Պետության և իշխանության շահերից է բխում ունենալ ազդեցիկ ընդդիմություն, քանի որ ակնհայտ է, որ որքան ուժեղ է ընդդիմությունը, նույնքան ուժեղ է իշխանությունը:
Էդմոն Վարդանյան
Ընդդիմություն՝ ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկը, գործող իշխանության կողմից անտեսված խնդիրների արտահայտողը։ Այն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր կերպ է ընկալվում։
Քաղաքական ընդդիմությանը վերապահված է ուրույն և կարևորագույն դերակատարություն ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորման և զարգացման գործընթացում:
Քաղաքակիրթ երկրներում ընդդիմությունը հանդիսանում է քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը: Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը:
Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ռոբերտ Դալն իր «Քաղաքական ընդդիմությունը Արևմտյան դեմոկրատիաներում» աշխատության մեջ նշում է, որ ընդդիմության ձևավորման համար անհրաժեշտ են հետևյալ յոթ պայմանները, որոնք են՝ պետության սահմանադրական կարգի և ընտրական համակարգի գոյությունը, քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, հասարակության մեջ հատուկ ենթամշակույթների գոյությունը, կառավարության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհության աստիճանը, հասարակության մեջ սոցիալական և տնտեսական բաժանումը, զանգվածային գիտակցության առանձնահատկությունները, որը պայմանավորված է ընդդիմություն-կառավարություն փոխհարաբերությունների բնույթով և հասարակության բևեռվածության աստիճանը:
Շվեյցարիայում գործող ընդդիմության մոդելը ուղղակի անվանվում է դեմոկրատական: Այս երկրի քաղաքական համակարգին բնորոշ է իշխանության՝ ժամանակավոր կոալիցիաներում հնարավորինս մեծ քանակությամբ ընդդիմադիր ուժեր ներգրավելու ձգտումը՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար:
Ըստ ամերիկացի քաղաքագետ Խուան Լինցի գոյություն ունի լոյալ և ոչ լոյալ ընդդիմություն :
Լինցը բավականին մանրամասն և ամբողջականորեն մշակել է այն հատկանիշները, որոնք, ըստ նրա, հատուկ են լոյալ ընդդիմությանը: Դրանք են՝
· Միայն ընտրությունների ճանապարհով իշխանության հասնելու պարտավորվածության ամրագրում հանրության առաջ
· Հստակ հրաժարում իշխանության ձեռք բերման կամ պահպանման գործում բռնի մեթոդների կիրառումից
· Հրաժարում իշխանության նվաճման կամ լոյալ ժողովրդավարական ընդդիմության սահմանափակման նպատակով բանակին դիմելու հակասահմանադրական կոչերից
· Հրաժարում բռնությամբ իշխանությունը զավթելու նպատակով սեփական կողմնակիցների համախմբմանն ուղղված հռետորաբանությունից
· Մասնակցություն քաղաքական գործընթացներին, ընտրություններին և խորհրդարանական գործունեությանը՝ առանց առաջ քաշելու ժողովրդավարական քաղաքական գործընթացին անհարիր պայմաններ
· Պատրաստակամություն ամբողջությամբ իր վրա վերցնելու կառավարական պատասխանատվությունը կամ կազմելու կառավարող մեծամասնության մաս, երբ համակարգային կուսակցությունները հնարավորություն չունեն կազմելու կառավարություն
· Գաղափարախոսական առումով հակադիր, բայց ժողովրդավարական քաղաքական կարգի պահպանմանը կողմնակից մրցակիցների հետ միավորելու պատրաստակամություն (այս պահանջն էլ ավելի խիստ է և հավանաբար դժվար կիրառելի)
· Հրաժարում անլոյալ ընդդիմության հետ գաղտնի կապերից և նրան սատարելուց
· Իշխանության տապալման նպատակով հետապնդող ընդդիմության կամ զինված ուժերի գործունեության մասին լեգիտիմ ժողովրդավարական կառավարությանը տեղեկացնելու պատրաստակամություն:
Ոչ լոյալ ընդդիմությանը բնորոշ են տրամագծորեն հակադիր բնութագրիչները:
Այսպես ոչ լոյալ ընդդիմության հիմնական բնութագրիչը ոչ միայն իշխանության ղեկին գտնվող կուսակցությունների և ուժերի հանդեպ անհանդուրժողականությունն է, այլև գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգի մերժումը: Ոչ լոյալ ընդդիմությունը փաստացիորեն մերժում է այն ամենը, ինչը կապված է գործող իշխանության և նրա քաղաքականությանը, ինչպես նաև այն համակարգի հետ, որի շրջանակներում նա գործառում է:
Երկրում առողջ քաղաքական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի որակներով օժտված ընդդիմություն, որը սնուցվում է հասարակության համար ընդունելի սկզբունքներով ու արժեքներով:
Պետության և իշխանության շահերից է բխում ունենալ ազդեցիկ ընդդիմություն, քանի որ ակնհայտ է, որ որքան ուժեղ է ընդդիմությունը, նույնքան ուժեղ է իշխանությունը:
Այս առումով իշխանության խնդիրն ահռելի է:
Հրապարակ բերելով ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման հարցը, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա գալով իշխանության՝ քաղաքական այդ ուժի պարտավորությունն է դառնում ձևավորել այնպիսի ինստիտուցիոնալ քաղաքական համակարգի կառուցում, որում հակադրվող քաղաքական ուժերի, քաղաքական համակարգի սուբյեկտների՝ իշխանության ու ընդդիմության զինանոցում առկա կլինեն առավելապես ծրագրային ու գաղափարական լուծումներ, որոնք կապահովվեն ավելի կառուցողական քայլերի իրականացումը:
Ընդդիմությունը պետք է արտահայտի շահեր, կապակցի դրանք, և եթե անհրաժեշտ է՝ լայն աջակցություն մոբիլիզացնի, ինչը թույլ կտա նրան ավելի մեծ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի և իշխանությունների վրա: Այն կունենա նաև հանրայնացված գործառույթ՝ կրթելով քաղաքացիներին և ներառելով նրանց քաղաքական համակարգի ու քաղաքական գործընթացների մեջ:
Կառավարությունը պետք է բավական ուժեղ լինի, որպեսզի երաշխավորի ազատ, արդար և ապահով մրցակցային դաշտ: