Հայաշխարհ

Ո’չ Նիկոլ Փաշինյանով, Ո’չ Ռոբերտ Քոչարյանով, Ո’չ ՀՅԴ-ով Կամ Սատանայով

Հարցազրույց ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանի հետ

Պարոն Բերբերյան, սկզբում Դաշնակցությունը հայտարարում էր, թե չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին, իսկ հիմա պարզվում է, որ մասնակցելու է և քննարկումներ է անում մասնակցության ձևաչափի շուրջ: Ինչպե՞ս եք սա գնահատում:

_Երևի Ռոբերտ Քոչարյանն իրենցից պահանջել է մասնակցել ընտրություններին: Դա շատ պարզ է: Իրենք որոշումներ կայացնողներ չեն, այդ տղաներն իրենց պստիկ անձնական հաշիվներն ու խնդիրները ունեն, նրանք ո’չ հայրենիքի, ո’չ պետության մասին չեն մտածում:

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ ի ՞նչ կարծիք ունեն Սփյուռքում:

Սփյուռքն ի վիճակի չէ հասկանալու, թե սեպտեմբերից մինչ օրս ինչ է փոխվել մեր ժողովրդի, մեր պետության, մեր հայրենիքի, մեր ապագայի մեջ: Վստահ չեմ, որ Հայաստանում ապրող հայ մարդը ևս այդ դժվարությունը հասկանում է: Կարծում եմ՝ նույն դժվարությունն այնտեղ կա, բայց այստեղ գոնե մարդն իր հողի վրա է, իր հարազատներով այդ հողը պետք է պահի, այդ թվում դրսում գտնվող իր հարազատներով: Ո’չ Նիկոլ Փաշինյանիով, ո’չ Ռոբերտ Քոչարյանով, ո’չ ՀՅԴ-ով կամ սատանայով, այլ գիտեն, որ ինքն ու իրենց հարազատները պետք է պահեն այն, ինչ դեռ ունեն: Մենք տեսնում ենք, որ ռուսն իր 200 տարվա հին խաղերը նոր ձևերով իբրև նոր ճաշ հրամցնում է ոչ միայն մեզ, այլ ամբողջ Հարավային Կովկասին, ամբողջ տարածաշրջանին: Այս պայմաններում ոչ մի հեռանկար չի երևում, հուսահատական վիճակ է, մեր ժողովրդին շատ ընտրություն չի մնացել: Մեր պետությունը քարուքանդ եղած վիճակում է՝ սկսած բանակի հրամանատարությունից: Բարեբախտաբար այս 30 տարում սերունդ է մեծացել, որը կարող է բանակի ողնասյունը պահպանել: Այս սերնդի վրա է մեր ամբողջ հույսը՝ ներսից ու դրսից, այդ թվում հայ քաղաքական ուժերի կողմից, որոնք անձերի շուրջ ձևավորված ուժեր են, ո’չ քաղաքական, ո’չ գաղափարական, և ոչ էլ ժողովրդական որևէ հենարան չունեն: Այո, երիտասարդ, նվիրված գործիչներ կան, բայց նրանք նույն մեր ժողովուրդն են: Եթե ժողովուրդը կարողանար 2018-ի իր ապստամբությունից հետո, որի դրոշը հանձնել էր Նիկոլ Փաշինյանին, նրան հեռու պահել իշխանությունից, պահել իր կողքին, կամ որևէ պետական իշխանության հավակնորդ պարտավորվեր հաշիվ տալ ժողովրդին, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել: Ժողովուրդն իր շարքերում պետք է ունենար Փաշինյանի պես մեկին, բայց Փաշինյանը մտավ պետություն, ինքն էլ փչացավ, իսկ պետությունն էլ 30 տարի կառուցված է անձերին ծառայելու տրամաբանությամբ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այս հուսահատությունը այսքան զոհաբերություն կատարած ժողովրդի համար շատ-շատ ծանր է՝ լինի ՀՀ-ում, թե Հայաստանից դուրս:

Հիմա էլ ուզում են Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծել: Ի՞նչ կարող ենք սպասել դրանից:

Ռուսաստանն իր տան հետևի բակը պահելու հաշիվներն ունի: Թե Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը ինչ առևտրի մեջ են, մենք որևէ ձևով չենք կարող իմանալ: Որևէ մեկը չի ուզում, որ անկայունություն լինի պետական սահմանների վրա: Հայաստանի բոլոր միջազգային սահմանները գծվել են Ռուսաստանի ոչ միայն համեմտությամբ, այլ նախաձեռնությամբ: Հետևաբար, ինքը գիտի, թե ինչպես պետք է պաշպանի իր գծած սահմանները: Եթե որոշի մեզ մենակ թողնել, մենք էլի ի վիճակի չենք լինելու որևէ բան փոխելու: Սա այո, ճակատագրապաշտական մոտեցում է, որովհետև մեր ձեռքով ինչ կարողացել ենք ազատագրել, այդ մեր կարողացածը մեր մեջ գտնելով գործակիցներ, և’ ռուսը, և’ թուրքը, քերթեցին, կտրատեցին: Ինչու Անգլիան 1918-1921 թվականներին այդ կտրատումի գործողություններին չմասնակցեց Իրանից Ղարաբաղ` մեր ժողովրդի հետ իրենց աշխարհաքաղաքական պատկերացումները, փորձարկումները, սահմանագծումները անելով: Մենք էլ զբաղված էինք և զբաղված ենք մեր մեջ դավաճաններ փնտրելով, որովհետև մեր տեսակն այնպիսին է, որ ավերակների վրա թագավորելը մեզ համար ևս թագավորել է: Մենք չգիտենք, թե վաղը ռուսը և թուրքը սահմանագծումների վերաբերյալ իրենց խաղերի, պայմանավորվածությունների մեջ ինչ վիճակի մեջ կարող են դնել մեզ: Չմոռանանք, որ իրենց համար դեռ չլուծված խնդիր են մնում քրդերը: Այսքան տասնամյակներից հետո երեք երկրների համար այդ հարցը մնում է անլուծելի և պարտավոր են լուծել այդ խնդիրը: Հայերին կարող են մի կողմ դնել, քրդերին էլ են փորձում նույնը անել, բայց երկու դեպքում էլ ճեղքեր կան: Թուրքն իր երկրում ճեղքեր ունի, ռուսն իր երկրում ճեղքեր ունի: Երկուսն էլ իրենց երկրներում ժողովրդի մեծամասնության վստահությունը չի վայելում՝ ո’չ Էրդողանը, ո’չ Պուտինը:

Աղբյուրը` Lragir.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *