․․․Իսկ գուցե խնդիրն ավելի խորն է թաղված, քան քվեատուփի մոտ թերթիկի վրա նշում անելը:
Արայիկ Մկրտումյան
Այսօր, երբ Հայաստանն ուղղակի ծվեն-ծվեն է եղել ու քաղաքական պայքարը պատշաճությունից անցել է անզսպելի թշնամանքի ու շատ բարդ է այս քաոսի մեջ ինչ որ լավ բան տեսնել ու ասել, թե լավ է լինելու, ես ամեն դեպքում հավատում եմ, որ լավ է լինելու, բայց դա ոչ թե կույր ու անհասկանալի հավատ է, այլ հստակ ու որոշված ապագայի ծրագիր:
Հիմա, երբ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունն իջել են քաղաքական պայքարից ու գործի բեմն ու տեղը նորից փողոցն է, ես փորձում եմ հասկանալ, թե ի վերջո ինչ պատահեց, որ մենք նորից ճգնաժամի առաջ կանգնեցինք: Ի՞նչ եղավ:
Եկե՛ք հասկանանք
1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ մեծամասնություն ստացավ ու ընտրվեց նախագահ: Մի քանի տարի հետո նրան հայհոյում, անիծում էին և պնդում, որ Տեր-Պետրոսյանը տեղով մեկ աղետ է հայոց ու հայության համար: Այդ կարծիքն ավելի հաստատվեց, երբ 1996թ. նա նորից նախագահ ընտրվեց ու շատերն էին ասում, որ Հայաստանում դրվեց ընտրակեղծարարության հիմքը:
Եկավ Ռոբերտ Քոչարյանը և դարձավ նախագահ: Մարդիկ մեծ մասամբ ուրախ էին, որ ազատվել են նախորդից: Մի քանի տարի անց Քոչարյանին անվանեցին հրեշ, մարդասպան: Եղավ հոկտեմբերի 27-ը: Հետո Քոչարյանը կրկին նախագահ դարձավ ու նրան վերագրվող հայհոյանքներն ու անեծքները միայն ավելանում էին: Շատերն էլ ասացին, թե Լևոնն ավելի լավն էր, եկեք ընտրենք Լևոնին:
Նրան փոխարինեց Սերժ Սարգսյանը: Դեռ նախագահ չդարձած, եղավ մարտի մեկը, որում մարդիկ մեղադրեցին Լևոնին էլ, Ռոբերտին էլ, Սերժին էլ: Սարգսյանի օրոք եղան ապրիլյան քառօրյան, ՊՊԾ-ի դեպքերը: Նրան ևս անվանեցին հրեշ ու էլի բազմաթիվ մականուններով: Նրանից դժգոհներն ասում էին Քոչարյանն ավելի լավն էր:
Հետո եկավ Փաշինյանը: Է՜հ, չմանրամասնեմ, կորոնա, պատերազմ: Մինչև հիմա ուշքի գալ չենք կարողանում այդ սարսափից, Արցախի կորստից: Փաշինյանն էլ իր բաժին հայհոյանքն ու անեծքն է վայելում: Հիմա էլ ասում են, թե Սերժը ավելի լավն էր: Առաջներս էլ ընտրություններ են, եկեք Սերժին ընտրենք, կամ Քոչարյանին:
ՀՀ ամեն ղեկավարի պաշտոնավարություն նշանավորվում է որևէ ողբերգությամբ:
Մնում է միայն զարմանալ այս փակ շղթայի կամ այս կախարդական շրջանի վրա: Ի վերջո ինչպե՞ս կարելի է գրեթե երեսուն տարի շարունակ նախագահ ու խորհրդարան ընտրել ու անիծել ու հայհոյել բոլորին: ՀՀ նախկին ու ներկա խորհրդարանների մեջ չկա մեկը, որից քիչ թե շատ գոհ լինեն, չկա մի կառավարիչ, որ համընդհանուր հայհոյանքի արժանացած չլինի, չկա մեկը ում հանդեպ հստակ հարգանք ու հավատ լինի:
Իսկ ինչո՞ւ: Մի՞թե հայ ժողովուրդը սխալվում է անընդհատ: 30 տարի շարունակ: Սխալվել ենք չէ՞: Եթե չենք սխալվել, ապա մեզ այս ամենը դուր է գալիս: Մենք կամ մազոխիստ ենք, կամ սխալվել ենք: Անընդհատ: Ու արդեն հասկանալի է, որ ոչ ոք ոչ ոքի չի վստահում: Շատ շատ դժվար է հավատալ ու վստահել, երբ ամեն անգամ խաբվել ես այդպպես դաժանորեն:
Իսկ ինչո՞ւմ ենք մեղադրել բոլոր ընտրյալներին: Անարդար լինելու, հուսախաբ անելու, վստահությունը վերացնելու մեջ:
Իսկ գուցե նրանք չէին էլ կարող այդ ամենն արդարացնել: Գուցե մենք միշտ սխալ մարդկանցից ենք սպասումներ ունեցել: Գուցե նրանք, ոչ թե նախագահներ պիտի լինեին այլ հասարակ քաղաքացիներ:
Մի խոսքով, ժողովուրդը միշտ սպասել է արդարության ու վստահության, իսկ ստացել՝ լրիվ մի ուրիշ բան:
Ու Հայաստանը ապրել է այդ անվստահության, անարդարության, կեղծիքի ու վախի մեջ: Ու չի զարգացել, որովհետև զարգացում կարող է լինել միայն, երբ կա արդարություն ու վսատհություն, երբ կա համերաշխություն կամ հավասարություն: Ու չէր էլ կարող զարգանալ, որովհետև վախն ու կեղծիքը եղել են մեր անբաժան ուղեկիցները: Կաշառքն ու անտարբերությունը եղել են պետական ոլորտների գլխավոր բնութագրիչները: Նույնիսկ հասարակ վարորդականը վաճառվել է, մի ժամանակ 60 հազար դրամով, հետո 100 հազար, մի պահ նույնիսկ 150 ու 200 դարձավ: Ու մարդիկ ուղղակի գնել են, վարորդականը գնել են իսկ հմտությունը՝ ոչ: Հենց այդպես էլ նախագահ, վարչապետ, պատգամավոր….լիազորությունը ստանձնել են, իսկ պատասխանատվությունը՝ ոչ: Էլ ինչպե՞ս զարգանա երկիրը: Ինչպե՞ս հաղթես, եթե ղեկավարն ընտրվում է զուտ նախորդին մերժելու սկզբունքով: Ոչ այն է ծիծաղես, ոչ այն է՝ լաս:
Մենք ցավով ենք ասում, որ թուրքական Բայրաքթարները այրեցին մեզ Արցախում: Իսկ ինչո՞ւ մենք չունեցանք մեր Բայրաքթարները: Չնայած մենք նույնիսկ հասարակ պղնձալար չենք արտադրում, ուր մնաց նման աթս: Ինչո՞ւ Հայաստանում բիզնեսը չծաղկեց, ինչո՞ւ ներդրումներ անընդհատ չարվեցին, ինչո՞ւ օրինակ Մերսեդեսը իր գործարանը չբացեց Հայաստանում, ինչո՞ւ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության խաղերը չորոշեց նաև Հայաստանում անցկացնել, ինչո՞ւ Հայաստանը չդարձավ այն երկիրը, որը չկարողացավ պաշտպանել ինքն իրեն, ինչո՞ւ Հայաստանը չդարձավ այն երկիրը, որի անվտանգությամբ մտահոգվեին բոլորը: Հազարավոր ինչուներ: Իսկ պատասխանը մեկն է: Դա նրանց ձեռք չէր տալիս: Վստահություն չկար ու չկա Հայաստանի հանդեպ: Իսկ հիմա կա՞: Հունիսի 20-ից հետո լինելո՞ւ է: Թե էլի ինչպես միշտ: Կընտրեն ու կանիծեն կընտրեն ու կանիծեն: Բողոքում են, որ հայը հային չպիտի խաբի, թալանի, որ դա հային չի սազում: Է, չի սազում, մի արեք: Ինչպե՞ս պահանջենք, որ թուրքը հարգանք ու վախ ունենա հայի հանդեպ, եթե հային ոչ ոք այնպես չի ատում, ինչպես մեկ այլ հայ: Չե՞ք հավատում: Ապա նայեք, թե ինչեր են գրում իրար լրիվ անծանոթ մարդիկ, ինչ է թե դիմացինը քաղաքական առումով իրենց կարծիքին չէ:
Ու հիմա, երբ պարտությունն այնպես է ապտակել, որ ուշքի գալը այսչափ դժվար է, մենք միևնույն է չենք ուզում հասկանալ, որ այդ ամենը այս երեսուն տարվա անբանության հետևանք է, երեսուն տարվա անարդարության ու վստահության բացակայության:
Իսկ գուցե խնդիրն ավելի խորն է թաղված, քան քվեատուփի մոտ թերթիկի վրա նշում անելը:
Ինչո՞ւ չենք հասկանում, որ գրչի մի նշում անելով մենք անձամբ չենք ազատվում պատասխանատվությունից: Ու մենք ենք ընտրում նրան, ում վաղը ատելու ենք ողջ հոգով: Գուցե ժամանակն է, որ դա ևս հասկանանք:
(շարունակելի)