Հայաստան

Որակների Արմատական Փոփոխություն

Ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանը ռուսներին թույլ է տալու ավելի վստահ խոսել Թուրքիայի եւ Ադրպեճանի հետ

Հակոբ Բադալյան

Ինչ է անում ուժեղ դաշնակիցը, եթե բացի դաշնակցի հետ հարաբերությունից եւ պարտավորությունից, նաեւ աշխատելու եւ հարաբերվելու խնդիր ունի այն սուբյեկտների հետ, որոնք սպառնալիք են դաշնակցին: Ուժեղացնում եւ հնարավորինս ինքնաբավ է դարձնում դաշնակցի պաշտպանական, անվտանգային կարողությունը այն սպառնալիքին համարժեք, որ առկա է: Որպեսզի ստիպված չլինի հանուն դաշնակցի կռվել մյուս կողմի դեմ, որի հետ էլ չի ուզում փչացնել հարաբերությունն ու ցանկանում է աշխատել, եւ միաժամանակ ստիպված չլինի հանձնել դաշնակցին եւ վարկաբեկել նաեւ սեփական դաշնակցային վարկը:

Բավականին արտահայտիչ օրինակ կարող է լինել ԱՄՆ-Իսրայել դրությունը: ԱՄՆ նպաստել է Իսրայելի զգալի ինքնաբավությանը, որպեսզի Իսրայելը ինքն իրեն կարողանա պաշտպանել եւ ԱՄՆ ստիպված չլինի ակնհայտ թշնամանալ արաբական պետությունների հետ: Մի քիչ ընդհանրացված օրինակ եմ բերում, բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը:

Պարզ է, որ Ռուսաստանը հանուն Հայաստանի չէր ուզի թշնամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եվ սրա համար մեղադրել Ռուսաստանին, մեղմ ասած ռացիոնալ ու սթափ չէ: Բայց Ռուսաստանը կարող էր այս տարիների ընթացքում առավելագույնս նպաստել հայկական անվտանգային համակարգի, հայկական պետության պաշտպանունակության ինքնաբավ մակարդակի բավականին բարձր լինելուն: Դա կնշանակեր, օգնել օրինակ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Բայց, Ռուսաստանից օրինակ, ձայն բարբառո անապատի, երբ 2017 թվականին Սերժ Սարգսյանն Իզվեստիայում հոդվածով արտահայտել էր Գյումրիում ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու միտք: ՄԻնչդեռ, առանց ուժեղ լոկոմոտիվի, հնարավոր չէ ռազմարդյունաբերական համալիր ստեղծել: Մեզ համար շատ հաճախ օրինակ բերվող Իսրայելն էլ դա չէր կարող անել առանց ԱՄՆ:

Դա օբյեկտիվ խնդիր է, կան հզորներ, որոնք թույլ չեն տա կայանալ եւ խաղալ, եթե չի գտնվում գործակցության բանաձեւը: Հեքիաթներով պետք չէ ապրել: Իսրայելն ու ԱՄՆ գտել են դա եւ դա զգալիորեն կախված է եղել ոչ միայն իսրայելական էլիտայի մտածողությունից, այլ նաեւ դաշնակցի՝ ԱՄՆ մտածողությունից եւ պատկերացումներից: Եվ այն, որ Հայաստանը դա չի գտել, միայն հայկական էլիտայի պատասխանատվությունը չէ, այլ նաեւ դաշնակցի, որը ինքնաբավ Հայաստանի մեջ տեսել է ոչ թե նաեւ իր ուժը, իր ճկունությունը բարդ ռեգիոնում, այլ վախեցել է, տեսել սպառնալիք՝ թե կարող է կորցնել Հայաստանը: Ըստ այդմ արել է ամեն ինչ կախվածությունն առավելագույնի հասցնելու համար:

2016 ի ապրիյան քառօրյայից հետո փորձեցի իմ հրապարակումներով այս միտքը առաջ տանել, որ ուժեղ Հայաստանը իրականում չի նշանակելու Ռուսաստանին «գցող» Հայաստան, որ ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանը ռուսներին թույլ է տալու ավելի վստահ խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այդ միտքը փորձեցի առաջ տանել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո: Բայց, երբ ընդհանուր համատեքստում ենք դիտարկում այսպես ասած մտքերի հարաբերակցությունը, ապա Ռուսաստանի պետական քաղաքականության մշակումներում այսօր գերակշռում է թուրք-ադրբեջանական միտքը կամ մտքերը: Եվ, երբ Էրդողանի խորհրդականը հայտարարում է, թե 25 միլիոն մահմեդականով կքանդեն Ռուսաստանն ու Ռուսաստանի վերնախավը լռում է, դա այդ իրողության պարզ վկայություն է, ցավոք սրտի: Եվ այդ լռության պատճառը լոկ այն չէ, որ ռուսները գիտեն, որ թուրքերը դա կարող են անել այդ 25 միլիոն մահմեդականի միջոցով: Լռության պատճառ է նաեւ այն, որ 25 միլիոն մահմեդականից ավելի վտանգավոր է հենց այն, որ պետական քաղաքականությունը մշակվում է թուրք-ադրբեջանական մտքի գերակայությամբ:

Կարո՞ղ ենք մենք՝ հայերս փոխել այդ հարաբերակցությունը: Անհնարին խնդիր չէ, բայց չափազանց բարդ, որը նախ եւ առաջ պահանջում է ներհայկական որակների արմատական փոփոխություն: Ահա էստեղ է, որ խնդիրը մոտենում է անհնարինության սահմանին:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *