Հայաստան

Այլընտրանք

Վիքէն Արաբյան

Դժվարանում եմ հաւատալ, որ մեր հասարակությունում գոյություն ունի մարդ, գեթ մեկ ազնիվ հայ մարդ, որ այսօր պատրաստ է գիտակցաբար բռունցք բարձրացնել աւելի քան քառորդ դար սեփական ժողովուրդը հալածած, երկիրը կեղեքած, հայ զինվորի հացը կերած, միլիարդավոր դոլարներով հայոց պետությունն ու բանակը թալանած ուժերի կողքին․ մի՞թէ այնքան է խորն պարտված հայի վիշտը։

Արդիոք չունե՞նք իրավունք սթափության, գիտակցության կոչ անելու, եթէ նոյնիսկ գիտակցում ենք, որ այսօրվա “ընդդիմադիր” 16+ ուժերի հիմնական պարագլուխները գլխավոր պատասխանատուներն են, քանի որ 26 տարիների ընթացքին հայրենիքը հասցրել են այս ողբալի վիճակին։ Մի՞թէ այնքան ենք ցավում, որ չենք հասկանում, որ ցասման այս օրհասական պահին խթան ենք դառնալու, որ իշխանության վերադառնան մարդիկ, որոնք երկար տարիներ եղել են իշխանություն ու այդ ժամանակաշրջանի ողջ տևողության ընթացքին, ծառայել են բացառապես իրենց անձնական շահերին և սնանկացրել այն հայրենիքը, որ այսօր դուրս են եկել “փրկելու”, սնանկացրել են իր ժողովրդագրական, գիտական, տնտեսական, մարտական ներուժից ու երկուսուկես տարի եղել են սարսափած, որ կորցնում են իրենց անձնական կուտակած հեղինակությունը, հարստությունն ու կենցաղային ապահովությունը, նույնիսկ ազատությունը, այս պահին էլ կանգնած են Բաղրամյան պողոտայի վրայ ու խորամանկորեն շահագործում են խորտակված ազգի ըմբռնելի ընդվզումը։

Մի՞թէ ցավը այնքան անտանելի է, որ կորցրել ենք մեր դատողությունը ճշտի ու սխալի, կամ մի՞թէ ես այնքան սառնասիրտ եմ, որ կարողանում եմ իմ վիշտը հաղթահարել ու զանազանել ճիշտն ու սխալը։

Ասում են՝ պատերազմները հաղթում են չսկսած։ Արցախյան վերջին պատերազմը լաւագույնս է ապացուցել ասվածը։ Նրանք, ովքեր անցել են պատերազմի բոհով ու թոհով, գիտեն, որ մի կողմ դնելով ռոմանտիք դուխով ուղղորդվող ցանկությունները՝ մենք այս պատերազմը կորցրել էինք առաջին իսկ օրվանից, գիտակցում են, որ պատերազմում պարտվեցինք 94 թվի մայիսից սկսած՝ անցնող ամեն օր հետ ընկնելով թշնամուց։

26 տարի հայ զինվորը առաջնագիծը պահեց՝ զուրկ պատշաճ պաշտպանական ամրացումներից, 90-ականներին կառուցված բաց խրամատներում, առանց ջրի, առանց կայուն, ապահով, մոբիլ կապի միջոցների, զրկված օդային, հակաօդային ու հակատանկային համաչափ պաշտպանական համակարգերից։ Լինելով պատերազմական երկիր ՝26 տարի չպատրաստեցինք մարտունակ աշխարհազոր, չկիրառեցինք նույնիսկ պատերազմական իրավիճակում վիրավոր զինվորին տարհանելու ու բուժում ապահովելու համակարգ, թողնելով, որ հայրենիքի վիրավոր պաշտպանը դիրքից տարհանվի Արարատյան դաշտի բանջարեղեն բեռնափոխադրող և բժշկական սարքավորումներից զուրկ հնամաշ Ուազով՝ հասցնելու համար մի զինվորական հիվանդանոց, որը զուրկ է շենքային, պատերազմական անվտանգության և մասնագիտական բժշկական տարրական պայմաններից։

Մենք ազգովին մեղավոր ենք, որ տարիներով գերադասեցինք մեր անձնական հանգիստը , և անտարբերությամբ թույլ տվեցինք, որ մեր երկրում իշխեն մեկը մյուսի հետևից ընտրություններ կեղծող, ժողովուրդի թիկունքը չունեցող հանցագործ օլիգարխիք ընտանիքներ, իսկ 2018-ին թույլ տվեցինք․ որ ժողովուրդի արդար ցասման  հեղափոխությամբ և ի վերջո ազատ ու արդար ընտրություններով իշխանության եկածները վարեն ապիկար կատրային քաղաքականություն, երբ ունեինք պատմական առիթ՝ ստեղծելու համազգային համաձայնության, մասնագետների կառավարություն, պետություն․ փոխարենը հերթական անգամ լռեցինք, շարունակեցինք մեր միջին-արեւելեան անձապաշտությունը ու ստացանք հեղափոխության առաքինի լոզունգներով իշխանության եկած, ինքնահաստատման բարդույթ ունեցող միջակությունների մի իշխանություն, որը, բացարձակ զուրկ լինելով կատրային ներուժից, այդպես էլ երբեք չհեղափոխեց։

Հարգելի՛ Վարչապետ, իմ քայլականներ, այո՛, դուք ընտրվեցիք ազատ ու արդար ընտրություններում, առաջինը ՝ 1991-ի ընտրություններից հետո, այո՛, դուք ստացաք հզոր լեգիտիմ մանդատ ՝հեղափոխելու երկիրը, և ձեր թիկունքին ունեցել էք անձամբ ինձ ու ողջ հայ ժողովուրդի աննախընթաց ու ճնշող մեծամասնությունը, բայց դուք ձեր գործունեությամբ ընդհանրապես և մասնավորապես պատերազմյան ու հետ-պատերազմյան պահվածքով կորցրել էք ձեր լեգիտիմությունը։

Լեգիտիմությունը միայն քաղաքական քուեով չի։

Այսօր կանգնած ենք մեր ազգի պատմության անկյունադարձային մեծագույն որոշմանը առաջ․ Հրամցված երկու տարբերակներն էլ մեզ տանելու են կործանման․ Չենք վերադառնալու մերժված ու “փրկիչ”-ի վերափոխված նախկիններին, և մերժում ենք դավաճանական անգործության հասնող ապաշնորհ իշխանությունը։ Ունենք այլընտրանք՝ Ազգային ուժերից թելադրված, բայց քաղաքական որևէ պատկանելիություն չունեցող մասնագետների՝ նոր վարչապետ և կառավարություն, որի մեկ տարվա առաքելությունը կը լինի երկիրը դուրս բերել այս փոթորկոտ ովկիանոսից՝ կազմակերպելով համազգային միասնության և առաջնահերթությունների նոր սահմանադրության հանրաքուէ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հերթական անգամ չլռենք. աղաղակենք մեր հստակ դիրքորոշումը․ այլընտրանք չունենք։

    

3 Responses to “Այլընտրանք”

  1. Հելէն Reply

    Հանցաւոր ենք որ վստահեցանք, եւ շատ բաներէ տեղեակ չէինք։ Գրիչդ անսպառ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *