Հայաստան

«Ախպեր» Դաշնակիցը

Հայ֊ռուսական հարաբերություններում հենց մի բան էն չի, ուրեմն մեղավորը հայերն են

Արայիկ Մկրտումյան

Երևի դուք էլ եք նկատել, որ հայ֊ռուսական հարաբերություններում հենց մի բան էն չի, ուրեմն մեղավորը հայերն են։ Միշտ։ Հավիտյան։ Ու վերջ։ Ինչ ուզում է լինի, մեկ է՝ ռուսները ազնիվ փրկիչներ են, իսկ հայերը՝ համը հանողներ։

Արդյո՞ք այդպես է։

Եկեք հասկանանք

Դեռևս հեռավոր 1700֊ականներին Իսրայել Օրին դիմեց Ռուսաց կայսեր Պետրոս Մեծին՝ օգնության խնդրանքով։ Պետրոսն էլ ասեց մի բան կանենք։ Հետո, երբ 1722թ. Հայերը ապստամբություն բարձրացրին ու կռվում էին պարսից դեմ, ռուսներն ասին, գալիս ենք, դուխով։ Հայերն դուխով էին, ասելուց առաջ էլ, չգալուց հետո էլ։ Ու 1724թ. Ռուսները պայմանագիր ստորագրեցին թուրքերի հետ՝ ողջ անդրկովկասը նրանց հանձնելով։ Հայերն էլ դե սպասում էին։Հա դե ոչինչ։ Բան է պատահում է։ Անցած լինի։ Ոչինչ, որ հայերը կռվեցին պարսիկների, հետո թուրքերի դեմ, ոչինչ, որ ռուսների հետ պայմանավորվելուց հետո թուրքերը 150 հազարանոց բանակով եկան ու սրի քաշեցին Սյունիքը։

Հետո սովետի ժամանակ նկարահանեցին “Մխիթար սպարապետ” ֆիլմը, որտեղ ռուսները ֆիլմում եկան ու փրկեցին Հալիձորը ու մի գեներալ էլ ասեց “Ռուսիան ձեզ հետ է”։ Պատմության բացահայտ կեղծումն էլ էր երևի բարեկամության ապացույց։

Հետո ռուսները մի հինգ անգամ պատերազմ վարեցին թուրքերի դեմ ու ամեն անգամ արդյունքը լինում էր այն, որ ռուսներն ու թուրքերը հայոց հողերը կիսում էին իրար մեջ, ու հայերը մնում էին թևաթափ եղած։ Ամեն անգամ ռուսներն ասում էին, որ տղերջ ջան, էս էն մեկի նման չի, էս անգամ ուրիշ է, կպեք մեզ, ցավներդ տանեմ, թուրքին հաղթենք, ինքնավարությունը՝ մեզնից։ Բնականաբար ռուսները մեզ ոչ մի ինքնավարություն էլ չտվին։

Ու էդպես անընդհատ, մինչև 1914թ.։ Սկսվեց համաշխարհային պատերազմը։ Ռուսներն իհարկե նորից նույն երգը զլեցին, որ հայեր ջան սա արդեն լրիվ ուրիշ մոմենտ է, հաղթում ենք ու ինքնավարություն, անկախություն, ինչ ուզեք։ Հայերն էլ բնականաբար էլի հիշեցին, որ ռուսները դարավոր բարեկամ են։ Կռիվը գնաց գնաց գնաց ու հասավ 1916թ. Ու հայերին ինքնավարություն խոստացած ռուսները ֆրանցիացիների ու անգլիացիների հետ գաղտնի համաձայնագիր էին ստորագրում, թե էս անգամ ով ինչ է ստանալու։ Հայերի ինքնավարության հերն էլ անիծած, հլը որ կռվում են։ Հետո մի բան կասենք, կանցնի կգնա, առաջին անգամը չէ։

Բայց 1917թ. Ռուսաստանում եղավ հեղափոխություն, ռուսները թքեցին ամեն ինչի վրա ու վեր կացան գնացին իրենց երկիր՝ իրենց գործերով, մեզ էլ ասին ախպեր դուք ու ձեր հարցերը, մենք զբաղված ենք։ Դե մենք էլ զբաղվեցինք։ Նույնիսկ հանրապետություն հիմնադրեցինք։

Մի երկու տարուց ռուսներն էլի եկան, թե բա դարավոր բարեկամություն։ Մեր հանրապետությունը կործանեցին ու նորից գրավեցին Հայաստանը։ Ու էլի սկսեցին զբաղվել իրենց սիրած գործով՝ թուրքի հետ պայմանագիր՝ Հայաստանը կիսելու համար։ 1921թ. Հայաստանի հողերը կիսեցին էս անգամ նաև բաժին տալով թուրքերի փոքր եղբայր ադրբեջանցիներին։ Ու ողջ ԽՍՀՄ տարիներին չէին մոռանում անընդհատ ստուգել, թե հո չենք մոռացել, որ ռուսներն ու մենք դարավոր բարեկամներ ենք։ Ստիպված էինք չմոռանալ։ Սումգայիթ կար, Սպիտակ կար։ Թարմ էր պահում։

1991թ. Ռուսներն էլի ձանձրացան ու ասին տղերք, սովետն արդեն չի դզում, չենք ուզում, ամեն մեկդ ձեր գործով զբաղվեք։

Մենք էլի սկսեցինք մեր գործով զբաղվել։ Ադրբեջանցիներին վռնդեցինք մեր հողերի մի մասից ու ռուսները նորից իրար խառնվեցին, թե բա էս ախպեր֊ընկեր հարգող չկա՞ ու էլի բարեկամությունը մտավ ուժի մեջ։ Ու էսպես վիճակը հասավ մինչև 2020֊ի սեպտեմբեր, երբ ազերիները հարձակվեցին մեր վրա ու մեր դարավոր բարեկամները անընդհատ ասում էին, որ իրենք մեր դարավոր բարեկամներն են։ Ճար չունեինք չհավատալու, բայց դե շատ ուշացան։ Շատ։ Ասեցին չենք կարող եղբայր, պայմանագիր կա բան կա։ Հետո երբ մեր տեղը լրիվ նեղացավ, մեր բարեկամները մեզ ու թուրքին պայմանագիր ստիպեցին, որով արցախյան հողերի մի մեծ հատված անցավ թուրքին, իրենք էլ մեկ երկու օրում շատ արագ հասան մնացյալ հողեր ու հիմա մինչև ատամները զինված էնտեղ բազա ունեն ու մենք չենք մոռանում, որ իրենք մեր դարավոր բարեկամներն են։ Ճար չունենք։

Իսկ հիմա լուրջ։ Ամեն անգամ ռուսների կողմից հերթական սրիկայությունը մենք չտեսնելու ենք տվել ու մենք միայն մեզ մեղադրել, որ բավարար չափով ուշադիր չենք, նրբանկատ չենք, հնազանդ չենք, չենք ժպտում, մեկ մեկ բողոքում ենք……էէէէհ։

Ու հիմա էլի վստահ ենք, որ ռուսները երբեք վատը չեն կարող լինեն, էդ մենք ենք մեղավոր մեեեենք։ Հա՞։ Էդպե՞ս է։ Մենք ենք մեղավո՞ր։ Մե՞նք։ Սա ի՞նչ բարեկամություն է։ Սա ի՞նչ բարեկամություն է, սա ինչ դաշնակից է։ Էդ ինչպես է, որ ինչ էլ լինի, մեկ է մեղավորը հայերն են, իսկ ռուսները՝ սրբության սրբոց։

Ու միշտ ասել են մեղավորը ցարն է, փոխարքան է, Լենինն է, Ստալինը, բոլշևիկը, կոմունիստը, սև շունը, բայց ոչ երբեք ռուսը։ պատմության գրքերում ռուսի սխալի մասին մի տառ չեք գտնի։

Հ.գ. ես շատ լավ տարբերում եմ պետությանն ու ազգին։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *