Հայաստան

Փոթորիկ Մի Բաժակ Զրում Կամ Ինքնասպանություն՝ Հայկական Ձևով

….հիմարաբար ամեն անգամ տանուլ ենք տալիս մեր ունեցածը, որովհետև ամեն անգամ համաձայնվում ենք դիմացինի հիմար պայմաններին, որով մեզ են հիմարացնում ու խլում մեզնից մեր վերջին դրամը, հողը, զինվորին։

Արայիկ Մկրտումյան

Այո՛, այո՜, հենց փոթորիկ մի բաժակ ջրում։ Հենց այդպես է բնութագրվել քաղաքական ծայրահեղ երկպառակություններն ու սկանդալներով լի ճգնաժամը, որը տեղի ունեցավ Սան-Մարինո գաճաճ հանրապետությունում։ Բազմաթիվ պատճառներով, այնտեղ էլ իշխանության փոխանցումը լուրջ բախումների հասցրեց ու կարգին տուրուդմբոց դարձավ, մինչդեռ ուրիշները կողքից նայում էին ու ծիծաղում, որ Սան-Մարինոյում ընդհանրապես նման բան է կատարվում, մինչդեռ Սան-Մարինոյում չկար մի քաղաքական գործիչ, որ մի քանի հիմնավոր պատճառ չբերեր այդ ամենի համար, հետո ինչ, որ Սան-Մարինոն քաղաք-պետություն է, ինչ է փոքր երկրներում չեն կարո՞ղ լուրջ խնդիրներ առաջանալ։ Իհարկե կարող են։ Սխալմամբ շատերը մտածում են, որ փոքր երկրներում նույնիսկ խնդիրներն են փոքր, մինչդեռ փոքր երկրում նույնիսկ փոքր խնդիրը ծանր է նստում։

Լավ, ինչևէ, թողնենք Սան-Մարինոն, մանավանդ, որ այդ ամենն արդեն անցյալում է ու վերադառնանք Հայաստան, ուր ոչ թե փոթորիկ է, այլ աստվածաշնչյան աղետներին բնորոշ մի ամբողջ սիմֆոնիա։ Բայց նախ եկեք մի փոքրիկ առակ պատմեմ։

Մի մարդ քայլում է գետափով ու տրտնջում․ «Ա՜խ, Աստված իմ, էս ինչ վատն է իմ կյանքը։ Անընդհատ տանջվում եմ, չարչարվում, բայց գրպանումս մի քանի մանր մետաղադրամ է ընդամենը, այն էլ շուտով ուրիշին պիտի տամ։ Այդ ինչպե՞ս են անում ուրիշները, որ հանգիստ փող են ունենում ու ճոխ ապրում, երանի ես էլ այդպես հեշտ ու հանգիստ փող ունենայի»։ Այդպես գնում է և հանկարծ նրա առաջ է դուրս գալիս պոզերով մեկը և ասում, որ ինքը Սատանան է։ Մարդը վախենում է, իսկ Սատանան նրան ասում է, որ լսել է նրա բողոքը և պատրաստ է օգնել նրան, որ փող ունենա․

-Անցիր այս կամրջի վրայով,-ասում է Սատանան,- և ունեցածդ փողը կկրկնապատկվի, եթե նորից անցնես, նորից կկրկնապատկվի, բայց ամեն անգամ անցնելուց, ինձ 24  մետաղադրամ պիտի տաս։

-Էհ, ինչ կա որ,-համաձայնվում է մարդը,- փորձենք, թե ճիշտ ես ասում, խնդիր չկա։

Նա անցում է կամրջով, ձեռքը տանում է գրպանը և ուրախությունից դողում․ գումարը կրկնապատկվել էր։ Նա 24 մետաղադրամ տալիս է Սատանային և նորից անցնում կամրջով։ Ունեցած գումարը կրկնապատկվում է։ Մարդը ուրախանում է և նորից 24 մետաղադրամ է տալիս Սատանային և նորից անցնում կամրջով։ Այսպես մի քանի անգամ։ Մի անգամ էլ անցնում է կամրջով, ու տեսնում, որ փողերը կրկնապատկվել են․․․․․բայց դարձել են ուղիղ 24 մետաղադրամ, որն էլ ըստ պայմանի՝ պետք է տա Սատանային։ Նա այդ գումարը տալիս է Սատանային և մնում առանց կոպեկի։

Խեղճ մարդ, հիմար ու միամիտ ու նաև անգրագետ մարդ։ Ինչպե՞ս կարելի է վստահել Սատանային ու նրա կասկածելի պայմաններին։ Իսկ եթե այդ ամենից հետո մարդը նորից գումար ունենա և սատանան կրկին նրան առաջարկի նույն պայմանները ու մարդը համաձայնվի, մի՞թե չեք ասի, որ նա կա’մ կլինիկական ապուշ է, կա՛մ խելագար, կամ էլ ուղղակի զուրկ է հիշողությունից։ Կասեք իհարկե, հմմ, իսկ հիմա եկեք առակը թողնենք մի կողմ ու վերադառնանք Հայաստան։

Ի՞նչ է կատարվում հիմա այստեղ։ Ի՞նչ անուն ու բնորոշում տալ այս ամենին։ Հետպատերազմյան ճգնաժա՞մ։ Չէ, չի ստացվում։ Ամեն ինչ այլ կերպ պիտի լիներ, սա ճգնաժամ չէ, սա ինքնասպանություն է։ Ինքնասպանություն՝ հայկական ձևով։

Ինչպե՞ս կարելի է այսքան փորձանքներից ու հուշումներից հետո էլի մնալ նույն մակարդակին, ոչինչ չսովորել, ոչինչ չհասկանալ, ոչինչ չհիշել։ Ինչպե՞ս մենք, որպես հասարակություն, չենք տեսնում, կամ չենք ուզում տեսնել, թե մեզ հետ ինչ է կատարվում։ Միայն թե չասեք, որ մեզ մոտ միշտ հետպատերազմյան ճգնաժամ է։ Մենք հենց այդ առակի միջի մարդն ենք, որ հիմարաբար ամեն անգամ տանուլ ենք տալիս մեր ունեցածը, որովհետև ամեն անգամ համաձայնվում ենք դիմացինի հիմար պայմաններին, որով մեզ են հիմարացնում ու խլում մեզնից մեր վերջին դրամը, հողը, զինվորին։

Լավ ինչքա՞ն պիտի տառապենք, որ հասկանանք, որ մեր վերաբերմունքը մեր հայրենիքի ու պետության հանդեպ պիտի փոխենք։ Դեռ քանի՞ հազար հայ երիտասարդ պիտի նորից այրվի թշնամու զենքից, որ մենք հասկանանք, որ մեր վերաբերմունքը նրա նկատմամբ պիտի փոխվի։

Ու էստեղ կարևոր էլ չէ, թե’ Փաշինյան, թե’ Քոչարյան կամ մի ուրիշ բան։ Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ ու ընդհանրապես ՀՀ-ում կատարվող ու հատկապես քաղաքական ոլորտում կատարվող կատարվելիքը այն նույն առակի Սատանայի առաջարկած կրկնապատկումն է՝ իհարկե ամեն անգամ նոր ու ավելի վատ պայմանով։ Ու մենք էլ ամեն անգամ համաձայնվում ենք նույն կանոններով խաղալ նրանց հետ ու ամեն անգամ պարտվել, կորցնել, տանուլ տալ։ Ու հետո լաց լինել, լալ խաբվածի անզոր կատաղությամբ։

Հիմա էլ նորից մեզ նոր կրկնապատկում է առաջարկվում։ Չեմ կասկածում, որ համաձայվելու ենք, համաձայնվելու ենք ու․․․․․կորցնենք։ Մինչև գա այն պահը, երբ այլևս կորցնելու ոչինչ չենք ունենա։

Հիմա էլ հին ու նոր քաղաքական ուժերը զբաղված են իրար խայթել ու շանթելով ու մեկը մյուսի վրա ամեն ինչ թողնելով։ Ու մենք չենք էլ համաձայնվում հասկանալ, որ այն ինչ կատարվեց 2020թ, տրամաբանական շարունակությունն էր այն անբանության, որ եղավ 1991թ․ սկսած։ Մենք միշտ մեղադրեցինք Սատանային, որ խաբեց, Աստծուն, որ չպաշտպանեց, դաշնակիցներին, որ աղվես են, թշնամուն, որ  արնախում են։ Ինչ է, նո՞ր իմացանք, որ թուրքը արյունարբու է, կամ, որ դաշնակիցը մեզ մի բան տալիս է ու երկու բան հետ վերցնում։

Պարզամտությո՞ւն է, կամ ավելի վատ։ Ինքնասպանություն՝ հայկական ոճով, որովհետև աշխարհի ոչ մի այլ վայրում նման խելագարության չես հանդիպի։

Հասարակ ինքնակազմակերպածությունն ի՞նչ է, որ չունենք։ Չնայած դա հասարակ չէ, դա շատ կարևոր ու գիտակցված քայլ է։

Ինչո՞ւ մինչև հիմա քաղաքական-գիտական-հասարակական միտքը չի կազմակերպվել ու չի առողջացրել միջավայրը։ Եթե այդ բոլոր մարդիկ իրենց կոչումներն ու պաշտոնները ստացել են, ինչո՞ւ չեն աշխատում, իսկ եթե չեն կարողանում, ապա ինչո՞ւ են ստացել այդ ամենը։ Բարդ հարցին պարզ մոտեցում։ Երբեմն օգնում է։

Իսկ եթե այդ ամենն այն չարաբաստիկ կրկնապատկման խոստումն է, որի դիմաց շատ ծանր ենք վճարում։

Ուշքի եկեք հայեր։  Մենք անընդհատ կրկնել ենք, որ սա վերջն է, ու ամեն անգամ վերջը չի եղել այլ կորցրել ենք մի մասը, բայց կգա մի օր, երբ այդ վերջի մասին ոչ թե կխոսենք, այլ կլինենք հենց այդ վերջը` մեր վերջը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *