Ազատ բեմ

Ստեղծարար Գաղափարներով

Հանրությանը չպետք է բաժանել յուրայինների ու սրիկաների, եթե անգամ համոզված եք, որ մի մասը սխալվում է:

Հակոբ Բադալյան

Նախօրեին հեռուստաալիքներից մեկով մի հաղորդում ընկավ աչքովս, որտեղ հյուրը եւ հաղորդավարը խոսում էին քաղաքական հեռանկարի, ընտրության, եւ այլնի մասին: Ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկն էր, բնականաբար ընդդիմադիր հյուրով: Խոսակցության ընդհանուր բովանդակությունը թերեւս պարզ էր, բայց երկու հատկանշական հանգամանք:

Հյուրը մի միտք է արտահայտում, որ ժողովրդին «նիկոլիզմից» կտրելու համար պետք է սիրես այդ ժողովրդին: Հետո քիչ անց մեկ այլ միտք է արտահայտում, որ Նիկոլին ձայն տվողը սրիկա է:

Այստեղ է, որ պետք է ասել՝ հարգելիս, կողմնորոշվիր, հիմա դու սիրում ես այն ժողովրդին, որ ձայն է տալիս Նիկոլին՝ անկախ, թե դու ինչպես ես վերաբերում նրան եւ նրա քաղաքականությանն ու ընդհանրապես առաքելությանը, թե՞ այդուհանդերձ ժողովրդին սիրելու մասին ուղղակի գեղեցիկ խոսում ես, իսկ իրականում ըստ քաղաքական նախասիրության բաժանում ես յուրայինների եւ սրիկաների: Ընդ որում, այս խնդիրը տարածելի է բոլոր քաղաքական ուղղությունների եւ գործիչների հանդեպ: Որեւէ մեկին ձայն տվողների շարքում կան թե նյութական մոտիվացվածությամբ, թե ուղղակի համոզումով ձայն տվողներ:

Մեկի դեպքում շատ են համոզումով ձայն տվողները, մեկի դեպքում շատ քիչ, դա էական չէ: Էական է երբեք չմոռանալ, որ քաղաքական գործիչների անունների հետեւում կա հանրություն, շատ, թե քիչ, բայց որը ապրում է Հայաստանում, եւ պետք է ապրի Հայաստանում: Հետեւաբար, այդ հանրությանը չպետք է բաժանել յուրայինների ու սրիկաների, եթե անգամ համոզված եք, որ մի մասը սխալվում է:

Ու այստեղ նաեւ աչքովս ընկած հաղորդման երկրորդ հանգամանքը: Հաղորդավարուհին հյուրի հետ խոսում է եւ ծոր տվող ժպիտով արձանագրում, թե «դեռ վերջին էջը չէ»: Հայ ժողովրդի պատմությունը կամ Հայաստանի պատմությունը նկատի ունի: Եվ «դեռ վերջին էջը չէ», քանի դեռ կա հնարավորություն այս ընտրությամբ ընտրել իրենց թեկնածուին կամ թեկնածուներին:

Հարգելիներս, դուք ունեք ձեր աշխատանքը, ձեր գործատուն, բայց համոզեք նաեւ նրանց, որ քաղաքական կամ որեւէ այլ նպատակի պետք չէ գնալ «վերջին էջի» կանխավարկածով:

Այո, այսօր ապրում ենք չափազանց ծանր, բարդ ու պատմական մի փուլ, պայմանավորված նաեւ, եւ թերեւս ամենից առաջ աշխարհաքաղաքական իրողությունների ծանրությամբ: Աշխարհակարգ է քանդվել եւ կա նորի համար դաժան պայքար, որտեղ Հայաստանը արանքում գտնվող սուբյեկտներից մեկն է:

Տարբեր մոտիվներով քաղաքական պայքարում են ամենատարբեր ուժեր, բայց որեւէ մեկը թող չմոռանա երբեք՝ գլխավոր խնդիրը պետք է լինի Հայաստանում ապրող մարդկանց մոտ վախճանաբանական մտայնություններ չառաջացնելը: Քաղաքական պայքարը շատ կոշտ է եւ թեժ, հասկանալի է, բայց այ պայքարը մի կառուցեք՝ «եթե ես չեմ, ուրեմն Հայաստանը կործանված է» տրամաբանության վրա:

Հակառակը, հաղորդեք հանրությանը, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում միեւնույն է Հայաստանի պատմության վերջը չէ, որովհետեւ Հայաստանը բոլոր դեպքերում կանգնել ու կանգնած է ոչ թե որեւէ գործչի կամ ուժի, այլ Հայաստանում ապրող ժողովրդի վրա: Այդ ժողովուրդը ունի քաղաքական տարբեր հայացքներ, պատկերացումներ, համակրություններ, ճիշտ, սխալ, բայց այդ ժողովրդի վրա է ամեն ինչ, հետեւաբար անգամ 10 տոկոսի մոտ մի առաջացրեք համոզում, թե կամ այսպես է, կամ Հայաստանը կործանված է:

Դա վարակ է, անհաղթահարելի վարակ: Կառուցեք քաղաքական պայքարը ստեղծարար գաղափարների, ոչ թե «վերջին էջի» տրամաբանության վրա: Այլապես, դա բումերանգ է, որ վերադառնալու է անխուսափելի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *