից շատ խիստ պատասխանատվության էին ենթարկվում։

Քաղաքական կյանք գոյություն չուներ։ Խորհրդային կարգերից առաջ էլ հայ ժողովուրդը դեռևս չէր վարժվել քաղաքական-կուսակցական իրականությանը ու դա մասամբ կախված էր նրանից, որ քաղաքական կուսակցական խմբերը գործում էին կես-գաղտնի, կես-ցուցադրական ձևով, քանի որ ենթարկվում էին ցարական իշխանությունների ճնշմանը, և մասամբ էլ նրանից, որ այդ խմբակներն ավելի շատ ազգային ազատագրական բնույթ ունեին, քան՝ քաղաքական։ Թեև հայկական երեք կուսակցություններն էլ ունեին հստակ քաղաքական գաղափարախոսություն, բայց դրանք գործի չդրվեցին, որովհետև ժամանակն ու իրադրությունը շատ բարդ էին, դրանք ավելի շատ կիրառվեցին ներքին կազմակերպչական մակարդակում։ Անհնար էր ցարական ժամանակներով սոցիալիստական քննարկումները դարձնել հանրային և բոլորին հասու, դրանից բացի անգրագիտության ու հետամնացության շատ խորը մակարդակը թույլ չէր տալիս, գումարվում էր նաև տնտեսական չափազանց ծանր դրությունը և պարզ էր դառնում, որ նման պայմաններում շատ երկար կտևի ինչ որ քաղաքական ակտեր անելը։ Դեռ ավելին, կուսակցությունների գործունեությունը մեծ մասամբ արտահայտվեց արևմտյան Հայաստանում ազատագրական կռիվներում ու ահաբեկչական գործողություններում, ու դրանից շատ չանցած սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը և քաղաքական գործունեությունը մղվեց երրորդական պլան։ Առաջին հանրապետության տարիների բարդությունը թույլ չտվեց, որ քաղաքական դաշտը կայանա, դե իսկ ԽՍՀՄ-ում էլ ինչպես նշեցինք կուսակցական մենատիրություն էր, որը հորջոջվում էր իբրև «պրոլետարիատի դիկտատուրա», իսկ իրականում ընդամենը բոլշևիկյան կուսակցության էլիտայի դիկիտատուրան էր՝ զարդարված սոցիալիստական գաղափարախոսությամբ։

Այս ամենից բացի նաև 1939թ․ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, որը 1941թ․ սկսած ողջ ծանրությամբ փլվեց նաև ԽՍՀՄ-ի վրա։ Հայ ժողովուրդը ևս մեծապես վնասներ կրեց այդ պատերազմում՝ մարտնչելով, թե՛ ԽՍՀՄ, թե՛ դաշնակիցների բանակում։ Թեև Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չկատարվեցին, բայց Հայաստանը ևս հայտնվեց տնտեսական ծանրագույն պայմաններում, դրանից բացի կորցրեց մոտ չորս հարյուր հազար մարդու, որոնք զոհվեցին ռազմաճակատում։ Այդ աղետալի վիճակին շարունակեց խորհրդային ղեկավարության ահաբեկչական քաղաքականությունը ու պատերազմի ավարտից հետո էլ շարունակվեց անվերջ աքսորներն ու գնդակահարությունները։ Ժողովուրդն այլևս ուժ չուներ դիմադրելու այդ ամենին ու միայն 1953թ․ Ստալինի մահը վերջ դրեց այդ սարսափին, բայց հայ ժողովուրդն արդեն հասցրել էր ծանրագույն կորուստներ կրել։

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *