Հայաշխարհ

Հարյուրամյա Թյուրիմացություն

Եթե Հայաստանը լիներ ուժեղ և կայացած պետություն, ապա կարող էր այդ ամենը նորից վեր բարձրացնել, նորից շոշափել այդ հարցերը և ուղղել այս հարյուրամյա սխալը, բայց ունենք այն, ինչ ունենք ու հիմա շատ մշուշոտ է խոսել այդ մասին։

Արայիկ Մկրտումյան

Այս տարի, հենց այս օրերին լրանում է ռուս-թուրքական «Մոսկվայի պայմանագիր» կոչված ավազակային, անօրինական դաշնագրի հարյուրամյակը։ Այդ պայմանագիրը կնքվել է ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1921թ․ փետրվ․ 26 – մարտ 16 ընթացքում (վերջնական ստորագրվել է մարտի 16-ին)։

Այդ պայմանագրով ռուս-թուրքական կողմերը իրար մեջ կիսեցին հայոց հողերը, դա վերահաստատվեց հոկտեմբերի 13-ին Կարսի պայմանագրով, իսկ այդ նվաստացուցիչ պայմանագրի վավերաթղթերը փոխանակվեցին 1922թ․ սեպտեմբերի 11-ին՝ Երևանում։

Այդ անեծքը վերահաստատվում է մինչև օրս՝ 20 տարին մեկ ու հիմա լրանում է հինգերորդ փուլը։ Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը, կվերակնքվի նաև վեցերորդ անգամ՝ էլի 20 տարով, ամեն դեպքում հայերիս համար լավ բան չեմ սպասում։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ էր ներկայացնում այդ չարաբաստիկ պայմանագիրը։

Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից ` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։

Կարսի պայմանագրով՝

• Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։

• Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։

• Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։

• Բաթումի բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։

Մի խոսքով միանգամից երևում է այս միջազգային սրիկայության ողջ հակահայկական էությունը։

Իսկ հիմա կարևորի մասին.

Պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները ։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924թ․)

Թուրքիայի ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922թ․ թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհհամեդ 6 -ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից։

Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920թ․ թվականի մայիսի 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Քեմալն ազատվեց մահապատժից միայն 1923թ․ հուլիսի 24-ի համաներմամբ։

Բացի դրանից, պայմանագիրը կարող է վերաբերվել միայն կնքող կողմերին, ոչ թե երրորդ երկրի, որը նույնիսկ չի էլ մասնակցում այդ ամենին։ Դա ոչ թե պայմանագիր էր, այլ կոնկրետ գաղութացում, այն էլ շատ կոպիտ ու անշնորհք ձևով։ Հիշենք նաև, որ 1921թ․ փետրվարի 18-ի ապստամբությամբ հայերը դուրս էին վռնդել բոլշևիկներն Հայաստանից, վերականգնել անկախությունը մինչև ապրիլի 2-ը, երբ բոլշևիկները վերագրավեցին Երևանը։ Պայմանագրի կնքման պահին Հայաստանը անկախ էր։

Ստացվում է, որ մի չճանաչված երկիր պայմանագիր է կնքում մեկ այլ երկրի ՀԿ-ներից մեկի ղեկավարի հետ, ով ի դեպ հետախուզման մեջ է ու հեռակա կարգով մահվան է դատապարտվել ու այս երկուսն իրար հետ կիսում են բոլորովին ուրիշ՝ երրորդ երկրի տարածքները։

Նման լպիրշություն կարծում եմ, դեռ ոչ ոք չէր տեսել, նման պատկեր արձանագրվեց հետո 30-երի վերջում, երբ Գերմանիան ու ԽՍՀՄ-ը պայմանագրերով արևելյան Եվրոպան էին իրար մեջ կիսում։

Կարծում եմ պարզ է, որ օրինականության հետք չկա այս պայմանագրի մեջ ու չի էլ կարող լինել։ Մենք վաղուց պիտի հրաժարված լինեինք այս սրիկայության հետ համաձայնվելուց, բայց դժբախտաբար մենք ինքներս մեզ թալանելով ու զրկելով հասանք մի այնպիսի վիճակի, որ ներկա պահին հազիվ ենք կարողանում պահպանել մեր անկախությունը։

Անցնենք խնդիրներին։

1924թ․ երբ Մեծ Բրիտանիան ճանաչեց ԽՍՀՄ-ը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ճանաչեց սահմաններով հանդերձ, իսկ դա նշանակում է, որ անգլիացիները լռեցին այդ զզվելի պայմանագրի անօրինականության մասին և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի առումով։ Քանի որ խորհրդային Հայաստանն անկախություն ուներ այնքան, ինչքան ցանկացած գաղութ, չկարողացավ բողոքարկել և այդ ամենը լուռ վերահաստատվեցին նաև Պոտսդամի կոնֆերանսում ու ՄԱԿ-ի տարատեսակ դրույթներում, որով սրբագրվեցին պետությունների սահմանները, իսկ դա նշանակում է, որ ՄԱԿ-ով ԽՍՀՄ սահմանները ճանաչվեցին, այսինքն հասկանալով ու ընդունելով հանդերձ, որ այդ պայմանագրերն անօրինական են, դրանք մնացին ուժի մեջ ու գործում են մինչև հիմա։

Արցախն ու Նախիջևանը ևս կիսեցին այդ ճակատագիրն ու այդ անօրինական պայմանագրի ծանրությունը՝ հայտնվելով Ադրբեջանի կազմում։

Նորանկախ Հայաստանը մինչև օրս չի կարողանում մարսել այդ ամենը։

Հիմա իհարկե չկա ոչ մի միջազգային պարտավորություն, որը ստիպի վերակնքելու այդ ամենը բացի սեփական շահերից, որն էլ այժմ կատարվում է։

Եթե Հայաստանը լիներ ուժեղ և կայացած պետություն, ապա կարող էր այդ ամենը նորից վեր բարձրացնել, նորից շոշափել այդ հարցերը և ուղղել այս հարյուրամյա սխալը, բայց ունենք այն, ինչ ունենք ու հիմա շատ մշուշոտ է խոսել այդ մասին։

1921 թվականի մարտի 16-ին բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին,- ահա այսպես է բնութագրել Մոսկվայի խայտառակ պայմանագիրը 1913 – 17թթ․ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը։

Տխուր է, բայց օրինաչափ։ Իսկ մի՞թե 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը տարբերվում էր դրանից։ Ըստ էության՝ ոչ, կրկին հայոց հողերը բաժանվեցին ու հայտնվեցին ռուսների ու թուրքերի տիրապետության տակ։ Ինչպես ուզում եք անվանեք, էությունը չի փոխվում։

Հ․ գ․ եթե մենք ի վիճակի չեղանք փոխելու մեզ ու մեր պահվածքը պետության, հայրենիքի հանդեպ ու շարունակեցինք նման արհամարանքով վերաբերվել ինքներս մեզ, վստահեցնում եմ, որ ապագայում մեզ նորանոր «Մոսկվայի պայմանագրեր» են սպասվում։

Ողջ լերուք

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *