Հայաստան

Օրվա Խորհուրդը

Այո՛, մենք այժմ ներկա ենք աշխարհի բոլոր անկյուններում, և սա մեր պետության վահաններից մեկը պետք է լինի։

Մխիթար Հայրապետյան

Օրվա խորհուրդը բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Եվ դրանք ոչ այնքան պատասխաններ են՝ ուղղված պատմությանն ու աշխարհին, որքան կենսական հարցադրումներ մեր ներկայի ու գալիքի համար:

Ի՞նչ է փոխվել մեր տեսակի մեջ դար ու 6 տարի անց: Նախևառաջ, փոխվել է մեր աշխարհընկալման ողնաշարը: Մենք այն հայը չենք, որը հավատում և ոգևորվում էր այն մտքից, թե երիտթուրքերի վարած քաղաքականությունը իրավունքներ էր սահմանելու Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, նրանց մտքի ու մշակույթի թռիչքին հող էր տալու, ի վերջո, մարդակենտրոն էր լինելու: Մեր՝ աշխարհին անվերապահորեն հավատալն ու վստահելն այսօր վերափոխվել է դեպի ազգային շահերն ու անկախության, ինքնիշխանության առաջնահերթությունը:

Ո՞րն է պատմության մեր դասը, և որքանո՞վ ենք մենք խոհեմ ճիշտ դասեր քաղելու ճանապարհին: Արևմտյան Հայաստանը հայերից «մաքրելու»՝ Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը մեկնարկել և իրագործվում էր դեռևս Հայոց ցեղասպանությունից շատ առաջ. հայերին կոտորել են տասնամյակներ շարունակ, փորձել են խեղդել մեր ազատագրական պայքարի ոգին, խեղճացնել մեր առաջադեմ միտքը, սեփական ինքնությունը ծաղկեցնելու երազանքը: Հետևաբար, ցանկացած ազգի «շարժիչը» կրթված, գիտելիքահենք, սեփական շահը մտքով, սրտով և ուժով պաշտպանող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ազգային վերազարթոնքը պայմանավորված է, նախևառաջ, որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով:

Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ ազգ դառնալուց հետո: Եվ ուրիշ ո՞վ, եթե ոչ վանեցու և մշեցու ծոռը պետք է նման հարցեր տար ինքն իրեն։

Այո՛, մենք այժմ ներկա ենք աշխարհի բոլոր անկյուններում, և սա մեր պետության վահաններից մեկը պետք է լինի: Մեր հռչակած «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք» հայեցակարգը և համահայկական ներուժը, դրա թիրախային և արդյունավետ կիրառումը, ազգային նշանակության հարցերի շուրջ համախմբումը մեզ համար առաջընթացի նոր, ավելի մարտունակ ուղիներ են բացում: Եվ այս հայեցակարգը գլոբալ ազգ-ամուր պետություն բանաձևի լիարժեք իրագործման եզակի հնարավորությունն է: Այս հարցերը, որոնք հաճախ հռետորական են, կարելի է երկար շարունակել, և դրանց պատասխանները յուրաքանչյուրս պետք է մեր մեջ գտնենք: Սակայն մեկ բան աներկբա է. մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մենք, այո՛, չենք հաշտվել մեր վշտի հետ, բայց և չենք պարտվել նրան, մենք այսօր կանք, մենք պահանջատեր ենք, իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *