Քարոզարշավ ասվածը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա՝ բոլոր առումներով․ գաղափարականից սկսած մինչև քաղաքական ու քաղաքակրթական:
Արայիկ Մկրտումյան
Այն ինչ կոչվում է նախընտրական քարոզարշավ, շատ հեռու է այն ամենից, ինչ կատարվում է հիմա Հայաստանում: Սա ոչ թե քարոզարշավ է, ֆաշիստական-ռևանշիստական մի վենդետա, ատելության մրցավազք, կատաղի մի պայքար, որտեղ մեկը մյուսին չի զիջում՝ սպառնալիքների, հայհոյանքների ու գռեհկաբանության առումով:
Նախընտրական քարոզարշավ ասվածը, որ ենթադրում է նախընտրական ծրագրերի ներկայացում, քննարկում, հարցերի պատասխանում և այլն, այսինքն գործողությունների մի համալիր, որի հիմա վրա քաղաքացին պետք է ընտրություն կատարի, վերածվել է մի զզվելի ու ցածրամակարդակ հարայ-հրոցի, որտեղ հաղթում է նա, ով ավելի բարձր է ճչում: Ասես Սպարտայի խորհրդարանը լինի:
Իհարկե ես հասկանում եմ, որ իրադրությունը սովորական չէ, որ սա հերթական ընտրությունը չէ, որ սա արտակարգ իրավիճակ է, բայց կներեք, իսկ այդ ե՞րբ է Հայաստանում ինչ որ բան սովորական համարվել, նորմալ ընթացել: Երբե՛ք: 1991թ. սկսած Հայաստանում քաղաքական պայքարը միշտ էլ ընթացել է կեղտոտ ձևով, բայց այն ինչ կատարվում է հիմա, գերազանցում է բոլոր սպասելիքները: Մնում է միայն քաղաքացիական պատերազմ սկսվի: Իսկ դա այնքան էլ անհավանական չէ՝ հաշվի առնելով ներկայիս ուժերի մարտական տրամադրվածությունն ու անզիջում կերպարը: Ու բոլորը գոռում են, որ հաղթելու են։ Հաղթելու են, բայց ո՞ւմ՝ ժողովրդին, թե պետությանը:
Խոսքն իհարկե գնում է առավելապես երեք չորս ուժի մասին: Մյուսներն առավելապես պայքարելու են ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու համար և այդքան էլ ագրեսիվ չեն, այսինքն չեն սպառնում միմյանց գլուխ թռցնել: Մյուս ուժերն իրենց բավական հանդարտ են պահում և աշխատում են գոնե 5-7 տոկոս ձայն հավաքել ու վերջ, իսկ ահա հիմնական ուժերը քիչ է մնում արդեն հարձակվեն իրար վրա: Նախկին նախագահը ներկայիս վարչապետին 24 ժամ է տալիս, այլապես խոստանում է գլուխը թռցնել, ներկայիս վարչապետը սպառնում է «շինել» մյուսներին, մեկ այլ թեկնածու՝ «մինչև քոքը մաշցնել»: Սա ձեզ դո՞ւր է գալիս: Սա քաղաքակա՞ն պայքար է, թե բանդաների կռիվ:
Կարելի է իհարկե անընդմեջ բողոքել այս խայտառակությունից, բայց ուզում եմ ընդգծել մի քանի հստակ խնդիրներ, որոնք արդեն ռեալ վտանգ են պարունակում իրենց մեջ ու ավելի վատն են, քան պարզապես հայհոյախառը սպառնալիքները:
Քաղաքական ֆաշիզմ
Նախ այն, որ հիմնական ուժերի առաջնորդներ են հանրապետության նախկին նախագահները, ԱԱԾ նախկին պետը, բարձրաստիճան զինվորականները, ՀՀ ներկայիս վարչապետը: Եվ բոլորը քրտնամխած հայհոյում ու սպառնում են իրար: Նախ զարմանում ես նման ցածր մակարդակի վրա ու մտածում՝ ընդհանրապես գնա՞լ ընտրությունների թե ոչ, որովհետև չգիտես, թե ինչպես ընտրել այն ուժերի մեջ, որոնք բացահայտ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ են տեղում իրար վրա:
Բայց դա այսբերգի ծայրն է միայն:
Քանի դեռ առաջին դեմքերն առաժմ միմյանց հետ խոսում են հարբած խոզարածների նման (ամենայն հարգանքով խոզարածների հանդեպ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե հարբած վիճակում խոզարածները կարող են իրար հայհոյել, ապա իբրև թե սթափ քաղաքական առաջնորդներն ընդհանրապես իրավունք չունեն իրենց նման կերպ պահելու), ապա նրանց համակիրներն արդեն բացահայտ ագրեսիվությամբ մեկը մյուսին հիշեցնում են, որ մնաց այսքան օր ու որ «հեսա նայեք ձեզ ինչ ենք անելու»: Արդեն գնալով հաճախակի են դառնում ծեծկռտուքներն ու քաշքշուկները, և իրոք վտանգ կա, որ իրար կմորթեն մութ անկյուններում: Ու սա արդեն կատակ չէ: Ես չգիտեմ, թե քաղ.ուժերի առաջնորդներն իրո՞ք հասկանում են, թե ինչ օյին են խաղում հասարակության գլխին, թե ոչ: Շատերը վախենում են իրենց կարծիքը հայտնել, որովհետև կարող է աշխատանքից ազատվեն, ծեծվեն, էլ չեմ ասում հայհոյանքների մասին:
Հասարակ մարդիկ իրենց անտանելի են պահում: Միմյանց ծաղրում ու հայհոյում են, ոչ միայն քաղաքական հայացքների, այլև արտաքին տեսքի, ձայնի, տոնայնության, հագուստի համար: Արտաքին տեսքի ցանկացած թերություն դառնում է ծաղրուծանակի առարկա: Հասարակ մարդիկ միմյանց թիրախավորում են սոցիալական տեսանկյունից: Աղքատիկ հագուստ, ծուռ ատամներ, մեծ քիթ(ներողություն եմ խնդրում բոլորից, բայց սրտի ցավով եմ նշում, որ ՀՀ հասարակությունն այս պահին անցնում է բոլոր սահմանները), ամենը ծաղրի է ենթարկվում:
Հասկանո՞ւմ եք: Մարդկանց հայհոյում են արտաքին տեսքի համար, հագուստի համար: Արվում են նսեմացուցիչ արտահայտություններ, վիրավորանքներ անձնական անթույլատրելի մակարդակի, կատարվում են վրդովեցուցիչ ու նվաստացուցիչ համեմատություններ զոմբիների և այլ հրեշների ու արարածների հետ: Մարդիկ անցնում են բոլոր սահմանները, բոլոր կարմիր գծերը: Այլևս չկան սկզբունքներ, որ չեն խախտվել, չկան կանոններ, որ պահված լինեն, հիմա անկանոն քաոս է: Այսօր քարոզարշավը մի բան է, որի ընթացքում խախտվում են մարդու բոլոր իրավունքները: Հինգ հազարամյա քաղաքակիրթ ազգն այսօր իրեն պահում է փողոցային խուլիգանի նման: Ես մեծացել եմ այնպիսի դաստիարակությամբ, որ մարդու իրավունքն ու քաղաքակիրթ պահվածքը եղել են կարևոր, իսկ այսօր տեսնում եմ, որ անծանոթ մարդիկ կարող են ամենավերջին վիրավորանքները հասցնել մեկին, ով իրենց հետ համաձայն չէ ու դրա համար իսկական ռասիստական պահվածք ցուցաբերել: Սա միջնադարն է, թե՞ հայ ազգի իրական պատկերը:
Բոլոր նրանք, ովքեր խոսում են, թե գալիս են հայ ժողովրդին փրկելու, ավելի ձիգ են սեղմում նրա կոկորդին կապված պարանը: Սա պարզապես ֆաշիզմ է, անհանդուրժող, ծայրահեղ ու ֆանատիկ, կույր ատելությամբ լցված և արժեքները ոտնակոխ անող ֆաշիզմ: Եթե հիտլերականները պաշտում էին գերմանական ազգն ու արհամարում, ատում մյուսներին, ապա հայ քաղաքական ուժերը ատում են մյուս ուժերին ոչ պակաս, քան նացիոնալիստը՝ հրեային: Ընդ որում հայ քաղաքական ուժերը զբաղված են ազգն ու ժողովրդին պառակտելով, պետությունը թուլացնելով:
Քաղ.ուժերի առաջնորդներն անմիջական պատասխանատու են այս քաղաքական ֆաշիզմի համար, քանի որ իրենք են տաքացնում թեման և խրախուսում իրենց կողմնակիցներին: Արդյո՞ք հասկանում են նրանք իրենց արածի ողջ սարսափը: Հասարակությանը մասնատել և միմյանց դեմ տրամադրելն ամենազզվելի ու վտանգավոր երևույթներից է, որ հնարավոր է պատկերացնել և վարչապետի ապագա թեկնածուները հենց դրանով էլ զբաղված են: Եթե նրանք հասկանում են իրենց արածների ողջ մակարդակն ապա զարհուրելի է, որ նման մարդիկ են հավակնում պետության ղեկավարի պաշտոնին, իսկ եթե չեն հասկանում՝ ապա էլի վախենալու է, որ ղեկավարի հավակնություններ են ներկայացնում մարդիկ, որոնք ի վիճակի չեն նույնիսկ հասկանալու սեփական գործողությունները:
Եթե Աստված մի արասցե արյուն թափվեց, ապա սրա համար պատասխանատու են այս մի քանի գլխավոր կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները: Ու ոչ թե այն կարևոր կլինի, թե ըստ քրեական օրենսգրքի ով և ինչ հոդվածով կդատվի, այլ այն, որ եռացող ատելությունն ի վերջո պայթելու է և ինչքան շատ կուտակվի, այնքան ավելի ծանր է լինելու հետևանքը: Անկարելի է ժողովրդին զոհել հանուն ժողովրդի:
Քաղաքական թերհասություն
Սա իրոք մեծ խնդիր է Հայաստանի համար: Մշտապես խոսել ենք այն մասին, որ Հայաստանում այդպես էլ քաղաքական գործընթացներ չեն կատարվել ու տեղի ունեցածն ուղղակի անձերի պայքար է եղել: Եվ հիմա դա արտահայտված է շատ սուր կերպով: Այնպես ինչպես բազմիցս նշել ենք, որ մեր տասնամյակների հանցավոր անգործությունը մեծագույն աղետ է բերելու մեր գլխին և դա եղավ արցախյան երկրորդ պատերազմով ու իր բոլոր հետևանքներով, որ դեռ երկար ենք զգալու, այնպես էլ թե՛ մեր, թե՛ շատ ուրիշների կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստանում երբեք չդադարող քաղաքական ճգնաժամն ի վերջո պայթելու է:
2018թ. թավշյա հեղափոխության ժամանակ շատերը միամտորեն կարծեցին, թե իրադրությունը շտկված է, լարվածությունը՝ թոթափված, բայց դա ընդամենը մի խաբկանք էր: Թեր ու դեմ ուժերը ոչ միայն այդպես էլ չկարողացան որևէ ընդհանուր շահ գտնել, կամ ստեղծել մի գաղափարախոսություն, նպատակ, որի շուրջը կհամախմբվեին, այլև ավելի մեծացրին երկպառակությունն ու հիմա ընթանում է այդ քաղաքական պատերազմի հերթական, տրամաբանական փուլը, որը կարող է հերթական ջախջախիչ հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետությանը:
Այս ամենի պատասխանատվությունն էլի կրում են վերոհիշյալ ուժերը:
Կա ևս մեկ խնդիր:
Հետընտրական քաոս
Անկախ ընտրությունների արդյունքներից, քաղաքական ուժերն ուղղակի պարտավոր են ընդունել հետևանքները: Վտանգն այն է, որ պարտվողը չի ընդունելու իր պարտությունը և ձգտելու է դա որևէ կերպ լրացնել փողոցում: Իսկ հաղթողն ընդհանրապես քաղաքական վենդետայի քարտ բլանշ է ստանալու, որը կարող է շատ տհաճ, եթե ոչ անդառնալի կորուստներով հագեցած լինել: Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքերում ամեն մեկը փորձելու է ամեն ինչ բարդել հակառակորդի ուսերին, այնպես, ինչպես եղավ մարտի 1-ին ու դրանից հետո: Պարզապես եթե մարտի 1-ին զոհվեց տասը հոգի, այս անգամ ռեալ քաղաքացիական պատերազմի վտանգ կա: Միակ մխիթարությունն այն է, որ ժողովուրդը հավանաբար չափից ավելի զզված է այս վիճակից, հոգնած ու մատնված է անտարբերության և կարող է պարզապես «հավես չանել» ու ինչքան էլ որ տխուր է, ավելի լավ է հույս կապել, որ մարդիկ թքած կունենան այդ ամենի վրա, քան թե հույս դնել քաղաքական ուժերի սթափության վրա:
Հասկանո՞ւմ եք, որ հայտնվել ենք մի այնպիսի կեղտի մեջ, որ տասնամյակներն անզոր են լինելու դա մաքրել վրաներիցս:
Ինչևէ, քաղաքական ուժերը պիտի հաշտվեն ընտրության արդյունքների հետ: Եթե համաձայնվել են մասնակցնել ընտրություններին, ապա պիտի ընդունեն նաև հետևանքները:
Ամփոփելով պիտի նշեմ, որ այսօր քարոզարշավ ասվածը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա՝ բոլոր առումներով: Գաղափարականից սկսած մինչև քաղաքական ու քաղաքակրթական: Եվ տխուր է նաև այն, որ ամեն ինչից բացի, Հայաստանում քաղաքականությունն էլի գտնվում է նույն պարզունակ, միատարր ու միաբևեռ գծի վրա: Արտաքուստ կարելի է կարծել, թե Հայաստանում բազմաբևեռ պայքար է, բայց եթե կուզեք, ապա այսօր ընդհանուր առմամբ գնում է Փաշինյան-Քոչարյան կռիվ, որոնց շուրջը հավաքված են կուսակցություններ, մարդիկ, ռեսուրս և այդ ամենը ներկայացվում է, որպես քաղաքականություն:
Մնում է միայն երազել, այն խաղաղության մասին, որը կունենանք, եթե ավելի քիչ եսասեր լինենք: