Եթե ժողովուրդը պատրաստ է ատելության մթնոլորտը լեգիտիմացնել` չանսալով մնացյալ արժանի և գաղափարական, թեկուզ և նորելուկ կուսակցությունների խոսքին, ապա ավելի վատ ճակատագիր և ճգնաժամի արմատավորում չենք էլ կարող ակնկալել:
Անուշ Հովհաննիսյան
Բոլորս էլ գիտակցում ենք, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները եզակի երևույթ են մեր պատմության մեջ, երբ ընտրությունիցդ արդեն իսկ կախված է երկրիդ ապագան: Երբ պետք է ընտրություն կատարես պետականության կորստի կամ պետականության զարթոնքի միջև: Ահա այն երկընտրանքը, որի առջև մեզ դնում են ապաշնորհ և <<արժանի>> ուժերը:
Ինձ համար, ինչպես մեր բնակչության զգալի մասի համար, ընտրությունը չի կայանում այդ երկու ուժերի միջև, ինձ համար պետականության զարթոնքը չի պայմանավորվում մեկի կամ մյուսի հաղթանակով, իմ ընտրությունը վատի ու վատագույնի կամ վատագույների միջև չէ: Չես կարող երկու դեպքում էլ ընտրել պետականության կորուստը,երկու դեպքում էլ կառավարման կարևոր օղակները զիջելով մեկ այլ պետության, կրկին բռնել հպատակության ուղին:
Եթե ժողովուրդը պատրաստ է ատելության մթնոլորտը լեգիտիմացնել` չանսալով մնացյալ արժանի և գաղափարական, թեկուզ և նորելուկ կուսակցությունների խոսքին, ապա ավելի վատ ճակատագիր և ճգնաժամի արմատավորում չենք էլ կարող ակնկալել:
Հետևելով քարոզարշավին ու <<առաջնորդների>> ելույթներին, ոչ ադեկվատ պահվածքին միմիկաներին ու բեմից այն կողմ հնչող ծափահարություններին` հասկանում ես, որ պետք չի մեղադրել և’ ուժերին և’ ժողովրդին: Պետք է գտնել պատճառները, պետք է հասկանալ ` ինչու է այս հասարակության զգալի մասը, որը որոշիչ դեր կկատարի այս ընտրություններում, միատարր մտածողությամբ բացառության սկզբունքով առաջնորդվելով ընտրությունը կատարում նրանց միջև, ով մեջքին կանգնած մեկը ունի և այդ մեկն արդեն իսկ պետությանդ նկատմամբ հավակնություններ ունի:
Ցավում եմ, որ մնացյալ ուժերը, որոնք և’ անփորձ են, և’ փորձառու, չկարողացան հայտարարի գալ և ձևավորել ճակատ: Վստահ եմ` իրենք էլ են գիտակցում դրա բացասական կողմը, բայց արդեն ուշ է:
Մնում է հուսալ, որ այդ ուժերից գոնե երեքը կհաղթահարեն շեմը և խորհրդարանում կգործեն տրամաբանված և միանասական, կզսպեն <<հաղթողներին>>, կհավասարակշռեն թեքված նժարը:
Իմ ձայնը այդ ուժերից մեկինն է, վստահ: Հուսամ շատերը կշարժվեն այս տրամաբանությամբ:
Ովքեր հավատում են այն երկուսին և հավատացած են նրանց` փրկիչ լինելու մեջ, ովքեր -մետերից ընտրելու են հայամետը և պետականամետը, ուզում եմ չսխալվեն, սխալվողը լինեմ ես և ինձ պես մտածողները: