Ազատ բեմ

Ինքնախաբեության Կատարյալ Օրինակ

Երբ ասում ենք, որ ընդդիմությունը լի է քաղաքական վրիժառուներով, որոնք միայն աթոռակռիվ են տալիս, միանգամից գոռում են, ո’չ,  մեր ընդդիմությունը հայրենասեր է և սկզբունքային:

Արայիկ Մկրտւմյան

Պատերազմից հետո հայերիս մի մասի մոտ հարցեր առաջացան, որոնց պատասխանները իրավմամբ սկսեցինք փնտրել, ոչ թե առաջին հայացքից խելացի խոսքերի մեջ, այլ շատ ավելի խորը թաղված խնդիրների, ավելի էական ու կարևոր երևույթների մեջ:

Մեզնից շատերը համաձայնվեցին, որ երկար տարիներ է, ինչ մեր հասարակությունն ապրում է երկակի արժեքներով ու կուտակված կեղծիքով: Երևույթներ, որոնցով փակել ենք մեր աչքերն ու ձևացրել, որ ամեն ինչ շատ լավ է, մինչև իրականությունը զոռով մտցրին մեր աչքը ու հիմա շատերը չեն կարողանում հասկանալ, թե այդ ինչպե՞ս այդ հրաշալի և կատարյալ վիճակը մեկ ակնթարթում վերածվեց նեխած ավերակույտի:

Որովհետև մենք գտնվում ենք կատարյալ ինքնախաբեության մեջ, մի հիմար ցնորքի, որտեղ ամեն ինչ լավ է, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ցրել ինքնաոչնչացման տանող այդ պատրանքը, միանգամից ընկնում են բարոյախոսների ու պարապ մարդկանց խաչաձև կրակի տակ, որտեղ չի դիմանում ոչ մի առողջ միտք ու գաղափար:

Այն ամենն ինչի մասին ահազանգում էր Րաֆֆին գրեթե մեկուկես հարյուրամյակ առաջ, ոչ միայն չի առողջացել, այլև այնպես է այլանդակվել, որ նույնիսկ դժվար է լինում որոշել, որևէ  բանի նախնական տեսքը, այնքան ինքն իրենից հեռացած ու այլակերպված է:

Երբ մենք ասում ենք, որ հայոց հպարտություն համարվող ընտանիք երևույթն այլանդակված, փչացած վիճակում է գտնվում, կորցրել է իր ազգային ձևն ու բնույթը, կորցրել է իր երբեմնի պարզությունը և գլոբալիստական երևույթներից բազմաթիվ բացասական որդեգրումներ է արել, միանգամից վրա են տալիս հակաճառողները, որոնք ասում են, որ ընտանիքը սրբություն է և չի կարելի ընտանիքին դեմ խոսել, որովհետև հայի համար իր ընտանիքը սրբություն է:

Երևի հազարավոր ամուսնալուծություններն են դրա ապացույցը կամ չամուսնանալու, հղիության արհեստական ընդհատման դեպքերն են այդ սրբության սրբոցի ապացույցը:

Երբ ասում ենք, որ հայոց լեզուն հայի համար սկսել է դառնալ երկրորդական, երբ ասում ենք, որ հայն այսօր խոսում է կիրթ անգլերենով ու ժարգոնային հայերենով, մեզ ընդդիմանում են: Երբ ասում ենք, որ «լանչ»-ն ու «թրեյնինգ»-ը կարելի է նորից դարձնել «նախաճաշ» ու «վերապատրաստում», երբ ասում ենք, որ լեզվի կորուստը ռեալ վտանգ է ու այսօր Սփյուռքի ամեն երկրում հայն ավելի լավ է տիրապետում այդ երկրի լեզվին, իսկ Հայաստանում հաղորդավարները չգիտեն «մեղանչել» բառի իմաստը, կրկին մեզ հակաճառում են, որ ոչ, հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է, որ մեր այբուբենը կատարյալ է, որ մենք չենք կարող «թրենդից» հետ մնալ ու որ պետք է «կրեատիվ» լինել:

Այո՛, հայն այսօր ստեղծարար ու ճարպիկ միտք չունի, նա այսօր կրեատիվ է:

Երբ ասում ենք, որ գրականությունն այլանդակվել է ու աղքատացել, որ գրախանութներում վաճառվում են անգրագետ, արտագրած ու պարզունակ գրքեր, միանգամից հակաճառում են, որ դրանք տարբերվող են ու ժամանակակից: Անընդհատ նոր գրքեր են տպագրվում ու ոչ մի գրքի հասցեին գոնե մեկ քննադատական բառ չես գտնի: Բոլոր գրողները հանճարներ են, իսկ գրքերը՝ հրաշալի: Երբ ասում ենք, ո՛չ, այդպես չէ, միանգամից հակառակում են, որ մենք նախանձ ենք, չուզող ու չկամ ու նորից պնդում, որ հայ ժամանակակից գրականությունը հրաշալի է, որ ամեն ինչ լավ է:

Երբ ասում ենք, որ մամուլը խայտառակ վիճակում է, որ լրագրողների մեծ մասը չունի ոչ բարձրագույն կրթություն, ոչ էլ տարրական դաստիարակություն, մեզ հակաճառում են, որ մենք ուզում ենք սահմանափակել մարդկանց իրավուքները և ճնշել նրանց մասնագիտական կամքը և պնդում են, որ այստեղ ևս ամեն ինչ լավ է: Բոլոր խմբագրատները իրենք իրենց ճշմարտության մարտիկներ են երևակայում:

Երբ ասում ենք, որ եկեղեցին կորցրել է իր նշանակությունն ու առաքելությունը, որ հոգևորականները փոխանակ կրթելու և բարոյական հասարակություն դարձնելու, զբաղված են շորթումներով, վատնումներով ու առևտրականությամբ, որ եկեղեցին կորցրել է իր պարզությունն ու վեհությունը և զբաղվում է փարիսեցիությամբ, կեղծավորությամբ ու ձևապաշտությամբ, մեզ վրա հարձակվում են՝ դու անկրոն ես, անհավատ, գոռում են, չի կարելի խոսել Աստծո ու եկեղեցու դեմ, մեր եկեղեցին սուրբ է:

Երբ ասում ենք, որ կրթության որակն այնպես է իջել, որ ազգային ու պետական չարիք է դարձել, որ այս ու այն տեղից վերցրած օրենքների բիրտ կիրառումը քանդում է մեզ, միանգամից հարձակվում են պրոֆեսորների տարատեսակ խմբեր, որոնք ապացուցում են, որ դպրոցն ու համալսարանը կրթության տաճարներ են: Երբ ասում ենք, որ այս թշվառ վիճակը տանում է դեպի չարյաց անդունդ, մեզ հակառակում են ու ցույց տալիս Բոլոնյան համակարգն ու էլի անծանոթ համակարգեր և գոռում, որ մեր կրթությունը առաջատար է և որակյալ:

Մենք ասում ենք, որ մտավորականները դարձել են կեղտոտ խաղերի մասնակիցներ և կամակատար ձեռնածուներ, որոնք ազգ կրթելու ու բարձրացնելու փոխարեն նրա ապագան վաճառում են մի մեդալով ու դիպլոմով, մեզ հակառակում են, որ ո՛չ մեր մտավորականի նման հայրենասեր ու ազնիվը չկա:

Ասում ենք, որ իշխանությունը լցված է ապիկարներով, որոնք կարող են հիմքից քանդել ամեն ինչ և  ի վիճակի չեն որևէ բան կառուցելու ու պահպանելու, միանգամից վրա են տալիս ու գոռում, որ ոչ ո՜չ, իշխանությունն արդար է և արդյունավետ, ազնիվ ու բարի:

Երբ ասում ենք, որ ընդդիմությունը լի է քաղաքական վրիժառուներով, որոնք միայն աթոռակռիվ են տալիս, միանգամից գոռում են, ո՜չ,  մեր ընդդիմությունը հայրենասեր է և սկզբունքային:

Երբ խոսում ես գիտության թշվառ վիճակի մասին, որ գիտության հիմնարկները վերածվել են դատարկ սենյակների, որ գիտնականները քաղցած են և անուժ ու սոսկ մի քանիսը կոչումավաճառներ են դարձել, միանգամից հակաճառում են, որ հայ գիտնականի նման տաղանդավորը չկա ու հայոց գիտությունը, կարող է աշխարհ շրջել:

Խոսում ես տնտեսության սխալի ու բացերի մասին, ասում են ոչ ու ցույց են տալիս թվեր, հաշվեկշիռներ, քաղվածքներ, դու չգիտես ասում են, այսպես է պետք կառավարել:

Ստացվում է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու հրաշալի: Ինչի մասին խոսում ես ու թերությունը ցույց ես տալիս, միանգամից բերանդ կարում են ու գոռում, որ լավ է:

Ստացվում է, որ մենք կործանվում ենք կատարյալ վիճակում:

Այս ամբողջ աղետը գալիս է այս հիմար ինքնախաբեությունից ու հիմար գոռոզությունից, որ մենք չենք կարող սխալ լինել և հայկական ամեն ինչը լավն է:

Այս տեսակ ինքնախաբեությունը առաջ է քաշում ազգասերների մի զանգված, որ հայրենիքը սիրում են առանց ճանաչելու ու զգալու:

Պատկերացրեք, որ հիվանդին տանեն բժշկի մոտ ու նա ասի, որ այդ մահամերձ հիվանդի մոտ ամեն ինչ լավ է ու հրաշալի, որ հիվանդը կատարյալ առողջություն ունի:

Կստացվի, որ նա մեռնում է կատարյալ առողջ վիճակում:

Նույնը և մենք: Մենք կորցրել ենք գնահատելու, տեսնելու, քննադատելու ու քննարկելու ունակությունը… մեզ ինչ որ սարսափելի կուրություն ու խլություն է պատել:

Իսկ գուցե ժամանակն է ի վերջո լայն բացել աչքերն ու մաքրել մեր ախտահարված գիտակցությունը, քանի դեռ այն չի մթագնել ու դարձել սև խոռոչ, որը կուլ է տալիս լույսի ցանկացած նշույլ…

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *