Այսօր՝ հուլիսի 5-ին, որ պիտի տոնեինք Սահմանադրության օրն ու լցված լինեինք պետական հպարտությամբ, միայն աղավաղված պատկերացում ունենք, Սահմանադրության մասին և միակ բանը, որ հաստատ գիտենք, այն է, որ այսօր ոչ աշխատանքային օր է:
Գէորգ Թորոյան
Այսօր հուլիսի հինգն է, Սահմանադրության օրը: Իրականում շատ կարևոր և իրականում ամբողջովին անտեսված մի օր: Սահմանադրությունը, որը գերագույն կարգավորիչի, կարգադրիչի և վերահսկողի դերը, գտնվում է անմխիթար մի դրության մեջ, այնքան անմխիթար, որ շատ-շատերն այլևս չգիտեն, թե ինչ է Սահմանադրությունը, ինչի համար է, ում է պետք և ինչ է պետք անել դրա հետ: Հարցրեք մարդկանց, թե ինչ է սահմանադրությունը: Կտան անորոշ և աղավաղված պատասխաններ…բայց եթե հասարակ մարդիկ օրենսգետի խորիմացությամբ չգիտեն դրա կարևորության մասին, ապա ի՞նչ ասես պետական պաշտոնյաների մասին, որոնք էլ հենց պիտի կիրառեն ու պաշտպանեն սահմանադրությունը, այլ ոչ թե խաղալիք դարձնեն իրենց ձեռքերում:
Սահմանադրությունը, որ դաշինք է հասարակության ու պետության մեջ իբրև գերագույն գլխավոր օրենք և սկզբունք ամեն ինչի, մոռացված է իբրև մի անհասկանալի հեքիաթ: Եվ ամենից ցավալին այն է, որ Սահմանադրությանն այսպես է վերաբերվում մի պետություն, որի ժողովուրդն առաջինն է ստեղծել ժողովրդավար հանրապետության սահմանադրություն:
Ցավալի է, և ոչ միայն, սխալ է, ոճիր է: Եվ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ այլանդակել են Սահմանադրությունն ու այն արժեզրկել ժողովրդի աչքում, իրականացրել են շատ ավելի ծանր մի բան, քան նույնիսկ պետական դավաճանությունը: Պետական դավաճանները դեմ են գնում Սահմանադրությանը, իսկ բաևձր պաշտոնյաներն արժեզրկեցին և՛ Սահմանադրությունը, և՛ հավատն ու հարգանքը նրա նկատմամբ ու արժեզրկեցին այնպես, որ ՀՀ-ում ամեն ինչ մնաց անպաշտպան: Ամեն ինչ, նույնիսկ այն, ինչով միշտ հպարտացել է հայ ժողովուրդը՝ կրթությամբ ու կրթության նկատմամբ հարգանքով ու սիրով:
Ֆեյսբուքյան օգտատեր Գեորգ Թորոյանն այս մասին իր էջում գրում է.
«Այսօր յուլիս 5` Սահմանադրոււթեան օրն է:
ՅՕԴՈԻԱԾ 39.
Իւրաքանչյուր ոք ունի կրթութեան իրաւունք:
Հայաստանի Հանրապետութիւնում հիմնական ընդհանուր կրթութիւնը պարտադիր է, բացառութեամբ օրէնքով նախատեսուած դէպքերի: Օրէնքով կարող է սահմանուել պարտադիր կրթութեան աւելի բարձր մակարդակ:
Միջնակարգ կրթութիւնը պետական և համայնքային ուսումնական հաստատութիւններում անվճար է:
Քարոզարշաւի վերջին օրերուն` յունիս 17ին եւ յունիս 18ին վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան յայտարարեց թէ մինչեւ տասը տարեկան երեխաներուն երեսուն առ հարիւրը գրել–կարդալ չի գիտեր:
Այլ խօսքով Հայաստանի մէջ մինչեւ տասը տարեկան մօտաւորապէս 20-25 հազար երեխայ գրաճանաչ չէ:
Սա առաջին հերթին հակասահմանադրական է, որու համար պէտք է 1991էն ասդին կրթութեան բոլոր նախարարներն ու այդ ոլորտի պատասխանատուները հաշուետուութեան կանչուին: Հաշուետութեան պէտք է կանչուին Հայաստանի նախագահները, որոնք սահմանադրութեան գործադրութեան համար երդում կատարած են:
Ո՞ւր է Սահմանադրական Դատարանը։
Ո՞ւր է մարդու իրաւունքներու պաշտպան Arman Tatoyan-ը: Ո՞ւր են կուսակցութիւններն ու դաշինքները, որոնք մեզի կը խոստանային արդար, ուժեղ, բարգաւաճ կամ լուսաւոր Հայաստան:
Անգրագիտութիւն տարածելո՞վ պիտի ստեղծուէր ուժեղ Հայաստան, անգրագիտութեա՞մբ պիտի լուսաւորուէր ու բարգաւաճէր Հայաստանը, թէ անգրագիտութիւն տարածելով պիտի ուղղէինք մեր մէջքը
Հայ ժողովուրդի ապագայի հաշւոյն ոճիր գործուած է:
Ո՞վ պատասխան պիտի տայ»:
Այո՛: Հայ ժողովրդի հանդեպ ոճիր է իրականացվել և այսօր՝ հուլիսի 5-ին, որ պիտի տոնեինք Սահմանադրության օրն ու լցված լինեինք պետական հպարտությամբ, միայն աղավաղված պատկերացում ունենք, Սահմանադրության մասին և միակ բանը, որ հաստատ գիտենք, այն է, որ այսօր ոչ աշխատանքային օր է:
Այսօր դեռևս տոն չէ: