Հայաստան

Մի Ծանր Ժառանգության Մասին

Ի վերջո՝ եթե ՀՀ-ն հանդիսանում է ՀԽՍՀ-ի իրավահաջորդը, ապա պիտի ընդունի նաև Կարսի պայմանագիրն ու հրաժարվի և՛ Սևրից, և՛ Թուրքայի հանդեպ ցանկացած պահանջից: Այդ դեպքում ամենաշատը, որ կարող ենք պահանջել այն է, որ թուրքերն ընդունեն ցեղասպանությունը որպես պատմական իրողություն և բարոյապես: Ավել ոչ մի բան սպասել չի լինի: Իսկ դա հասկանում ենք, որ անընդունելի է:

Արայիկ Մկրտումյան

Ադրբեջանական զորքերը դեռևս շարունակում են մնալ ՀՀ տարածքում, իսկ ՀԱՊԿ-ն էլ նախօրեին հայտարարեց, որ Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը չի համապատասխանում այն ՀԱՊԿ կետերին և ՀԱՊԿ-ը չի միջամտի, քանի որ….ու սկսվեց անհամոզիչ բացատրությունների մի ողջ շքերթ: Դա առանձնապես զարմանալու չէր: ՀԱՊԿ-ը Հայաստանի համար նույնն է, ինչ և Վեզուվի հրաբուխը՝ իտալացիների: Ոչ մի լավ բան սպասել պետք չէ: ՀԱՊԿ-ի մասին դեռ կհասցնենք խոսել, բայց հիմա ավելի կարևոր թեմա կա:

Հայ-ադրբեջանական սահմազատումը դեռևս ամբողջապես իրականացած չէ և շատ շատ են վիճելի հարցերն այն առումով, թե ինչը ում է պատկանում ու ով ինչպես է հիմնավորում իր կարծիքը: Ու այստեղ առաջանում են մի շարք կարևոր ու իրարամերժ երևույթներ: Առաջ են բերվում խորհրդային քարտեզներ, ինչ որ ուղղումներ, կոորդինացիաներ են փոխվում, բայց փաստը մնում է այն, որ ադրբեջանցիների ախորժակը գնալով մեծանում է, իսկ մենք անգամ չգիտենք, թե որոնք են մեր սահմանները: Խոսքը պատմական հայրենիքի մասին չէ: Մենք դա չենք կարող ներկայացնել միջազգային հանրությանն ու ասել, որ ըստ պատմության՝ դա մերն է: Ո՛չ, այստեղ ավելի ռեալ փաստաթղթեր են պետք:

Եվ այսպես՝

Ադրբեջանը 1991թ. հոկտեմբերի 18-ի պետականության վերականգնման մասին սահմանադրական ակտով հրաժարվել է սովետական իրավապայմանագրային հիմքից և իրեն հռչակել առաջին հանրապետության իրավահաջորդ։ Իսկ Հայաստանի պարագայում պարզ չէ: Մենք անգամ չգիտենք, թե ներկայիս ՀՀ-ն ո՞ւմ իրավահաջորդն է՝ ՀԽՍՀ-ի թե՞ Առաջին Հանրապետության: Մենք ապրում ենք մի աբսուրդային, երկակի իրականության մեջ, երբ 2021թ. դրությամբ կա Ադրբեջան, որը 1918թ. Ադրբեջանի կրողն է հայտարարում, և կա Հայաստան, որը հայտարարում է մի բան, բայց ապրում է ՀԽՍՀ թողած սահմաններով: Ու նաև աբսուրդն էլ այն է, որ նույնիսկ ՀԽՍՀ սահմանները նույնիսկ հստակ չեն:

Սկսենք սկզբից:

Նախ՝ ՀՀ-ն եթե շատ էլ ուզի, միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լինել ՀԽՍՀ ժառանգը զուտ այն առումով, որ ՀԽՍՀ-ն երբևէ չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ և ճանաչված չի եղել ո՛չ Ազգերի լիգայի կողմից, ո՛չ ՄԱԿ-ի:

1918թ.-ին ստեղծված երեք հանրապետությունները՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, երեքն էլ իրար հետ տարածքային վեճեր ու կոնֆլիկտներ են ունեցել, որից ամենաթեժը եղել են հայ-ադրբեջանական ու հայ-վրացականը: Ադրբեջանն ու Վրաստանը համեմատաբար ավելի խաղաղ են լուծել իրենց տարածքային հարցերը:

Առաջին հանրապետությունն, ի տարբերություն ՀԽՍՀ-ի, միջազգայնորեն ճանաչված պետություն էր և ուներ շատ ավելի մեծ տարածքներ, քան ներկայիս ՀՀ-ն, որը մնացել է խորհրդային մկրատով անդամահատված Հայաստանի քարտեզի վրա:

Եթե Ադրբեջանն իրեն հայտարարում է 1918թ. Ադրբեջանի իրավահաջորդը, ապա պիտի իմանա, որ 1918-20թթ. ՀՀ-ի սահմաններում էին և՛Արցախը, և՛ Նախիջևանը, և՛ Կարսի մարզը: Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացված նախագծով միայն Արցախի մի հսկա մասը հենց պատկանում էր ՀՀ-ին: Խնդիրն այն է, որ ադրբեջանական զորքերը ռազմակալել էին Արցախի մի մասը, որը համապատասխանում է ներկայիս Քարվաճառ, Լաչին տարածքներին և ՀՀ-ն ամբողջապես կարողանում էր վերահսկել Արցախի այն տարածքը, որը համապատասխանում էր ԼՂԻՄ-ի տարածքին, բայց շատ ավելի մեծ սահմաններով, ինչպես օրինակ ներառելով Գետաշենը: Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այն ամբողջապես Հայաստանի վերահսկողության տակ էր և նվիրաբերվեց Ադրբեջանին 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, որը վերահաստատվեց նույն տարվա հոկտեմբերի 13-ին Կարսում: Մենք դեռ կվերադառնանք այս խայտառակ ու անօրինական պայմանագրին, բայց նախ փորձենք հասկանալ ՀՀ-ի իրավահաջորդության հարցը:

Եվ այսպես: Հայաստանի առաջին Հանրապետությունն ուներ բավական մեծ տարածքներ: Խոսքը դեռ չի էլ գնում Սևրի պայմանագրի մասին: Նույնիսկ մինչև Սևր էլ, առաջին համաշխարհայինից հետո, թուրքական նահանջի արդյունքում ՀՀ-ն արդեն իսկ ազատագրել էր հսկայական տարածքներ՝ օրինակ Կարսի մարզը: Բավական բորբոքված կերպով ինչ որ առումով լուծվեց նաև հայ-վրացական կոնֆլիկտը, երբ Լոռու մարզի շուրջ ծագած թնջուկն ի վերջո վերածվեց հայ-վրացական պատերազմի ու այն կընթանար հայկական հաղթանակով, եթե վերջին պահին անգլիական միջամտությունը չփրկեր վրացիներին: Էությունն այն էր, որ վրացիները դուրս բերեցին իրենց զորքերը Հայաստանից և Լոռին մնաց մեզ: Ի դեպ այս առումով տարածված կարծիք կա, որ հայ զինվորները փառահեղ հաղթանակ տարան, իսկ հայ դիվանագետները՝ ջախջախիչ պարտություն: Դեռ չենք խոսում այն մասին, որ 1917թ. հայ վրացական համաձայնությամբ վրացիներն իրենք ընդունել էին Փարվանա, Տաբիսծղուր լճերի՝ հայերին պատկանելու համաձայնագիրը: Ինչևէ, հարցն այն է, որ ի վերջո հայ-վրացական հարցը ևս այդ պահի դրությամբ լուծում ստացավ, իսկ Թուրքիայի պահով ի վերջո ստորագրվեց Սևրի պայմանագիրը: Սևրի պայմանագրով Հայաստանը բավական մեծ տարածքներ բոլոր կողմերում, լուծելով միանգամից Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հարցերը: Առաջին հանրապետության տարիներին Նախիջևանը, Զանգեզուրն ու Արցախը մնացին հայկական և նորից եմ կրկնում, Նախիջևանն ու Արցախի մի մասը նվիրվեց Ադրբեջանին, իսկ մի մասն էլ մնաց Ադրբեջանի կազմում որպես ինքնավար տարածք, մեզ հայտնի է ԼՂԻՄ անունով:

Հիմա գանք իրավահաջորդության հարցին:

Նախ ՀՀ-ն ՀԽՍՀ ժառանգը չէ և չի էլ կարող այդպես լինել, քանի որ ՀԽՍՀ-ն միջազգային իրավունքի տեսանկյունից չէր կարող համարվել պետություն, քանի որ վերջինս ոչ թե անկախ և ինքնուրույն քաղաքականություն վարող պետություն էր, այլ՝ մեկ կենտրոնի կողմից կառավարվող գաղութ:

Նախ ասենք, որ Անկախության մասին հռչակագրի ու ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված սկբունքներում որևէ խոսք չկա, որ  ՀՀ-ն ՀԽՍՀ-ի իրավահաջորդն է։

Արդեն ասացինք, որ  ՀԽՍՀ-ն միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված, հետևաբար, այսպես ասված «անօրինական» պետություն էր, քանի որ այն անկախ ու ինքնուրույն չէր, այլ գտնվում էր մի միության մեջ, որը կառավարվում էր Մոսկվայից և Հայաստանը չուներ ինքնուրույնություն, չնայած նրան, որ ԽՍՀՄ սահմանադրությամբ իբրև թե ինքնակամ էր:

ՀԽՍՀ-ն չկար ՄԱԿ-ում, կամ մեկ այլ միջազգային կազմակերպությունում, չկար ՄԱԿ-ին նախորդող Ազգերի լիգայում: ՀՀ-ն չի կարող լինել չճանաչված պետության իրավահաջորդ, իսկ մենք, հայտարարելով հանդերձ, որ «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»,(Հայաստանի Անկախության Հռչակագիր), ապրում ենք ՀԽՍՀ թողած պայմաններով ու տառապում դրա համար:

Անդրադառնանք Մոսկվայի  պայմանագրին: Բազմիցս շեշտել եմ, որ դրանք անօրինական պայմանագրեր էին: Ահա թե ինչու՝

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
  • Հայաստանը 1921թ մարտին անկախ էր(փետրվարյան ապստամբություն) և պաշտոնական Երևանն այդ պահին չի մասնակցել այդ պայմանագրերին

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924թ.՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)։ Մինչև 1924թ տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։

Բայց նույնիսկ եթե այդ պայմանագրերը լիովին օրինական լինեին, ապա ներկայիս ՀՀ-ն չպիտի դրանք ճանաչի ու հարգի, որովհետև դրանք կնքվել են 1921թ. ԽՍՀՄ-ը սկսել է կազմավորվել 1922թ. իսկ միջազգային ճանաչումը՝ 1924-ից: Ու ոչ միայն դա: Անկախությունից հետո, 1992թ. Ալմա Աթայի պայմանագրով ՀՀ-ն երաշխավորում է միայն 1992թ. մինչև 1991թ. ընդունած ու կնքած պայմանագրերը: Այսինքն ԽՍՀՄ, իսկ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը ոչ միայն անօրինական էին, այլև կնքվել են ոչ թե Թուրքիայի ու ԽՍՀՄ կառավարությունների, այլ Թուրքիայի «Ազգային Մեծ Ժողովի», որն այդ պահին ընդամենը հասարակական կազմակերպության կարգավիճակ ուներ և ՌՍՖՍՀ-ի, այսինքն Ռուսաական պետության մեջ, այսինքն չեն հանդիսանում ԽՍՀՄ-ի կողմից կնքված պայմանագիր, իսկ 1992թ. Ալմա Աթայով ընդունվում ու ճանաչվում է ԽՍՀՄ-ի պայմանագրերը:

Արդեն ասացինք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ՀԽՍՀ-ն ճանաչված չէր ու ՀՀ-ն չի կարող ու չպիտի նրա իրավահաջորդը լինի: ՀՀ-ն երաշխավորում է միայն ԽՍՀՄ-ի կողմից կնքված պայմանագրերը, ոչ թե դրա կազմում գտնվող առանձին ԽՍՀ-ների: Ինչպես գիտենք, Կարսի պայմանագրում կա նաև ՀԽՍՀ ներկայացուցչի ստորագրությունը: Մի պետության, որը օրինապես ճանաչված չէր և դա ևս մեկ գործոն է, որ այդ պայմանագիրն անընդունելի է և՛ բարոյապես, և ՛ իրավապես:

Իսկ այն, որ ԽՍՀՄ-ը հետագայում ճանաչել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, այլ հարց է: Այս պահով կա հետևյալը: Այդ նույն Ալմա Աթայի հռչակագրում նշված է. «ԽՍՀ Միության պայմանագրերից ու համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու մասին»: Դա նշանակում է ԽՍՀՄ օրոք կնքված պայմանագիր, ոչ թե նրա կողմից ճանաչված, հասկանո՞ւմ եք: Մենք մեր ձեռքում ունենք բազմաթիվ այս և այլ փաստաթղթեր, որոնք պարզապես նվեր են ՀՀ-ին, բայց մենք կամ կույր ենք, կամ չափից ավելի անճարակ՝ այդ ամենը հասկանալու ու ընդունելու համար:

Եվս մի բան: Չկա ոչ մի փաստաթուղթ, որ ԽՍՀՄ-ը պաշտոնապես կնքել կամ վերահաստատել է Կարսի պայմանագիրը: ԽՍՀՄ-ը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, որը հաստատել է նաև ՀԽՍՀ-ն: Քանի, որ արդեն մի քանի անգամ ասացի, թե ինչ կարգավիճակ ուներ ՀԽՍՀ-ն, ավելորդ եմ համարում նորից կրկնել: 1967թ. փետրվարի 28-ին ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրում են սահմանազատման մասին նոր պայմանագիր: Եթե Կարսի պայմանագիրը հաստատված էր, ինչո՞ւ էր սահմանազատման համար նոր գործողություններ արվում: Իրականությունն այն է, որ ՀԽՍՀ-Թուրքիա սահմանն ինքնաբերաբար դարձել է ԽՍՀՄ-Թուրքիա սահման:

ԽՍՀՄ ժառանգ կարող է լինել միայն Ռուսաստանը: Միայն և միայն Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել ԽՍՀՄ ժառանգորդ լինելու հարցում: Թեկուզ հենց արևելյան Պրուսիայի հարցով, որ ԽՍՀՄ-ը գրավեց և Քյոնիքսբերգը անվանափոխեցին Կալինինգրադի: Թերևս կարելի էր Ռուսաստանին հարցնել, թե ինչ հիմքով է գերմանական հողերը պահել իրեն:

Սա ի միջիայլոց, իսկ եթե նույնիսկ ՀՀ-ն իրեն ճանաչի ՀԽՍՀ ժառանգորդ, արդյո՞ք նա հիմա պիտի միջազգային հարցերում փորձի պաշտպանել այն միջազգային պայմանագրերը, որոնք կնքվվել են ԽՍՀՄ կողմից, ասենք ինչ որ շվեդական կամ լատինական հարցերով: Իհարկե ո՛չ:

Ի վերջո՝ եթե ՀՀ-ն հանդիսանում է ՀԽՍՀ-ի իրավահաջորդը, ապա պիտի ընդունի նաև Կարսի պայմանագիրն ու հրաժարվի և՛ Սևրից, և՛ Թուրքայի հանդեպ ցանկացած պահանջից: Այդ դեպքում ամենաշատը, որ կարող ենք պահանջել այն է, որ թուրքերն ընդունեն ցեղասպանությունը որպես պատմական իրողություն և բարոյապես: Ավել ոչ մի բան սպասել չի լինի: Իսկ դա հասկանում ենք, որ անընդունելի է:

Հուսով եմ, որ կարողացա փոքր ինչ բացատրել, թե ինչ խայտառակ իրավիճակում ենք գտնվում ու ինչ աններելի սխալներ ու բացթողումներ ենք անում անընդհատ: Մենք ի վերջո պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում և ումից: Մենք հենց հիմա մեր ձեռքից բաց ենք թողնում մեծ հնարավորություններ ու միաժամանակ կռանում արհեստական խնդիրների առաջ: Արցախի հարցն այդ ողջ թնջուկի մի փոքր մասն է միայն: Արցախի հարցով գուցե և ուշացել ենք, բայց ՀՀ-ի հարցով մենք դեռ կարող ենք ու պիտի փոխել մեր ջայլամային ինքնավնաս քաղաքականությունն ու ի վերջո ուշքի գանք: Հարկավոր է դադարեցնել այս ողջ խելագարությունն ու սկսել լարված աշխատելը փոխարինել խելացի աշխատելով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *