Ազատ բեմ

Իրական Հայաստան

Արայիկ Մկրտումյան

Նայե’ք գործատուին, որ քերթում է իր աշխատողի կաշին՝ նրան շահագործում, լացացնում, տրորում արժանապատվությունն ու ստորացնում, որովհետև գիտի, որ աշխատողը կարիքից խեղդված շարունակելու է աշխատել։


Օ՜, հայասերներ և հայրենասերներ, դուրս եկե’ք ձեր տաք գրասենյակներից ու սրճարաններից ու նայե’ք Հայաստանին։

Նայե՛ք Հայաստանին,

Նայե’ք թերսնված ու կիսաքաղց երեխաներին, նայե’ք հնամաշ ու կարկատած շորերով գործազուրկներին, նայե’ք ողորմություն խնդրող գիտնականներին ու լեփլեցուն երթուղայինի մեջ կիսակռացած հոգնատանջ աշխատողին։

Ահա՛ Հայաստանը։

Նայե’ք կիսադատարկ շենքերին, չբնակեցված գյուղերին, քանդված գործարաններին, ընդամենը մի քանի աշակերտ ունեցող դպրոցներին, կիսաքանդ գրադարաններին, չքավոր ուսումնարաններին։

Ահա՛ Հայաստանը։

Նայե’ք ընդամենը 100 դրամ ունեցող շփոթվածին, որ բաց է թողել վերջին երթուղայինը ու հիմա էլ չգիտի, թե ինչ անի։

Նայե’ք մաշված դեմքով ու 80 հազար դրամով 9֊11 ժամ աշխատող երիտասարդներին, որ ապրելու ոչ ժամանակ ունեն, ոչ ուժ։

Նայե’ք ջահելին, որ ընկերուհուն խաբում է, թե մի քանի օր խիստ զբաղված է լինելու, որովհետև տնից դուրս գալու դրամ չունի։

Նայե’ք գործատուին, որ քերթում է իր աշխատողի կաշին՝ նրան շահագործում, լացացնում, տրորում արժանապատվությունն ու ստորացնում, որովհետև գիտի, որ աշխատողը կարիքից խեղդված շարունակելու է աշխատել։

Նայե՛ք իսկական Հայաստանին։

Նայե’ք տարիներով փոշոտվող ծրագրերին, գրքերի ու տնտեսական, գիտական, կրթական ծրագրերին, որոնց ոչ մի կոպեկ չեն տալիս իրականանալու համար։

Նայե’ք քվեի համար իրար ծվատող ու բոլոր սահմաններն անցնող քաղ ուժերին։

Նայեք մի քանի հազար դրամի համար ստով ապրող լրագրողին։

Նայե’ք թատրոնի մասին երազող ու անմակարդակ սերիալներում հանգող դերասաններին։

Նայե’ք բանվոր աշխատող երգահանին ու հղփացող երգչստին։

Նայե՜ք Հայաստանին։ Ահա Հայաստանը՝ մերկ, քաղցած, խաբված, ծեծված։ Իսկ ձեր գրասենյակային ֆոկուսը ձեր փոքր Հայաստանն է, ձեր կեղծ կրկնօրինակը։

Ասում եք Հայաստան։ Ի՞նչ գիտեք դուք Հայաստանի մասին։

Հ.գ. զոհերի, վիրավորների, գերիների ու նրանց ընտանիքների մասին չեմ էլ ասում։

Շարունակելի…

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *