Միասնականութեամբ է, որ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը կ՛ապահովուի:
Հայկազ Պետրոսեան
Ընտրապայքարները սկսած ու շարունակւում են: Չգիտեմ ուրախալի երևոյթ է թէ հակառակը, որ 26 կուսակցութիւններ ու դաշինքներ ընտրուելու հաւակնութեամբ բուռն կեպով պայքար են մղում ոչ այնքան միմանց դէմ, ինչքան Նիկոլ Փաշինեանի ու մասնաւորապէս Ռոբերտ Քոչարեանի:
Իմ կարծիքով 26ը ոչ միայն շատ է, այլ վտանգաւոր երկու միլիոն քուէ ունեցող երկրի համար, աւելի վտանգաւորը այն, որ 26ի շարքին են երկու դաշինքներ, ովքեր այսօր պէտք է բանտերում կամ նուազագոյնը քաղաքական դաշտից հեռացուած լինէին: Միւս 24 կուսակցութիւններն ու դաշինքները ամենքն էլ հայրենասէր են և նպատակ ունեն Հայաստանը փրկել ներկայ քաոսային վիճակից, ես սրանում կասկած չունեմ, թէև նրանց մէջ էլ ծայրահեղ դէպի Արևելք կամ Արևմուտք թեքուելու պայքար է մղւում :
Զարմանալի երևոյթ չէ այդքան մեծ թւով կուսակցութիւնների ստեղծումը: Եօթանասուն տարի խորհրդային համակարգը, այնուհետև նրա ժառանգորդներ՝ երեք նախագահները քսան հինգ տարիներից աւելի շարունակելով նոյն ՔԳԲական գործելաոճը չթոյլատրեցին ազատ քաղաքական դաշտ ձևաւորուէր Հայաստանում մինչև, որ 2018 թուականի յեղափոխութիւնը, որ բացեց այդ ճանապարհը: Ակնյայտ էր թէ ինչի ծարաւը կար Հայաստանում և ինչու մէկը միւսի ետևից հիմնուեցին շուրջ 50-60 կուսակցութիւններ:
Պատահական չէ նաև, որ փորձ է արւում ընտրապայքարը կենդրոնացնել և ժողովրդի հայացքը սևեռել միայն երկու կողմերի ուղղութեամբ, Նիկոլ Փաշինեանի և Ռոբերտ Քոչարեանի, որին՝ (Ռոբերտ Քոչարեանին ու իր դաշինքը) անուանում են հինգերորդ շարասիւն և, որ նրանք միայն մէկ բան են հետապնդում, ջախջախել Նիկոլ Փաշինեանին ու վերջ, նրանից յետոյ Կրեմլը գիտի թէ ինչ է անելու Հայաստանի հետ: Նիկոլ Փաշինեանը՝ յուսախաբ դարաւոր դաշնակցից ու ԵԱՏՄից վերջապէս հայեացքը ուղղեց դէպի Եւրոպա և ԱՄՆ, որ շատ լաւ է, գոնէ զգաստացումի մէկ քայլ է Կրեմլին: Նոյն ժամանակ շատ մեծ յոյս կա, որ իր թիմը վերընտրուի, բայց յոյսը կապել միայն նրան՝ հիմարութիւն է:
Ուրեմն երրորդ ուժի կամ ուժերի ներկայութիւնը յոյժ կարևոր է: Սակայն, կրկնում եմ, այնքան մեծ թւով կուսակցութիւնների առանձին-առանձին մասնակցութիւնը ոչ թէ դրական արդիւնքի չի հանգեցնելու, այլ Ազգային Ժողով և կառավարութիւն կազմելու հնարաւորութիւնը գրեթէ անհնարին է դարձնելու, յատկապէս եթէ հստակ չէ թէ ամեն մէկը որքան քուէ կարող է ապահովել: Պատկերացրէք ինչ քաոս է ստեղծուելու եթէ 26ն էլ մտնեն Ազգային Ժողով:
Ուրեմն միակ ելքն է համախմբուել և մանր քուէնները կենդրոնացնել 4-5 ուժերի շուրջ, ովքեր իրապէս գիտեն թէ ինչպիսի ինքնիշխան պետականութիւն կարելի է ստեղծել: Այդ ես չեմ, որ պիտի ասեմ ովքեր են, ամենքն էլ ճանաչում են նրանց:
Այսօր բոլոր ժամանակներից շատ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ է պէտք եւ միակ ու վերջին առիթն է հաւատալ Եղիշէ Չարենցի խօսքին, ով ասում է՝ «Ով Հայ ժողովուրդ Քո Միակ Փրկութիւնը Քո Հաւաքական Ուժի Մէջ է»: Առայժմս ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ կամ ՀԱՒԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ բառերը իրականութիւնից շատ հեռու են Հայաստանում, եթէ չասենք հրաշքի նման մի բան: Սակայն վերջապէս ե՞րբ պէտք է գիտակցել հարցի կարեւորութեանը եթէ ոչ հէնց այսօր:
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ է, որ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը կ՛ապահովուի: Միասնականութեամբ կարող կը լինեն ընդմիշտ գրողի ծոցը ուղարկել նախկին թալանչիներին, գողապետերին ու երկիր ծախողներին, այսինքն հինգերորդ շարասեանը: Այս վճռական քայլով է, որ վերջնականապէս Հայաստանը ազատ շունչ կը քաշի: Սա միակ առիթն է, որ պէտք է օգտագործել:
Հայրենիքի սիրոյն այս անգամին պէտք է իրականացնել այդ հրաշքը՝ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ: Հաստատ կը յաջողեն, միայն կամք եւ զոհաբերութիւն է հարկաւոր առանց սեփական եսը առաջնահերթ դասելով: