Մինչ մենք այստեղ զբաղված ենք իրար հայհոյելով, Թուրքիան գուցե և ձեռք բերի գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնք իրենց մակարդակով հավասար են ամերիկյան F-35 կործանիչներին
Արայիկ Մկրտումյան
ՌԴ-ն պատրաստ է Թուրքիային վաճառել СУ-57։
Այս լուրը տարածվում է համացանցով ու, եթե դա իրոք այդպես է, ապա մենք լրջանալու ևս մեկ պատճառ ունենք։
Եկեք հասկանանք։
Մինչ մենք այստեղ զբաղված ենք իրար հայհոյելով, Թուրքիան գուցե և ձեռք բերի գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնք իրենց մակարդակով հավասար են ամերիկյան F-35 կործանիչներին։ Արցախյան պատերազմի ժամանակ թուրքերը մեր դեմ կիրառեցին F-16 ինքնաթիռներ ու բոլորս էլ հիշում ենք, թե ինչ մղձավանջ էր դա։ Իսկ հիմա պատկերացրեք, որ թուրքերը ձեռք են բերում մի ինքնաթիռ, որը չի զիջում F-35-ին։
Իսկ դա այնքան էլ անհավանական չէ, եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեռ դրանից առաջ էլ ձեռք էր բերել ռուսական արտադրության C-400 հակաօդային հզորագույն համակարգ, որը թեև լարվածություն մտցրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, բայց թուրքերը հիմա ունեն ամերիկյան հզոր ինքնաթիռներ ու ռուսական հակաօդային համակարգեր։
Մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ երկրորդը, ինչպես նաև չունենք դրանց դեմ պայքարելու ոչ մի միջոց։ Մեզ համար խնդիր դարձան ԱԹՍ-ները, ուր մնաց գերժամանակակից ինքնաթիռները։
Ռուսական զենքով զինվող Թուրքիան բավական մեծ ազատություն է ստանում, որ կարող է օգտագործել ռուսական զենքերը՝ առանց կաշկանդվելու ինչ որ օրենքներով։ Այդ օրենքները նրան չխանգարեցին ՆԱՏՕ-ի զենքերը հայերի դեմ կիրառելուն, թեև հնչեցին քննադատություններ, բայց թուրքերը թքած ունեն այդ ամենի վրա ու ամեն ինչ կանեն ռուսական զենք ստանալու համար՝ լուծելով երկու կարևոր հարց.
1.Ազատորեն կկիրառի իր զենքերն առանց ՆԱՏՕ-ից թույլտվություն հարցնելու
2. Մեծ անկախություն ձեռք կբերի ՆԱՏՕ-ից՝ լինելով ՆԱՏՕ անդամ։
Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ ռուսական ինքնաթիռներ վաճառելն առաջին հերթին քաղաքական ակտ է, հետո նոր միայն՝ ռազմական (ու նաև հզոր ինքնաթիռներ են ու ոչ ոք չի հրաժարվի դրանից)։
Հարց է առաջանում․ ռուսներն ի՞նչ գին են պատրաստ վճարել Թուրքիային՝ նրան ՆԱՏՕ-ից դուրս քաշելու համար։
Թուրքերն իհարկե մեծ գին կուզեն, բայց եթե ինքնաթիռները վաճառվեցին, ապա դա կարելի է սկսված գործ համարել։
Հիշեցնեմ, որ ռուսները թուրքերի համար նաև ատոմակայան էին կառուցում։ Ճիշտ է, հենց այս պահին ասում են, որ դա կասեցված է, բայց ո՞վ կերաշխավորի, որ հաջորդ քայլը չի լինի թուրքերին ատոմակայան նվիրելը (անկախ նրանից, որ ռուսներն են վերահսկելու, դա դառնում է թուրքական)։
Իսկ ատոմական ունենալուց մինչև ատոմային զենք ունենալը կես քայլ է։
Արդյո՞ք ռուսները պատրաստ են թուրքերին դարձնել ատոմային տերություն և միաժամանակ նրան դուրս քաշել ՆԱՏՕ-ից, որի վերահսկողությունից ազատված ատոմային Թուրքիան պարզապես անկառավարելի կդառնա։
Նա անկառավարելի է նաև հիմա, իսկ ի՞նչ կանի, եթե ազատվի ամերիկացիների ու ֆրանսիացիների վերահսկողությունից և դեռ ատոմային ռումբ ունենա։ Մանավանդ որ Թուրքիան խնդիրներ ունի ՆԱՏՕ-ում ու հաճույքով դուրս կգա այնտեղից հենց համարժեքը ստանա, իսկ դա կարող են վճարել ռուսները։
Եթե ռուսները մտածում են որդեգրել թուրքերին, ապա դա շատ մեծ ռիսկ է։ Թուրքիան այլևս 19-րդ դարի կիսագաղութը չէ, այլ գազազած և ուժեղ պետություն։ Թուրքերին որդեգրելու ռուսական փորձերը միշտ ձախողվել են։
Վերջին անգամ այդ փորձը արել և տապալել են բոլշևիկները։ Ռիսկ կա կրկնման։
Ամեն դեպքում մեզ համար միայն վատ է լինելու։