Հայաստան

Գործակալները Վխտում Են Հայաստանում

Դավաճաններին կամ գործակալներին պետք է բացահայտի դրա պարտավորությունն ունեցող իրավական համակարգը:

Հակոբ Բադալյան

Մեզանում բավականին տարածված է աջ ու ձախ գործակալ կամ դավաճան փնտրել կամ հռչակել: Ընդ որում, զավեշտալին կամ հետաքրքիրն այն է, որ հռչակումների հիմքը առավելապես լինում է այն, որ իքս կամ իգրեք անձը ունի ոչ այն կարծիքը, ինչ մենք, կասկած չկա, որ շատ դեպքերում մենք ինտուիտիվ միանգամայն իրավացի ենք: Ինչու ինտուիտիվ, որովհետեւ այդպես էլ չկա գործակալության հիմնավոր ապացույց կամ փաստ: Բայց անկասկած է, որ Հայաստանում վխտում են ամենատարբեր երկրների գործակալներ:

Այդուհանդերձ, քանի որ հնարավոր չէ հանրային հարթությունում դրանց ստույգ եւ բարձր արդյունավետության բացահայտում՝ թվաքանակի առումով, գործակալության կամ դավաճանության հանրային փնտրտուքը ընդամենը նպաստում է բուն թեմաների եւ խնդիրների մասին մտածելու փոխարեն, մտածել ավելի համոզիչ տոնի մասին, որով այս կամ այն անձին գործակալ հռչակելը կունենա ավելի լայն հավանություն:

Ստացվում է անպտուղ ու ապարդյուն շղթա, որ մեզ բովանդակային քննարկումներից շեղող եւս մի մեխանիզմ է: Մարդիկ որեւէ բովանդակություն, կարծիք լսելիս, եթե դա հարյուր տոկոսով չի համընկնում իրենց կարծիքին, անմիջապես սկսում են մտածել՝ տեսնես սա ու՞մ պատվերով է մտածում այլ կերպ, քան ես:

Դրա համար, գուցե հանրային, քաղաքական բանավեճերում անցնենք մեր տեսակետների փաստարկների եւ հիմնավորումների վրա մասնագիտական աշխատանքի ինտենսիվացմանը, բովանդակության ուժեղացմանը, որպեսզի դրանք լինեն հանրության համար համոզիչ, ոչ թե իքսին կամ իգրեքին գործակալ կամ դավաճան հռչակելու տոնայնությունն ու դեցիբելը:

Իսկ դավաճանների կամ գործակալների պետք է բացահայտի դրա պարտավորությունն ունեցող իրավական համակարգը: Բայց աստեղ էլ իհարկե կա սուբյեկտիվ եւ օբյեկտիվ իրողությունների բարդ միջավայր, որն այլ պատմություն է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *