1940-45-ին ֆինները երկու պատերազմ վարեցին՝ 1940-ի Ձմեռային պատերազմը, ապա Շարունակվող պատերազմը (The Continuation War)։ Առաջին պատերազմի ընթացքում ոչ ոք չօգնեց ֆիններին՝ ո՛չ Անգլիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ այլ մեկը։
Կարեն Հարությունյան
Լավ ընկեր Tigran Mkrtchyan-ի խորհրդով սկսեցի կարդալ Ջարըդ Դայմոնդի (Jared Diamond) «Վերելք» (Upheaval) գիրքը։ Այն պատմում է երկրների մասին, որոնք կարողացել են մեծ ցնցումներից, աղետներից հետո բռնել վերելքի ուղին՝ Ֆինլանդիա, Ճապոնիա, Չիլի, Ինդոնեզիա, Գերմանիա, Ավստրալիա։
Առաջին գլուխը Ֆինլանդիայի մասին է։ Երկիր, որի մասին կարդալիս ակամա մտապատկերումդ հայերն են։
Էս օրերին, երբ մենք՝ հայերս, զբաղված ենք ինքնախարազանմամբ, արժե ուսումնասիրել ֆինների փորձը։
Դայմոնդը գրում է, թե ինչ էր վիճակված Ֆինլանդիային որպես երկիր՝ ընտրության հնարավորության բացակայություն, ճակատագրական պահերին դաշնակիցների կողմից աջակցության բացակայություն, հաջողության հասանելի մոդելների բացակայություն։
Ֆիններն իրենց մասին (ինչպես և հայերը) մտածում են՝ մենք փոքր երկիր ենք, և մեր աշխարհագրությունը երբեք չի փոխվելու։ Նկատի ունեն հարևան Ռուսաստանը (Հայաստանի դեպքում՝ Թուրքիան)։
Դայմոնդը խոսում է ֆիններենի յուրահատկության մասին, որը նման չէ եվրոպական որևէ լեզվի և որը ֆինների համար ազգային հպարտության մեծ աղբյուր է (բա հայերը ինչ ասեն)։
Ֆինները հպարտ են իրենց երգահաններով, ճարտարապետներով, դիզայներներով (ինչպես և հայերը):
Յան Սիբելիուսը (կարդացեք Արամ Խաչատրյան!) համարվում է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։
Ֆինլանդիան կռվախնձոր էր Շվեդիայի ու Ռուսաստանի միջև։ (Մենք՝ հայերս, կռվատանձ լինելու ավելի երկար պատմություն ունենք):
…
1930-ականներին ֆինները իրենց նշանավոր գեներալ Մաներհայմի հրամանատարությամբ սկսեցին ուժեղացնել բանակը։ 1939-ին՝ ԽՍՀՄ-ի հետ պատերազմից առաջ, ֆինները ստեղծեցին Մարենհայմի հզոր պաշտպանական գիծը։ Արտաքին քաղաքականության մեջ 1930-ականներին նրանք չմիացան Սովետի նկատմամբ անտագոնիստ Հիտլերին՝ նախքան ԽՍՀՄ-ի հետ պատերազմը։
1938-ին Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի կնքումից հետո Սովետը տարածքային պահանջներ ներկայացրեց ֆիններին։ ֆինները պատրաստ էին որոշ բաներ զիջել, բայց ոչ այնքան, որքան Սովետն էր պահանջում։
Գաղտնի բանակցություններ էին տեղի ունենում։ Ինքը՝ գեներալ Մաներհայմը, կողմնակից էր ավելի շատ զիջումների, գիտեր, որ ֆիննական բանակի ուժերից վեր է ռուսներին դիմագրավելը, բայց ֆինների քաղաքական բոլոր կուսակցութունները՝ աջեր ու ձախեր, կարմիրներ ու սպիտակներ (ֆինները 1917-ին իրար փրթեցին քաղաքացիական պատերազմում), միահամուռ հանդես եկան զիջումների դեմ։ 1940-ին Բրիտանիայում, մինչդեռ, քաղաքական առաջատար գործիչներ կային, որ կոչ էին անում զիջումների գնալ Հիտլերին հանուն խաղաղության։
Ֆինների վախն այն էր, որ Ստալինին հիմա զիջեն, հետո ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Նրանք դաս էին քաղել Չեխոսլովակիայից, որին նրա դաշնակիցները զոհաբերեցին Հիտլերին։
Ստալինը չէր պատկերացնում, որ այդ փոքր երկիրը, որ 50 անգամ քիչ բնակչություն ուներ, քան Սովետը, այդպես կատաղի դիմադրություն ցույց կտա։ Ֆինլանդիան այդ ժամանակ ուներ 3,7 միլիոն բնակիչ, իսկ ԽՍՀՄ-ը՝ 170 միլիոն։
Սովետական չորս բանակի դեմ՝ ընդհանուր 500 հազար, Ֆինլանդիան հանեց իր ամբողջ բանակը՝ 120 հազար։ Ընդ որում, Սովետը շատ ավելի լավ էր զինված, ֆինները գրեթե տանկ, հրետանի և այլ սպառազինություն չունեին։
Աշխարհն արդեն տեսել էր, թե ինչպես գերմանական բանակը, որ սովետական բանակի կեսի չափ էր, 1939-ին մի քանի շաբաթում գրավեց Լեհաստանը, որ տասն անգամ ավելի բնակչություն ուներ Ֆինլանդիայից։
Ֆինները հասկանում էին, որ չեն կարող հաղթել ռուսներին, բայց վճռական էին, որ ռուսներն այդ պատերազմի համար պետք է չափազանց մեծ գին վճարեն։
Հենց այս պատերազմի ժամանակ սպառազինության ու զինամթերքի պակասը ստիպեց ֆիններին հնարել Մոլոտովի կոկտեյլը, որը բավարար էր սովետական տանկը խափանելու համար։
Ինչո՞ւ էին ֆիններին այդքան լավ կռվում, հարցադրում է անում Դայմոնդը և պատասխանում։
Որովհետև նրանք գիտեին, որ պաշտպանում են իրենց ընտանիքները, երկիրը, անկախությունը, ինչի համար պատրաստ էին մեռնել։
Ֆիննական բանակը իր չափերին անհամեմատ էֆեկտիվ էր, քանի որ նրա զինվորները (ինչպես Իսրայելի բանակում) կարողանում էին տարբեր իրավիճակներում ինքնուրույն որոշումներ ընդունել և կատարել, քան թե կուրորեն սպասել վերադասի հրամաններին։
1940-ի սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ Մաներհայմը չանսաց իրեն ենթակա հրամանատարներին, որոնք խնդրում էին նահանջել։ Նա գիտեր, որ խաղաղության բանակցություններն սկսվելու են շուտով, և պետք է հնարավորինս շատ տարածք պահել խաղաղության լավ վերջնարդյունքի համար։
1940-ի պատերազմում զոհերի հարաբերակցությունը 1/8 էր՝ հօգուտ ֆինների։
Ֆինները կորցրին իրենց Կարելիա նահանգը։ Դա ավելին էր, քան Սովետի պահանջածը նախքան պատերազմը։ Սակայն ինչպես ցույց տվեց փորձը, Սովետը փոքր տարածքները ստանալով՝ հետագայում նպատակ ուներ նվաճել ամբողջ Ֆինլանդիան, ինչը եղավ բալթյան հանրապետությունների դեպքում։ Ֆինները կռվեցին ու պահեցին երկիրը։
1940-45-ին ֆինները երկու պատերազմ վարեցին՝ 1940-ի Ձմեռային պատերազմը, ապա Շարունակվող պատերազմը (The Continuation War)։
Առաջին պատերազմի ընթացքում ոչ ոք չօգնեց ֆիններին՝ ո՛չ Անգլիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ այլ մեկը։
Բայց անգամ երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Ֆինլանդիան Գերմանիայի կողմում էր կռվում, մնաց սկզբունքային իր արժեքներում և օրինակ հրեաներին չհանձնեց նացիստների ձեռքը։
Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ֆիններն այնքան խելոք գտնվեցին, որ մերժեցին Հիտլերին և հյուսիսային կողմից չհարձակվեցին Լենինգրադի վրա, երբ գերմանացիները քաղաքը պաշարել էին արևելյան կողմից։ Ստալինը հետո գնահատեց ֆինների այդ քայլը։
Պատերազմից հետո Ֆինլանդիան ագրարային ու անտառտնտեսական երկրից վերածվեց արդյունաբերական զարգացած երկրի՝ շնորհիվ իր ողջամիտտնտեսական ու արտաքին քաղաքականության։ Սովետի հետ պահպանեց լավ հարաբերություններ, չմտավ ՆԱՏՕ, բայց դարձավ արևմտյան ընտանիքի մաս։ Այսօր աշխարհի ամենազարգացած երկրներից է։
Հայաստանը պիտի մանրամասն ուսումնասիրի Ֆինլանդիայի փորձը։ Շատ բան կա սովորելու։