20 C
Yerevan

Կորած Երկրի Մասին

Այն ինչի մասին գրվում է, թվում է, թե մենք բոլորս հաստատ կարող ենք ասել ու անել հազար անգամ ավե­լի լավ, բայց դա մեզ պետք չէ: Ինչո՞ւ ինչ որ բան անել, եթե կարե­լի է անե­լու փոխա­րեն խորհուրդ տալ: Եվ հենց այդպես խորհրդակցա­կան ձևով էլ կառա­վա­րում ենք պետությունը: Հետո տապալվում ենք, հետո փնտրում ենք մեկին, որ պատասխան տա:

Արա­յիկ Մկրտումյան

Մեր ժամա­նա­կաշրջանն աչքի է ընկնում հատկա­պես անհա­տա­կա­նության ցուցադրման ու ապա­ցուցման խիստ ընդգծումով: Բոլորն անհա­տա­կա­նություն են, և կարե­լի չէ գտնել թեկուզ մեկ մարդու ով չիմա­նա, թե ինչպես պետք է կառա­վա­րել աշխարհն ու տիե­զերքը: Ու քանի, որ բոլո­րը տիե­զե­րա­կալ միտք ունեն և այսպես ասած ալֆա­նե­րի հասա­րա­կություն է, ապա մանր-մունր հարցե­րով զբաղվողներ չկան:

Աղբը թափել աղբամանո՞ւմ, դե չէ, դա մանր հարց է: Կամ ասենք կաշառք չվերցնել, դա էլ է մանր հարց: Գնալ աշխա­տել և անընդհատ բոլո­րին չզզվեցնել, չէ՛, դա ընդհանրա­պես չի էլ քննարկվում:

Այո՛: Ի՞նչ է սա, ընդա­մե­նը մի հասա­րակ գրա­ռում, որն ակներև­ա­բար ցածր է մեր բոլո­րի ինտե­լեկտուալ ու գիտակցա­կան մակարդա­կից: Մեր բոլո­րի ունե­ցած փորձն ու ուժը մեզ գրե­թե աստված է դարձնում: Այն ինչի մասին գրվում է, թվում է, թե մենք բոլորս հաստատ կարող ենք  ասել ու անել հազար անգամ ավե­լի լավ, բայց դա մեզ պետք չէ: Ինչո՞ւ ինչ որ բան անել, եթե կարե­լի է անե­լու փոխա­րեն խորհուրդ տալ: Եվ հենց այդպես խորհրդակցա­կան ձևով էլ կառա­վա­րում ենք պետությունը: Հետո տապալվում ենք, հետո փնտրում ենք մեկին, որ պատասխան տա: Ղեկա­վա­րը:

Մի տհաճ բան կա, որ չենք ուզում ընդունել: Դա «լավ ու վատ» ղեկա­վա­րի պահն է: Նորանկախ Հայաստա­նում արդեն 30 տարի է բոլոր ղեկա­վարնե­րը «վատն են ու դավա­ճան»: Իսկ ինչո՞ւ: Եթե նույնիսկ այնպես է ստացվել, որ բոլոր ղեկա­վարներն իրոք վատն են եղել, ինչո՞ւ է ժողո­վուրդը հանդուրժել: Հաճախ մենք ամե­նա­հի­մար արդա­րա­ցումներն ենք բերում, մինչդեռ եթե ժողո­վուրդն իրոք չուզեր, ապա չէր լինի: Բայց մենք միայն խոսե­լիս ենք լավ, հենց բանը հասնում է գործե­լուն, ապա սկսվում է խորհուրդ տալու ու դիտո­ղություն անե­լու անվերջա­նա­լի ընթացքը: Իսկ թե ով պիտի աշխա­տի՝ անհայտ է: Ղեկա­վա­րը մեղադրում է ենթա­կա­յին, ենթա­կան՝ ղեկա­վա­րին: Ու բոլո­րը սպա­սում են ինչ որ մեկին, որ գործի, իսկ երբ տապալվում ենք, բոլո­րը փնտրում են այդ ինչ որ մեկին, որ մեղադրենք: Որ ասենք նա էր վատը: Նա էր մեղա­վոր: Մենք ընդա­մե­նը խորհուրդ ենք տվել, մենք ոչ մի վատ բան չենք արել: Այո՛, մենք ոչ միայն վատ, այլև ընդհանրա­պես ոչինչ չենք արել ու հենց էստեղ է թաղված թան գլուխը: Չենք արել: Նստել ենք, հայհո­յել ու անցել մեր առօրյա­յին: Հայհո­յել, այն էլ հեռա­կա, բողո­քել, հետո մեծ-մեծ խոսել, թե պետք է, հարկա­վոր է, կարե­լի է, միգուցե այսպես, միգուցե այնպես.…

Այսպես ասած, մենք՝ ալֆա­ներս, շատ լավ գիտենք, թե ով ինչ պետք է անի ու ինչպես պիտի դա անի, բայց չգի­տենք, թե ինչ պիտի անենք անձամբ մենք: Մենք նախընտրում ենք սոց.ցանցերում Զևսին վայել կատա­ղությամբ որո­տալ ու մեր մեծ կարծի­քը հայտնել սեղմե­լով լայքի կոճա­կը, կամ էլ ուղղա­կի մեկնա­բա­նություննե­րում արհա­մա­րա­կան  հարցնել. «և ի՞նչ»: Ու ո՞վ կարող է մեզ դրա­նում մեզ մեղադրել: Ո՛չ ոք: Հաստատ ոչ ոք:

Է՜հ, երևի լավ է այդպես խելա­ցի, իմաստուն և ուժեղ լինել:

Ես մի հեքիաթ հիշե­ցի:

Կար-չկար մի երկիր: Այդ երկիրն անսահման հարուստ էր ու գեղե­ցիկ: Ուներ անթիվ հանքեր, անտառներ, գետեր ու լճեր, լեռներ ու հովիտներ, բայց այդ երկրի մարդիկ զարմա­նա­լի ծույլ էին: Նրանց հենց այդպես էլ անվա­նում էին՝ ծույլեր: Նրանք ունեին թագա­վոր, որի գործե­րին չէին խառնվում: Վերևն Աստված, ներքև­ում՝ թագա­վո­րը: Ինչ կաներ, չէր անի, ոչ ոք ոչ մի բանի չէր խառնվում: Թագա­վորն ինքն է, ինքն էլ թող անի ամեն ինչ: Ամռա­նը նրանք քնում էին ծառե­րի զով ստվե­րում, ուտում էին բնության տվա­ծը, իսկ ձմռա­նը դուրս չէին գալիս իրենց տաք տնե­րից, և ամեն մեկը միայն իր փոքրիկ գործն էր անում:

Մի անգամ ծույլե­րի թագա­վո­րը հրա­ման տվեց, թե երկրին ճանա­պարհներ են անհրա­ժեշտ ու դրա համար ամեն տունը պետք է մեկ մարդ տա: Ծույլե­րը վրդո­վե­ցին.

-Ճանապա՞րհ: Սա՞ ինչ բան է: Թագա­վորն ինքն է, բայց մե՞նք պիտի կառուցենք: Ոչ մի դեպքում: Երկիրն իրենն է, թագա­վորն էլ ինքն է: Երկրին ճանապա՞րհ է պետք, թող ինքն էլ կառուցի: Չէ, մենք էսպես թագա­վոր չենք ուզում:

Ծույլե­րը բարկա­ցան ու թագա­վո­րին քշե­ցին գահից: Անցավ մի քանի ժամա­նակ ու ծույլե­րը տեսան, որ առանց թագա­վոր չի լինում և որո­շե­ցին նոր թագա­վոր ընտրել: Բայց մտա­ծե­ցին, որ մի մարդը չի կարող ամեն ինչ անել ու թագա­վո­րի փոխա­րեն ընտրե­ցին 10 նախա­րար ու ասա­ցին.

-Ահա՛ երկի­րը, ահա՛ իշխա­նությունը: Կառա­վա­րեք, արեք ինչ ուզում եք, մեզնից ոչինչ չուզեք:

Նախա­րարներն անցան աշխա­տանքի և տեսան, որ երկրում ուտե­լու ոչինչ չի մնա­ցել ու շուտով սով է սկսվե­լու: Նրանք հրա­մա­յե­ցին, որ ողջ ժողո­վուրդն իսկույն անցնի աշխա­տանքի, որ կարո­ղա­նան հաղթա­հա­րել այդ դժվա­րությունը:

Ծույլե­րը կրկին բարկա­ցան.

-Սա՞ ինչ բան է: Սրա՞ համար թագա­վո­րին քշե­ցինք, 10 նախա­րար բերինք, որ էլի մե՞նք աշխա­տենք: Չէ՛, սրանք լավը չեն: Սրանց չենք ուզում:

Ու ծույլե­րը հավաքվե­ցին ու վռնդե­ցին այդ նախա­րարնե­րին ու նրանց փոխա­րեն ընտրե­ցին 50 հոգու և ասա­ցին.

-Ահա ձեզ ենք տալիս կառա­վա­րե­լու ամեն իրա­վունք: Երկի­րը ձերն է, արեք ինչ ուզում եք ու մեզ չանհանգստացնեք:

Նոր կառա­վա­րությունը, տեսնե­լով, որ էլ ճար ու հնար չկա, գանձա­րա­նից մեծ գումարներ ծախսեց, օտար երկրնե­րից մեծ քանա­կությամբ սնունդ գնեց ու երկի­րը փրկվեց սովից:

Մի քանի ժամա­նակ անց երկրում շատ մեծ ու ծանր համա­ճա­րակ ստեղծվեց: Կառա­վա­րությունը հրա­մա­յեց, որ բոլո­րը մաքրություն պահպա­նեն, անընդհատ բաղնիք գնան, լողա­նան, լվացվեն, մաքրեն փողոցներն ու տնե­րը: Ծույլե­րը խիստ զայրա­ցան այս ամե­նից:

-Հետո՞: Էլ ին՞չ կուզեիք: Երկրի կառա­վա­րի­չը դուք եք ու մե՞նք պիտի պայքա­րենք հիվանդության ու ցավի դեմ: Չէ, չենք ուզում, մեզ էս տեսակ հիմար կառա­վա­րություն պետք չէ:

Ու հավաքվե­ցին, վռնդե­ցին այդ 50 հոգուն ու դրա փոխա­րեն ընտրե­ցին 100 հոգու և ասա­ցին.

-Ահա ձեզ ենք տալիս երկիրն ու իշխա­նությունը: Ինքներդ կառա­վա­րեք ու ինքներդ էլ պայքա­րեք:

Այս նոր կառա­վա­րությունը ստիպված շատ մեծ գումարներ ծախսեց գանձա­րա­նից, հրա­վի­րեց օտար մարդկանց, բժիշկնե­րի, գիտնա­կաննե­րի: Նրանց առատ վարձատրեց ու ախտա­հա­նեց երկի­րը, մաքրեց ու վերացրեց հիվանդությունն ու ցավը:

Նոր էր հիվանդությունը չքա­ցել, երբ հարև­ան երկրի չար ու վայրե­նի ցեղե­րը հարձակվե­ցին ծույլե­րի երկրի վրա: Կառա­վա­րությունը հրա­ման արձա­կեց, որ բոլո­րը պարտա­վոր են պաշտպա­նել հայրե­նիքն ու պետությունը, և որ անհա­պաղ պետք է գնալ և կռվել:

Ծույլերն այս անգամ էլ խիստ զայրա­ցան.

-Չէ՛,- գոռա­ցին,- ինչ կռիվ, ինչ բան, ինչ պետություն, ինչ պատե­րազմ: Կառա­վա­րությունն է երկրի տերը, թող ինքն էլ պաշտպա­նի,- ու գնա­ցին ամեն մեկն իր գործին:

Կառա­վա­րությունը, տեսնե­լով, որ թշնա­մու դեմ ուժ ու զորություն չունի, բանակցեց ու երկու գավառ զիջեց նրան, միայն թե պատե­րազմ չսկսվի:

Ծույլե­րը սկսե­ցին հայհո­յել.

-Սա ի՞նչ կառա­վա­րություն է, փոխա­նակ մեզ պաշտպա­նի ու պայքա­րի, մեր հողե­րը տալիս է թշնա­մուն:

Իսկ թշնա­մին հասկա­ցավ, որ իր դեմ չկա ուժ ու համա­ձայնություն և առաջ եկավ: Իր վայրի հեծյալներն ու արնա­խում ելուզակնե­րը մտան այդ երկիր ու սկսե­ցին թալա­նել, գողա­նալ, սպա­նել, այրել ու ոչնչացնել մարդկանց, տնե­րը, այգի­ներն ու տաճարնե­րը:

Ծույլե­րը փախչում էին ու աղա­ղա­կում.

-Մեր կառա­վա­րությունը չպաշտպա­նեց մեզ:

-Հողե­րը տվեց:

-Ծախեց երկի­րը թշնա­մուն:

Իսկ թշնա­մին գրա­վում էր քաղաք-քաղա­քի հետև­ից, այրում էր գյուղերն ու անարգել առաջ գալիս:

Իսկ ծույլե­րի մի մասը սպանվեց, մի մասը փախավ ու նրանք ապրե­ցին ու մահա­ցան օտա­րության մեջ: Նրանց սերունդնե­րը մոռա­ցան իրենց պատմությունն ու լեզուն և նրա­նից միայն այս հուշը մնաց: Հուշը դարձավ լեգենդ, լեգենդը՝ հեքիաթ ու բոլոր մոռա­ցան այն, ինչի մասին մոռա­նալ չէր կարե­լի: Միայն մի քանի­սը աղոտ հիշե­ցին այս պատմությունը, որը և պատմե­ցի:

Դե՜, կարդացի՞ք հեքիա­թը: Եվ ի՞նչ:

Առնչվող Հոդվածներ