Եվ ահա, մենք քաղաքավարի ժպտալով նայում ենք ռուսներին և ո՞ւմ ենք տեսնում՝ բարեկամի՞, դաշնակցի՞, հովանավորի՞, թե՞հարևանի։
Արայիկ Մկրտումյան
Եվ այսպես։ Մենք հասկացանք ժողովրդի ու պետության տարբերությունը։ Հիմա եկեք հասկանանք դաշնակցի ու հովանավորի տարբերությունները, որովհետև մենք ոչ միայն չենք կարողանում բարեկամին տարբերել գործընկերոջից, այլև դաշնակցին՝ հովանավորից։ Ու հենց այստեղ էլ մենք անում են մեր կոպտագույն սխալներից մեկը։
Ի՞նչ է նշանակում դաշնակից։
Դա այն պետությունն է, որի հետ դու ունես ընդհանուր շահ, իրար հետ եք աշխատում և իրար հետ էլ պատասխանատվություն եք կրում արածի ու չարածի համար։ Դուք իրար օգնում եք։ Ամեն դեպքում այդպես պիտի լինի, տրամաբանությունն այդ է ենթադրում։
Ի՞նչ է նշանակում հովանավոր։
Հովանավորը կամ խնամակալն այն է, որն ինքն է որոշում քո փոխարեն։ Նա է որոշում, թե քեզ ինչ է պետք, իսկ ինչ՝ ոչ։ Այս դեպքում դու չունես ընտրության տարբերակ կամ բանակցության հնարավորություն։ Դու պարզապես համաձայնվում են քո հովանավորի ու խնամակալի որոշումների հետ։
Հիմա եկեք հասկանանք` ռուսները մեր դաշնակիցն են, թե հովանավորը։ Պաշտոնապես՝ դաշնակիցն են, իրականում՝ հովանավորը, կամ որ ավելի վատ է, տիրություն անողներից մեկը։ Այս վիճակի ողբերգությունն այն է, որ հայերը որպես պետություն կատարում են պետական դաշնակցային պարտավորությունները և որպես ժողովուրդ՝ տուժում այդ ամենից։
Օրինակ, երբ հայերի կողմից առաջացան հարցեր, թե ինչու ռուսները չեկան ու չկռվեցին Արցախում, Վլադիմիր Պուտինը հստակ ասաց, որ Ռուսաստանի դաշնակիցը ՀՀ-ն է, որը պաշտոնապես պատերազմի մեջ չի եղել, իսկ Արցախը միջազգային իրավունքի տեսակյունից համարվում է Ադրբեջանի տարածք։
Այս տողերը մեծ զայրույթ առաջացրին հայերի մեջ, ու մենք ռուսներին մեղադրեցինք, որ նա ծախում է ու արհամարում իր դաշնակցին․․․․ու հետո հիշում ենք պետություն կոչված սառը մեքենայի մասին ու հասկանում ենք, որ եթե Արցախում նույնիսկ ցեղասպանություն կատարվեր, ապա ռուսներն էլի չէին միջամտելու, քանի որ ՌԴ-ի դաշնակիցը ՀՀ-ն է, ոչ թե չճանաչված Արցախը։ Ու ռուսական տրամաբանությունն այն է ենթադորում, որ եթե ՀՀ-ն Արցախը չի ճանաչում որպես իր տարածք կամ անկախ պետություն, ապա ինքն ինչո՞ւ պիտի այնտեղ կռվի։
-Է՜, իսկ այդ դեպքում ինչպե՞ս ռուսական զորքը եկավ Արցախ,- կբարկանա ընթերցողը,- սա կրկե՞ս է։
Ո՛չ, սա կրկես չէ, սա կոչվում է քաղաքականություն։ Եթե կրկեսում կենդանիներին են տանջում, ապա քաղաքականության մեջ՝ ժողովուրդներին։
Ռուսները եկան Արցախ որպես խաղաղապահ՝ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ։
Այս աբսուրդը եռացող զայրույթով է լցնում հասարակ մարդու սիրտը։ Մենք դառնությամբ ենք նայում, թե ինչպես նույն բանի մասին տարբեր տոնով խոսելիս լրիվ ուրիշ բան են ասում ու կարելի է թույլ տալ մարդկային մի մեծ հանցագործություն, որովհետև ինչ որ թղթերի վրա ինչ որ բաներ գրված չեն։
-Լավ, Արցախը պաշտոնապես ճանաչված չէր, բա Հայաստա՞նը,- զայրացած կգոռա ընթերցողը,- Հայաստանը չէ, ՀՀ-ն, ժողովուրդը չէ, պետությունը, դաշնակիցը։ Այստե՞ղ ինչ է կատարվում։ Ադրբեջանցիներն արդեն ինչքան ժամանակ է մտել են մեր տարածք, մարդ են սպանում, գերի են տանում ու տանջում, անասուն են գողանում, մեքենա փախցնում, ո՞ւր է այդ գրողի տարած դաշնակիցը։
Իսկ դաշնակիցը, թանկագին բարեկամ, դաշնակիցը չօգնելու այնքան արդարացումներ ունի, որ հերիք կանեն մի քանի պատերազմի։ Որովհետև կան բազմաթիվ դաշնագրեր ու նման դժվարըմբռնելի տողեր։
Ռուսաստանն այս մասին ասում է, որ կատարվում է սահմանագծում՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ու դրան պաշտոնապես համաձայնվել են Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունները։ Ու կներեք, եթե դա ձեր սրտով չէ, այդպես էլ է պատահում, իսկ եթե ադրբեջանցիները համը հանում են, ապա պաշտոնապես ասեք, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ-ի վրա ու պաշտոնապես ռազմական օգնություն խնդրեք։
-Այդ դեպքում էլ երևի մի քանի շաբաթ կքննարկվի, կոչեր, կոչեր,- կվշտանա ընթերցողը։
Իհարկե։ Այդպես էլ պիտի լիներ։ Ռուսաստանն իր մատը կշարժի միայն այն դեպքում, երբ դա իրեն որևէ օգուտ կբերի, հակառակ դեպքում ոչինչ էլ չի անի։ Ոչ ոք չի անի, լինի դա Ֆրանսիան կամ Տուվալուն։ Եթե ռուսական շահը պահանջի, ապա հայ-ռուսական միացյալ զորքերը մի ամիս հետո Բաքվում կլինեն, իսկ եթե ոչ՝ ապա ռուսական զորքերը հանգիստ կնայեն, թե ինչպես են թուրքերը Երևանը արյան բաղնիք դարձնում։ Որքան էլ որ ցավոտ է ու դաժան, դա այդպես է։ Մնում է միայն գոհանալ, որ այստեղ միայն Ռուսաստանը չէ, որ հարց է լուծում ու խաղացողները շատ են։ Իհարկե վտանգ կա, որ մեզ խաբողները շատ կլինեն, բայց և չի լինի միայն մեկը, որ բարեկամից դահիճ կդառնա իրեն հարմար պահի։
Մենք այդպես էլ դուրս չենք գալիս այդ պարզունակ մտածելակերպից ու չենք ուզում ընդունել, որ ամեն երկիր միայն իր շահով է զբաղված։
Մենք մինչև հիմա առաջնորդվում ենք բարոյախրատական ճառերով։ Դա մասամբ գալիս է նրանից, որ դարերով պետություն չունենալը մեզ զրկեց պետական շահ ասվածի կարևորության գիտակցումից։ Մենք այդպես էլ չհասկացանք պետություն ասվածի ողջ լրջությունն ու կարևորությունը։ Ու հիմա մենք անընդհատ տուժում ենք, որովհետև նորմալ պատկերացումներ չունենք, թե ինչ, որտեղ ու երբ։
Հաճախ նման կարևոր, միջպետական հարցերի մասին խոսելիս մենք բավարարվում ենք բուլվարային քննարկումներով ու հետո էլ զարմանում, թե ինչու աշխարհն իրեն մեր պատկերացրածի նման չի պահում։
Մենք քաղաքականությամբ ենք ուզում զբաղվել գոմում նստած։ Մեր միաբևեռ հայցքը մեզ զրկում է ամենատարրական եզրույթները հասկանալուց։
Մենք երկու բան պիտի ընդունենք ու հասկանանք։
Առաջին՝ եթե Ռուսաստանը լավ դաշնակից չէ (թեև դաշնակիցը լավը կամ վատ չի լինում, այն կամ կա կամ՝ ոչ), ապա պետք է պաշտոնապես վերանայել մեր հարաբերությունները։ Կրկնում եմ պաշտոնապես, ոչ թե բակային տրամաբանությամբ ու մեղր ծախողի սկզբուքներով։ Միջպետական հարցերը շատ ավելի լուրջ են քան վարունգի դիմաց կարտոֆիլ վերցնելը։
Երկրորդ՝ մեր բոլոր դաշնակիցների պահվածքը կախված է ուղղակիորեն մեզնից։ Եթե մենք հասկանանք մեր շահը, ապա կստիպենք հարգել այն ուրիշներին, եթե ոչ, ապա այդ ուրիշը, ով էլ որ նա լինի, մեզ կօգտագործի ի շահ իրեն։ Եվ պետք չէ միամտորեն նայել, թե ռուսներին ինչն է օգուտ, ինչը՝ վնաս ու փորձել տեղավորվել դրա արանքում։ Հավատացնում եմ, որ ռուսներն իրենք մեզնից հազար անգամ ավելի լավ գիտեն, թե ինչն է իրենց համար լավ։ Ու մենք էլ անիմաստ խորհրդատուից պիտի վերածվենք սեփական շահը գիտակցողի, թե չէ․․․
Ու մի շտապեք շատ մեղադրել մեր պետությանը։ Այն շատ ավելի ծանր պայմաններով է դաշնակից դարձել։ Չլիներ ռազմական, թուրքական վտանգը, ռուսական դաշնակցությունը մեզ հավանաբար ընդհնարապես պետք չէր գա, իսկ ռուսները դա գիտեն։ Ռուսները նաև գիտեն, որ մենք ևս գիտենք։ Մենք էլ գիտենք, որ ռուսները գիտեն։ Եվ երբ գոռգոռալով պահանջում ենք, որ անմիջապես պետք է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ, պետք է հասկանանք, որ մենք այնտեղ չենք էլ մտել, մեզ այնտեղ զոռով մտցրել են։ Ժողովրդական մի շատ դիպուկ խոսք կա․ «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»։ Մեզ առայժմ չեն էլ թողնի ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց թուլանալու և հաճույք ստանալու փոխարեն ավելի լավ կանենք լրջանանք ու հասկանանք, որ մեզ համար վաղը կարող է չգալ։ Պետք է արթնանալ ավելի շուտ, մինչև լրիվ անպիտան դառնալը, որ մեզ վերջնականապես մանրադրամի չվերածեն։
Եվ ահա, մենք քաղաքավարի ժպտալով նայում ենք ռուսներին և ո՞ւմ ենք տեսնում՝ բարեկամի՞, դաշնակցի՞, հովանավորի՞, թե՞հարևանի։
Մտածեք։