Ռուսաստանի դեմ խաղ կա, ի հակառակ հայաստանյան հանրության մի որոշակի շրջանակի մեջ տասնամյակներով ներդրված կարծրատիպի:
Հակոբ Բադալյան
Երբ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ դիմագրավել Թուրքիային, մեր հանրության մի զգալի շերտ այդ հանգամանքն ընկալում է զուտ ռազմա-տեխնիկական բաղադրիչի հարթության վրա: Ըստ այդմ, գործում է տարածված մի «ժողովրդական» եզր՝ Ռուսաստանի դեմ խաղ չկա:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ, եթե առաջնորդվում ես այդ տրամաբանությամբ, ապա դառնում է շատ պարզ՝ եթե Ռուսաստանի դեմ խաղ չկա, ուրեմն ռուսական ազդեցության կենսական ռեգիոն դիտվող Կովկասում որեւէ պատերազմ, առավել եւս Հայաստանի եւ Արցախի դեմ, չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի հավանության: Հետեւաբար, եթե Ռուսաստանի դեմ խաղ չկա, ուրեմն պատերազմը Արցախի դեմ՝ Ռուսաստանի խաղն է: Բայց, «խաղ չկա» մտածող մարդիկ այ էդտեղ սկսում են «խաղեր» փնտրել: Ընդ որում, ծիծաղելին այն է, կամ՝ ծիծաղելի կլիներ, եթե խոսքը ուղղակի չլիներ աղետալի իրողության մասին, որ սկսում են Ռուսաստանի դեմ խաղեր փնտրել ի դեմս Հայաստանի որեւէ իշխանության:
Ես սակայն կարծում եմ, որ Ռուսաստանի դեմ խաղ կա, ի հակառակ հայաստանյան հանրության մի որոշակի շրջանակի մեջ տասնամյակներով ներդրված կարծրատիպի:
Եվ արդեն Ռուսաստանի դեմ խաղ կա նաեւ Կովկասում: Ընդ որում, խորապես համոզված եմ, որ Հայաստանի գործնականում բոլոր իշխանությունները դա պատկերացրել են եւ փորձել են գտնել հակախաղ, բայց՝ Ռուսաստանի դեմ Կովկասում ցավոք սրտի խաղ չունի թերեւս միայն Հայաստանը, որի պատճառները խորքային են:
Իսկ Թուրքիային դիմագրավելու Ռուսաստանի անկարողության հարցը, ինչպես ընդհանրապես այդ բնույթի հարց որեւէ երկրի առնչությամբ, չի ամբողջանում միայն ռազմա-տեխնիկական մակարդակում: Որովհետեւ, եթե Մոսկվան անգամ այդ մակարդակում կարող է դիմագրավել Թուրքիային, բայց ինչ որ այլ հարթությունում եղած գործոնների բերումով գերադասում է չանել դա՝ դա արդեն իսկ անկարողություն է, ոչ այլ բան:
Հետեւաբար, մենք, որպես պետություն, ժողովուրդ, ազգ, պետք է մտածենք մեր կարողությունները զարգացնելու մասին, որպեսզի մենք էլ խաղ ունենանք Ռուսաստանի դեմ եւ ըստ այդմ ստեղծենք իրավիճակ, որ իրենք Կովկասում մեզ հետ էլ խաղան, ոչ թե միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի: Պուտինի իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Մոսկվան դադարել է խաղալ Հայաստանի հետ: Հին ու նոր իշխանություն, էդ պարզունակ «ռազբորկաները» խնդրում եմ էս գրառման տակ չծավալել: Շատ թե քիչ հետեւած մարդիկ գիտեն, թե Պուտինն օրինակ ինչ հռետորաբանության եւ հարաբերության անցավ Ադրբեջանի հետ 2001-02 թվականներից, հետո Հայաստանի հետ ինչ հարաբերություն եւ խնդիրներ էին օրինակ 2005-06 թվականներին:
Էդ հանրագումարով է նաեւ, որ նշում եմ՝ լուծումն այստեղ հանրային մտածողության մակարդակում փոփոխությունն է, այլապես քաղաքական մակարդակում լուծումները խիստ տեսական են, դրանց իրագործումը՝ չափազանց բարդ: