Սփիւռք

Սպասողական Վիճակ՝ Ապրիլի 24-ից Առաջ

Այս տարի ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ելույթին սպասում է ո՛չ միայն հայությունը. կա միջազգային ինչ-որ սպասում, որովհետեւ աշխարհում նոր իրողություն է:

Անուշ Թրվանցի հարցազրույցը ամերիկահայ քաղաքական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ:

Պարո՛ն Հովսեփյան, հայության մի զգալի հատված ամեն տարի ապրիլի 24-ից առաջ անհամբեր սպասում է, թե արդյոք ԱՄՆ նախագահն այդ օրը կարտաբերի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Այս տարի ինչքանո՞վ է դա հավանական:

-Երբ այս հարցն ինձ ուղղվում էր նախկին նախագահների օրոք, միշտ լուրջ վերապահություն էի ունենում՝ վստահեցնելով, թե չկան բավարար տվյալներ, որ այդ օրվա նախագահը կարող է ԱՄՆ քաղաքական ուղեգծին դեմ գնալ: Իսկ հիմա, հավատում եմ, որ առաջին անգամ կարող ենք լուրջ հույսեր փայփայել, որ ԱՄՆ նախագահն արտասանելու է «ցեղասպանություն» բառը, ինչն արդեն նշանակում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական եւ պաշտոնական ճանաչում, մանավանդ որ այս քայլը հաջորդելու է անցյալ տարվա ընթացքում երկու օրենսդիր մարմինների (Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ) կողմից ցեղասպանությունը շռնդալից կերպով ու մեծ թվով քվեներով ճանաչելուն: Այսինքն՝ նախագահի հայտարարությամբ պաշտոնական ուղեգծի օղակն ամբողջանալու է, եւ դուռ է բացվելու մեր հաջորդ քայլերի եւ պայքարի հաջորդ հանգրվանի համար:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ հիմա հնարավորություններն ավելին են:

-Նախ գոյություն ունի միջազգային նոր իրողություն, որ ստեղծվել է հատկապես Էրդողանի ծավալապաշտական եւ գոռոզ (հոխորտացող իմաստով) ընթացքի պատճառով։ Նախկինում Թուրքիայի քայլերը, ինչքան էլ ծավալապաշտական կամ բռնի էին, միշտ էլ ինչ-որ մի կետում համաձայնեցված էին ԱՄՆ-ի հետ։ Վերջին մի քանի տարում ակներեւ է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հակակշռից դուրս է եկել եւ երբեմն էլ հակադրվել ԱՄՆ-ի առաջնահերթություններին։ Սրա ամենացայտուն օրինակը Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 հակաօդային համակարգերի գնումն էր ու դրանից հետո մի քանի առիթներով էլ ԱՄՆ-ի քաղաքականությանը հակադիր կեցվածք որդեգրելը։ Ամերիկյան կողմը տակավին չի մարսել այս ամենը եւ եթե պիտի առաջ շարժվի՝ Թուրքիային պատժելու համար, Հայոց ցեղասպանության ճանաչման գծով քայլ կատարելն ամենատրամաբանական ուղղությունն է։ Թե՛ պատիժ կլինի, թե՛ բարոյական արժեքների իմաստով՝ առողջ քայլ։ Դեռ չենք խոսում այն մասին, որ նախագահ Բայդենն անձամբ երկար տարիներ միշտ էլ հետեւողական դիրքորոշում է ունեցել՝ ցեղասպանության ճանաչման դրույթին զորավիգ կանգնելով։

Ձեր կարծիքով Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կտա հայերին:

-Վերջին անգամ, որ ԱՄՆ-ի որեւէ նախագահ «Հայոց ցեղասպանությունն» ակնարկել է, մոտ 35 տարի առաջ է եղել, այն էլ՝ շատ հարեւանցի կերպով, երբ ելույթում, ի թիվս այլ ցեղասպանությունների, նշել է հայկական փորձառությունը։ Իսկ հիմա, եթե այդ նշումն ու ճանաչումը կատարվեն ապրիլ 24-ին եւ, ինչպես նշեցի, Կոնգրեսի ճանաչմանը հաջորդելով, սա արդեն պարտավորեցնող է եւ պաշտոնական քաղաքականության անմիջական մաս է կազմելու: Ուստի պետք է պատկերացնենք, թե ինչպիսի խորհրդանշական եւ նաեւ իրական հետեւանք կունենա, երբ Թուրքիայի գլխավոր ռազմավարական դաշնակիցն ու հովանավորող պետությունը նրան համարի ցեղասպանության պատասխանատու: Պետք չէ թերագնահատել «ցեղասպանություն» բառի օգտագործումը, քանի որ այն լոկ բառ չէ. այն իրավական սահմանում է, որ նաեւ դերակատարի համար իրավական բարդություններ կարող է առաջացնել: Եվ մենք բազմիցս արդեն հայտարարել ենք, թե միջազգային ճանաչումը, որի կարեւոր փուլերից մեկը ԱՄՆ-ի կողմից ճանաչումն է, անպայման տանելու է հաջորդ՝ հատուցումների փուլ, որը վերջիվերջո դատարանների կողմից է վճռվելու: Ազգովին պետք է պատրաստվենք այդ գալիք հանգրվանին:

Իսկ նման հայտարարությունը Հայաստանի եւ Արցախի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու:

– Նախ պետք է նշել, որ նման հաղթանակը համազգային է լինելու իր բնույթով, քանի որ համազգային է հայ ազգի իրավունքների համար մղվող պայքարն ընդհանրապես: Բայց բարոյա-գաղափարական արժեքից այն կողմ պետք է փաստել, որ որեւէ բնագավառում հայության ձեռքբերումը կամ հաղթանակը հավելյալ քաղաքական կշռի համար հնարավորություններ է ընձեռում: Օրինակ՝ մենք տեսել ենք, թե ինչպես ցեղասպանության ճանաչման պայքարի ընթացքում ձեռք բերված քաղաքական բարեկամություններն ու կապերը Վաշինգտոնում մեր առջեւ դռներ են բացել եւ ՀՀ-ին կամ Արցախին ամերիկյան նյութական օժանդակություն ապահովելու ուղղությամբ մեծ հնարավորություններ են ընձեռել։ Եվ Թուրքիայի նման հզոր պետության դեմ քաղաքական հաջողություն արձանագրելով՝ բնականաբար, մեր ազդեցությունը գործի կդրվի նաեւ այլեւայլ հաջողություններ ունենալու համար՝ հատկապես ԱՄՆ-ից ավելի լայն տնտեսական օժանդակություն եւ այլ բնագավառներում գործակցություն ապահովելու Հայաստանի համար:

Մեծ թվով ամերիկահայեր մասնակցեցին Yes, It’s Genocide արշավին: Այդ մթնոլորտն ինչ-որ չափով հույս կարո՞ղ է ներշնչել անկումային տրամադրություններից դուրս գալու առումով։

-Իսկապես, հետպատերազմյան այս շրջանում հավաքական ընկճվածություն կա, ինչը նաեւ մեծ արգելք է ազգային ծրագրեր իրականացնելու ճանապարհին։ Նույն անկումն ու ընկճվածությունը, որ նկատելի է Հայաստանում բնակվողների մեջ, առավել չափերով զգացվում է սփյուռքահայության, այս դեպքում՝ ամերիկահայության մեջ։ Առավել չափերով եմ ասում, որովհետեւ Հայաստանի անկախությունից հետո սփյուռքահայության մեջ արդեն իսկ կար անտեսված լինելու եւ Հայաստանի քաղաքական ու հասարակական գործընթացներից ստիպողաբար հեռու պահված լինելու զգացողություն եւ հոգեվիճակ: Ես հոդվածներով եւ հարցազրույցներով բազմիցս ակնարկել եմ, որ նոր մոտեցումներ ու միջոցներ պետք է կիրառել՝ սփյուռքահայությանն ու հատկապես երկքաղաքացիներին ավելի մոտիկից մասնակից դարձնելու Հայաստանի կյանքին։ Մինչդեռ Հայաստանի քաղաքական ընտրանին միայն իր ճառախոսության ընթացքում է տուրք տվել սփյուռքահայությանը՝ շարունակելով կամա թե ակամա նրան պահել պարզապես Հայաստանի ծրագրերին տնտեսապես օժանդակողի դերում: Իսկ վերջին արցախյան պատերազմի ժամանակ էլ նույնիսկ հուսախաբության ձայներ հնչեցին Հայաստանից, որոնք ակնարկում էին Սփյուռքից հասած օգնության ոչ նշանակալի լինելը: Թեեւ ես համաձայն չեմ, որ այդքան կարճ ժամանակամիջոցում Սփյուռքի աջակցությունն այդքան աննշան էր, այդուհանդերձ, ի՞նչ ճիգ էր գործադրվել մինչեւ այդ պահը՝ Սփյուռքին ներառելու, կարեւորելու։ Ընդհակառակը, տարիների ընթացքում ոչ միայն նոր ձեւերով եւ մոտեցումներով սփյուռքահայությունը չներքաշվեց հայաստանյան օրակարգերում, այլեւ կառավարական գործում երկքաղաքացիների մասնակցության թեթեւ հնարավորություններն անգամ վերացվեցին 2015-ի սահմանադրական փոփոխություններով:

Անդրադառնալով Yes It’s Genocide արշավին ու մասնակցության տարողությանը՝ բնականաբար, այնտեղ էլ տեսանելի են հետպատերազմյան ընկճվածության նշանները: Այս ուղղությամբ կատարված ստորագրահավաքին եւ այլ միջոցառումներին մասնակցությունը շատ ավելին կարող էր լինել, բայց մենք մեր դրոշմն արդեն իսկ դրեցինք Սպիտակ տան օրակարգի վրա. մոտ 38 սենատոր եւս նամակ ստորագրեց մեր պահանջներին համահունչ, եւ հիմա մնում է սպասել եւս մի երկու օր՝ տեսնելու, թե ինչ կստացվի։ Համենայն դեպս, մեր պայքարը պիտի շարունակվի, եւ պետք է նաեւ ծավալվի նոր ուղղություններով, նոր մակարդակներով, մինչեւ մեր ազգային պահանջներն ու նպատակներն իրականանան։

Աղբյուրը` aliqmedia.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *