Հայաստան

Արարելու Ուղին

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ. միայն այս արժեքների հիմքով հարաբերությունները կարող են բերել ժողովրդավարության կայացման և ամրապնդման:

Գարեգին Միսկարյան

Իմ և ընկերներիցս շատերի համար դեռ 2018-ից առաջ ակնհայտ էր, որ Հայաստանի «փրկությունը» Սերժի տապալման մեջ չի, այլ համակարգի տրամաբանության, փիլիսոփայության փոփոխության։ Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։

Բայց ցավն այն է, որ հիմա էլ Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր Հայաստանի «փրկությունը» կապում են կամ Նիկոլի հետ, կամ Նիկոլի տապալման հետ։

Ինչ խոսք, դա մեծ մոլորություն է։

Գործող համակարգի պայմաններում բոլոր կառավարությունները դատապարտված են ձախողման։ Հայաստանի զարգացումը կարող է լինել միայն նոր (Հայաստանի համար նոր) արժեքների հենքի վրա, այդ արժեքները իրապես կրող և դրանք կյանքի կոչելու համար զրկանքների պատրաստ մարդկանց (քաղաքական թիմի) կողմից որոշումների վրա ազդելու լայն հնարավորության, այն է` հանրային լայն աջակցության պայմաններում։

Այդ արժեքներն են` ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ։ Միայն այդ արժեքների հիմքով հարաբերությունները կարող են բերել ժողովրդավարության կայացման և ամրապնդման, որն իր հերթին կբերի պետության հզորացման, ինչն էլ կհանգեցնի ինքնիշխանության բարձրացման և սեփական պետության` պետական ու ազգային շահի սպասարկման ու առաջխաղացման։

Այո, պետք է փոխել Նիկոլին։ Բայց Նիկոլին փոխել է պետք համակարգը փոխելու համար, այլ ոչ թե նրա փոխարեն նրա հոգևոր հայրերից մեկին երկրի «տերուտիրական» նշանակելու։ Նրանք, ովքեր «հանուն փրկության» կոչ են անում մի անձը փոխել մյուսով կամ իրապես մոլորության մեջ են, կամ հանրությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում։

Եթե հարցնում եք` ո՞ւմ ընտրենք ապա .

Ընտրեք նրանց, ովքեր ձեզ կհամոզեն, որ համակարգային փոփոխությունները Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու միակ տարբերակներն են։ Ովքեր կդատապարտեն մինչև հիմա, ներառյալ 2018-21 թվականների կառավարությունների գործած սխալները և ցուց կտան իրապես ժողովրդավար Հայաստան կառուցելու իրենց ճանապարհը։ Ովքեր ատելության քարոզի փոխարեն ցույց կտան միասին աշխատելու և արարելու ուղին, որովհետև մենք քիչ ենք և մենք իրավունք չունենք մեր չեղած ռեսուրսը վատնել իրար միս ուտելու վրա։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *