Մենք, փոխանակ սպասելու ՀԱՊԿ արձագանքին ու հետո քննարկելու դա, պետք է ի սկզբանե հարցնեինք՝ արդյոք Ադրբեջանը կարող էր իրեն թույլ տալ խախտել Հայաստանի սահմանը, այսինքն՝ ֆորմալ իմաստով նաեւ ՀԱՊԿ սահմանը, եթե վստահ չլիներ, որ դա ռուսների կողմից հակադարձ պատասխանի չի արժանանա, կամ եթե չունենար լռելյայն համաձայնության երաշխիք նույն ռուսների կողմից:
ՀԱՊԿ-ն ոչ միայն պարզապես կցորդ է, այլեւ Ռուսաստանի քաղաքական գործիք
–Մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածքում է գտնվում մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորական: Այդ ընթացքում թշնամին գերեվարել է 6 հայ զինվորական և սպանել 1 հոգու: Բայց ՀԱՊԿ-ում Հայաստանի ռազմավարական գործընկերեները գլխավոր քարտուղար Զասի միջոցով դա անվանում են սահմանային միջադեպ, որը իբր չի տեղավորվում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության մեջ: Մյուս կողմից՝ մայիսի 26-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բացառել էր, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կատարի իրենց պայմանագրային պարտավորությունը Հայաստանի հանդեպ, եթե մեր երկիրը պատժիչ գործողություններ ձեռնարկի թշնամու դեմ: Եվ ուրեմն, ի՞նչ է նշանակում Զասի հայտարարությունը. որ ՀԱՊԿ-ի վրա ընդհանրապես պետք չէ՞ նույնիսկ նվազագույն հույս դնել:
-Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի արձագանքը շատ զարմանալի պետք է լիներ մեզ համար: Նախ՝ ՀԱՊԿ ասվածը ֆորմալ անվանում է, իրականում խոսքը Ռուսաստանի արձագանքի մասին է: Ռուսաստանը չի պատրաստվում եւ չի էլ կարող հանդես գալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում որպես կողմ, տվյալ դեպքում՝ Հայաստանի դաշնակից: Նա կարող է միայն որպես միջնորդ հանդես գալ, ընդ որում՝ այնպիսի միջնորդ, որը հաճախ ինքն էլ կարող է իրավիճակներ հրահրել՝ հենց միջնորդության հող ապահովելու համար: Սրա պատճառն այն չէ, որ ռուսները վատն են կամ էլ հիմար են՝ չեն հասկանում իրենց իրական շահը, ինչպես շատերը մեզանում դեռ միամտաբար մտածում են՝ իբր ռուսներին պետք է բացատրենք իրենց շահը, կամ էլ՝ եթե լավ բալեքի պես մեզ պահենք, ռուսները մեզ կպաշտպանեն: Իրոք, լրջանալ է պետք վերջապես եւ հասկանալ, որ դարերի ավանդույթ ունեցող պետությունը հոյակապ գիտի, թե ինչ է անում, եւ ունի դարերի կիրառման պատմություն ունեցող քաղաքականության մոդելներ, որոնք կիրառում է գրեթե ավտոմատ ռեժիմով:
Մենք, փոխանակ սպասելու ՀԱՊԿ արձագանքին ու հետո քննարկելու դա, պետք է ի սկզբանե հարցնեինք՝ արդյոք Ադրբեջանը կարող էր իրեն թույլ տալ խախտել Հայաստանի սահմանը, այսինքն՝ ֆորմալ իմաստով նաեւ ՀԱՊԿ սահմանը, եթե վստահ չլիներ, որ դա ռուսների կողմից հակադարձ պատասխանի չի արժանանա, կամ եթե չունենար լռելյայն համաձայնության երաշխիք նույն ռուսների կողմից:
Մենք պետք է նայենք քարտեզին ու հարց տանք՝ այդ ինչպե՞ս կարող է Ադրբեջանն իրեն թույլ տալ Արցախում եղած ռուսական զորքի քթի տակ մտնել Սյունիքի սահման: Եթե Ադրբեջանն այդքան հզոր է, որ կարող է այդ աստիճան անտեսել ռուսական ուժը, ապա ինչո՞ւ նոյեմբերի 9-ին կանգ առավ եւ Շուշիից չմտավ Ստեփանակերտ, այլ թույլատրեց, որ ռուսական զորքը մտնի այնտեղ: Ի՞նչն էր խանգարում Շուշիին տեր դարձած ուժին մտնել Արցախի մայրաքաղաք: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը մտնում է Սյունիք Լավրովի Բաքու կատարած այցից օրեր անց (ստույգ չեմ հիշում, գուցե նույնիսկ հաջորդ օրը):
Եվ եթե այս բոլոր հարցերը հուշում են, որ այստեղ կա ռուս-ադրբեջանական լռելյայն փոխգործակցություն, պետք է տանք նաեւ մյուս հարցը՝ իսկ ի՞նչ ընդհանուր նպատակ կարող են ունենալ այդ երկուսը Սյունիքի ուղղությամբ: Հետո պետք է հարցնենք, իսկ այդ ի՞նչ եղավ, որ Սյունիքի հարցը կտրուկ սրվեց, հետո բարձրացավ սահմանազատման թեման ու նույնքան անսպասելիորեն էլ սառեցվեց՝ թույլ տալով, որ Հայաստանում նախընտրական շրջանի մեծ մասը հանգիստ անցնի՝ առանց արտաքին լուրջ իրադարձությունների: Ի՞նչ գին ունի այդ համեմատական անդորրը: Արդյոք հիշում ենք, որ 2018-19 թթ. անդորրը սահմանին, որը ներկա կառավարությունը ներառել էր նույնիսկ իր 100 փաստի մեջ, նույնպես գին ունեցավ, եւ մեղմ ասած՝ շատ ծանր:
-Բազմաթիվ փորձագետներ միաբերան պնդում են, որ ՀԱՊԿ-ն Ռուսաստանի կցորդ կառույց է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը նախ և առաջ Ռուսաստանի՞թե՞ հավասարապես բոլոր անդամների հավաքական դիրքորոշումն է:
-ՀԱՊԿ-ն ոչ միայն պարզապես կցորդ է, այլեւ Ռուսաստանի քաղաքական գործիք եւ այլ իմաստ չունի: Սա ոչ թե կոլեկտիվ անվտանգության իրական կառույց է, այլ Ռուսաստանի գեոպոլիտիկ սահմանների պահպանմանը ծառայելուն կոչված գործիք: Սա է ՀԱՊԿ գլխավոր իմաստը, եւ սրանից ելնելով է պետք հասկանալ այդ կառույցի արձագանքի եւ գործունեության տրամաբանությունը: Դա անպետք կառույց չէ, ինչպես մեզանում շատերն ասում են: Իհարկե, մեր տեսակետից գուցեեւ իրոք անպետք է կամ նվազ պետքական է, բայց իր նպատակի տեսակետից տրամաբանական կառույց է:
Ի՞նչ է գեոպոլիտիկ սահմանը: Դա տարբեր է սովորական քաղաքական քարտեզի սահմանից: Գեոպոլիտիկ սահմանը ազդեցության գոտու սահմանն է: Գեոպոլիտիկ սահմաններում տերությունները պաշտպանում են իրենց ազդեցությունն այլ՝ իրենց համազոր տերությունների ներթափանցումներից: Օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանը ռուսների համար գեոպոլիտկ սահման չէ, այլ ավելի շուտ ներքին վարչական սահման, ինչպես ԽՍՀՄ օրոք էր, այսինքն՝ իրենց ընկալմամբ իրենց ազդեցության գոտում ներքին մի բաժանում: Ճիշտ է, կարող ենք վիճարկել, թե Ադրբեջանը ռուսական գոտու մաս չէ, բայց խոշոր դիտանկյունից վերցված, ռուսական ընկալմամբ նա այդտեղ է, նույնիսկ եթե ավելի ինքնիշխան է, քան, ասենք, Հայաստանը:
Բայց, օրինակ, հայ-թուրքական սահմանը գեոպոլիտիկ սահման է: Այստեղ ռուսները չեն կարող թույլատրել անվերահսկելի ներթափանցում, դա փաստացի ռուս-թուրքական, այլ ոչ թե հայ-թուրքական սահման է: Դրա համար, օրինակ, ռուսներն աչք փակեցին Թուրքիայի միջամտությանն Արցախյան պատերազմին, բայց դա տեղի չունեցավ առավել հեշտ ճանապարհով, ասենք, Թուրքիան չմտավ Գյումրի, այլ Ադրբեջանի տարածքից գործեց:
Հայաստանին պատժեցին Թուրքիայի միջոցով, ինչպես շատ անգամ եղել է պատմության մեջ, բայց ոչ անմիջական թուրքական ներխուժման տեսքով: Ի դեպ, եթե հիշեք, Մարգարիտա Սիմոնյանը պատերազմից անմիջապես առաջ մեզ սպառնում էր թուրքական յաթաղաններով: Նրանք արդեն գիտեին ու պատրաստ էին այդ սցենարին, միայն թե չէին հաշվարկել, որ Հայաստանը կդիմանա այդքան երկար՝ 44 օր, այլ ոչ թե, օրինակ, 4 օր:
Գեոպոլիտիկ սահման է նաեւ, օրինակ, Տաջիկստան-Աֆղանստան սահմանը: Դրա համար ՀԱՊԿ-ն այստեղ կմիջամտի, իսկ մեր դեպքում ոչ թե միջամտելու է իր ֆորմալ դաշնակցին ու անդամին պաշտպանելու, այլ միջնորդելու համար:
Մի կողմից՝ հայ-թուրքական հարաբերություններ, մյուս կողմից՝ ինքնապաշտպանություն
-Զասի հայտարարությունից հետո նորից առաջ է եկել բազմիցս հնչեցված հարցը՝ ի՞նչ է անում ՀՀ-ն ՀԱՊԿ-ում: Ճիշտ է, իշխանությունները տարբեր առիթներով ակնարկել են, որ անդամության շնորհիվ մեր երկիրը էժան գներով զենք է ձեռք բերում Ռուսաստանից, բայց չմոռանանք, որ այս կառույցում մի հարկի տակ են հավաքվել մեր թշնամու գլխավոր ռազմական մատակարարներից նույն Ռուսաստանը, որը գոնե թղթի վրա համարվում է մեր դաշնակիցը, Բելառուսը, որի նախագահն, իր իսկ բնորոշմամբ, Ալիևի ընկերն ու եղբայրն է, նաև՝ ռազմական մատակարար, թյուրքական ժողովուրդների ներկայացնող Ղազախստանն ու Ղրղըստանը, ինչպես նաև Տաջիկստանը, որը դժվար թե առանձնապես մտահոգ է հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Ժամանակը չէ՞ վերջնականորեն կշեռքի նժարին դնել ՀԱՊԿ-ից մեր օգուտներն ու վնասները և կայացնել այդ կառույցներում մնալ-չմնալու որոշում:
-Ռուսաստանը երբեք չի ապահովել ու չի ապահովելու հայ ժողովորդի անվտանգությունը: Դա բնական է, որովհետեւ ռուսական պետության նպատակը ռուս ժողովորդի անվտանգության ապահովումն է: Սա ապացուցվում է 200 տարվա պատմությամբ: Մեր սերունդը միայն երկու անգամ հնարավորություն ունեցավ համոզվելու դրանում:
Հիշենք, ինչից սկսվեց մեր անկախությունը: 1987 թվին Հայաստանում անկախության կողմնակիցները բնակչության մեկ տոկոսն էլ չէին կազմում: Կար լռելյայն կոնսենսուս՝ մենք անկախության խնդիրը մի կողմ ենք թողել անվտանգության դիմաց: Ասում էին՝ եթե անկախանանք, Թուրքիան կհարձակվի մեզ վրա: 1988-ի փետրվարին մարդիկ դուրս էին եկել հրապարակ՝ պահանջում էին Ղարաբաղը, բայց լիովին լոյալ էին Մոսկվայի նկատմամբ: Եղավ Սումգայիթի ջարդը, հետո՝ Բաքվի, Գանձակի եւ մյուս տեղերի ջարդերը, «Կոլցո» օպերացիան եւ այլն, մարդիկ տեսան, որ ճգնաժամային պահերին, ռուսական անվտանգության երաշխիքը չի աշխատում, որովհետեւ մեր եւ Մոսկվայի շահերն այդ պահին հակադիր էին: Այստեղից դրվեց ինքնապաշտպանության հարցը, որից էլ՝ անկախության խնդիրը:
Անկախության հենքը ինքնապաշտպանության գաղափարն էր: Դրա համար հիմա, երբ պարզ չի, թե մեր պետությունն արդյոք կարող է ինքն իրեն պաշտպանել, հարցականի տակ է նաեւ մեր ազգային անկախությունը: Այն ժամանակ էլ շատերն ասում էին՝ պայքարում եք ոչ թե Բաքվի, այլ Մոսկվայի դեմ, ինչպե՞ս եք հաղթելու: Եվ պարտության հնարավորությունը քիչ չէր՝ 1991-ին, 1992-ին:
2020-ին տեսանք, թե ինչպես փլուզվեց ու չաշխատեց տասնամյակներով կառուցված մեր ռազմական դոկտրինը (այստեղ նկատի ունեմ լայն իմաստով դոկտրինը, ոչ թե բառացի միայն պաշտոնականը), այն է՝ ռուս-հայկական համագործակցության վրա կառուցված մեր բանակը չկարողացավ պաշտպանվել պատերազմում, քանի որ այստեղ էլ մեր եւ ռուսների շահերը հակադիր էին՝ ռուսներն ուզում էին ադրբեջանական զորքի հաղթանակների միջոցով իրենց զինված ներկայությունը հաստատել Արցախում, իսկ մենք ուզում էինք պաշտպանել Հայաստանի արեւելյան սահմանն ագրեսիայից: Նորից ռուսական երաշխիքը չաշխատեց: Բայց այստեղ էլ մեղավորը ոչ թե ռուսներն էին, այլ պետության եւ բանակի կառուցման մեր փիլիսոփայությունը:
Պատմությունը լի է նույնը հաստատող օրինակներով: 1905-07 թթ. հայ-թաթարական «պատերազմը» Կովկասում, 1920-21 թթ. դեպքերը եւ այլն, երբ ամեն անգամ ապացուցվել է, որ ռուսական անվտանգության երաշխիքն իրական ճգնաժամային պահերին չի աշխատում: Ավելին՝ ամեն անգամ գործարկվել է մի պարզ սցենար, երբ ոչ միայն Ադրբեջանի թուրքերը, այլեւ Թուրքիան դարձել են Ռուսաստանի գործիքը:
Այս իմաստով տեղին է ՀԱՊԿ-ում մեր անդամակցության հարցը բարձրացնելը: Բայց դա պետք է արվի խելքով ու հասկանալով, թե ինչից ենք խոսում:
ՀԱՊԿ-ի հարց առանձին չկա, կա միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ զուգակցված ձեւով: Արդեն ասացի, որ ՀԱՊԿ-ի բուն խնդիրը հայ-թուրքական, փաստացի՝ ռուս-թուրքական սահմանն է: Եթե մենք լրջորեն խոսում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, իսկ դա պետք է անպայման անել, եթե մտածում ենք հայ ժողովորդի ապագայի մասին, պետք է միաժամանակ լրջորեն խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, որքան էլ սա բարդ թեմա լինի: Եթե նույնիսկ մարդիկ ասում են, գնանք-մտնենք ՆԱՏՕ, իսկ այսօր նույնիսկ տաքսիստներն են դրա մասին խոսում, ինչը ես ռեալիստական չեմ համարում, միեւնույն է՝ առանց Թուրքիայի խնդրի դա հնարավոր չէ նույնիսկ տեսականորեն քննարկել: Իսկ իրականում ՆԱՏՕ-ի հարց բարձրացնելն այսօր զուտ ակադեմիական-տեսական խոսակցություն է: Մեզ պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քննարկում, որից հետո ՀԱՊԿ-ի խնդիրը հնարավոր կլինի քննարկել ավելի հանգիստ:
Հատկանշական է, որ հայ-թուրքական հարցը ոչ ոք այդպես էլ լրջորեն չբարձրացրեց: Նույնիսկ այն ուժերը, որոնք թվում է, թե դա կարող էին դա անել: Նկատի չունեմ մի երկու տեղ ամոթխած հիշատակելը, այլ ամենօրյա ջանքերով դա որպես օրակարգի խնդիր պարտադիր քննարկման հետեւողականորեն դնելը: Դա չեն էլ անելու, որովհետեւ քաղաքական ուժերը Հայաստանում ծառայում են ոչ հայ ժողովորդին: Հետեւաբար, եթե չունեն թույլտվություն, չեն բարձրացնելու այդ հարցը: Սա ռուսական զորք Ղարաբաղ բերելով կեղծ խաղաղություն քարոզել չէ:
Մյուս զուգահեռ խնդիրն ինքնապաշտպանության խնդիրն է: Պատերազմից անցել է կես տարուց ավելի, եւ միայն մատների վրա հաշված գործիչներ ու ուժեր են բարձրաձայնում, շեշտը դնում այս խնդրի վրա՝ ինչպե՞ս վերակազմավորել բանակը, ռազմական դոկտրինը եւ այլն: Ինչպե՞ս նորից վերականգնել ինքնապաշտպանության համակարգի նկատմամբ վստահությունը, առանց որի պետություն լինել չի կարող: Մարդկանց թվում է, թե պետությունն ԱԺ ընտրություններն են, բայց պետությունը սկսվում է ինքնապաշտպանության կարողությունից: Եթե դա չկա, մնացածը դառնում է դեկորացիա: Էլ չեմ ասում, որ բացարձակ անհասկանալի է, թե կառավարությունն ինչ ռեալ ծրագիր ունի ռազմական ոլորտում՝ սկսած դրա փիլիսոփայությունից մինչեւ տեխնիկական հարցեր:
Ուրեմն, այս երկու հարցն է պետք դնել. մի կողմից՝ հայ-թուրքական հարաբերություններ, մյուս կողմից՝ ինքնապաշտպանություն: Ես դա սիմվոլիկ կերպով կոչում եմ մի կողմից՝ Ռուբեն Տեր-Մինասյանի ծրագիր, մյուս կողմից՝ Նժդեհի: Առաջին հայացքից երկուսն իրար հակադիր, բայց նույն նպատակին ծառայող են: Իրական քաղաքականությունն այսպիսին է՝ բազմաշերտ է, ոչ միակողմանի:
Նուրբ, եզրային խաղ է
-Կարծիք կա, որ այսպես, թե այնպես մեր սպասելիքները, եթե դրանք կան, ոչ թե ՀԱՊԿ-ից են, այլ Ռուսաստնաից, որի հետ Հայաստանը երկկողմ դաշնակցային պայմանագրեր ունի: Բայց 44-օրյա պատերազմի օրերին Ռուսաստանի չմիջամտելը Պուտինը պայմանավորեց նրանով, որ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն ընթանում, այնինչ դրանք տեղի ունեցան թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում, զոհեր ու վիրավորներ եղան ՀՀ սուվերեն տարածքում: Թշնամու վերջին անօրինական գործողություններից հետո էլ՝ մայիսի 14-ին, Փաշինյանը հայտարարեց, որ ռազմական օգնության համար դիմել է Պուտինին: Անցել է գրեթե 2 ամիս, բայց Կրեմլից արձագանք չկա: Ի՞նչ է նշանակում:
-Մասամբ անդրադարձա այս խնդիրներին, դրա համար այստեղ մի նրբության մասին կխոսեմ: Իրականում այնպես չէ, որ ռուսներին լրիվ մեկ է Հայաստանի տարածք խորանալու խնդիրը: Նրանք ունեն պրոբլեմ այստեղ, որքան էլ զավեշտալի հնչի՝ դեմքը պահելու խնդիր: Բայց նաեւ ավելի լայն՝ մի իրավիճակում իրենց կարող է նորից պետք գալ հայկական գործոնը խաղարկել ընդդեմ թուրքերի: Դրա համար Հայաստանի ոչնչացումը նրանց բնավ պետք չէ:
Ավելի նուրբ, եզրային խաղ է: Դա տեսանք պատերազմի ժամանակ: Ճիշտ է, Հայաստանի տարածքներին հարվածեցին, բայց միայն ճակատային գոտում՝ Վարդենիս, Կապան եւ այլն, եւ սահմանափակ ձեւով, երբեք չխորացան ավելի, ասենք, չեն խփել Տավուշին: Կամ ի պատասխան Գյանջային եղած հարվածի, Բարդային եղած հարվածի՝ չեն խփել, ասենք, Վանաձորին կամ Եղեգնաձորին, որը կարող էին: Երեւում էր, որ հստակ պայման կա թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքը հնարավորինս չխախտել՝ բացի սահմանային անխուսափելի միջադեպերից, որոնք պետք է նաեւ հոգեբանորեն ահաբեկեին: Սա պետք էր, որպեսզի հետո հնարավոր լինի տեղական ուժերի կողմից Պուտինին ներկայացել ամենայն պարկեշտի եւ ամենայն ազնիվի դերում:
Նույնը տեղի ունեցավ պատերազմից հետո: Խախտեցին Սյունիքի սահմանը, բայց չմտան, ասենք, միանգամից Սիսիան, զոհեր չեղան եւ այլն: Այլապես շատ ավելի բարդ էր լինելու ռուսներին կամ նույն ՀԱՊԿ-ին դրա տակից դուրս գալ:
Իհարկե, չեմ բացառում, որ ծայրահեղ դեպքում կարող են նաեւ պայմանական «Սիսիան» գործողություն իրականացնել, թեկուզ ռուսների դեմքը լրիվ կորցնելու գնով: Բայց դա կախված կլինի նրանից, թե որքանով կապահովեն ռուսական պլանները Սյունիքի նկատմամբ:
Մեր հանրությունը չպետք է հույսը դնի ոչ մեկի վրա՝ բացի իրենից
-Ռուսական ուժերը հայտնվել են ոչ միայն Արցախում, այլև Փաշինյանն, ըստ էության, րոպե առաջ պատրաստ է նրանց տեսնել Սոթքից մինչև Խոզնավար: Գորիսից մինչև Կապան էլ ռուսական ուժեր կան, Թուրքիայի ու Իրանի հետ սահմանների մասին էլ բոլորը գիտեն: Փաշինյանի կառավարությունը քայլ առ քայլ զիջո՞ւմ է Հայաստանի ինքնավարությունը՝ սահմանների անվտանգությունը վստահելով օտարին:
-Եթե խնդիրը լիներ միայն կառավարությունը, դա գոնե համեմատաբար ավելի հեշտ կլիներ լուծել: Բայց խնդիրը միայն դա չէ, այլ, ինչպես նշեցի, մեր ինքնապաշտպանության համակարգը: Պատրա՞ստ ենք մեր սահմանները պաշտպանել՝ բանակը, հանրությունը, կառավարությունը պատրա՞ստ են: Եթե այս հարցում կա տարակարծություն, պարզ է, որ զիջելուն ենք նաեւ մեր ինքնիշխանության մնացորդները:
Մեր հանրությունը չպետք է հույսը դնի ոչ մեկի վրա՝ բացի իրենից: Ոչ մի փրկիչ չկա ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Մենք պետք է սկսենք խումբ առ խումբ, բջիջ առ բջիջ ինքնակազմակեպվել՝ բացահատելու համար մեր ազգային ներուժը, եթե այն կա: Այսօր ունենք ներքին ուժային վակուում: Ենթադրենք, այս կառավարությունը վաղը վերջնականապես հանձնում է մեր անկախությունն, ինչպես Դուք եք ասում, ովքե՞ր են դրան դիմադրելու: Պարզ է, չէ՞, որ ոչ այն քաղաքական ուժերը, որոնք մրցում են կառավարության եւ միմյանց հետ, թե ով ավելի հավատարիմ կլինի «Կենտրոնին»: Ուրեմն, հենց այսօրվանից, այլընտրանք չկա ինքնակազմակերպման: Երկրի ներքին դիմադրողականությունը դրանից է կախված:
Տարածաշրջանային խաղը, որի մասն էր նաեւ պատերազմը, հնարավոր չէ ճիշտ նկարագրել առանց Ռուսաստանի վճռորոշ դերի շեշտման
–Թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, գերիների՝ իր համար շատ ձեռնտու առևտուր է անում՝ յուրաքանչյուր 15 հոգու դիմաց ստանալով 1-2 շրջանի ականապատ դաշտերի քարտեզներ: Ալիևը եռակողմ հայտարարությամբ գերիներին վերադարձնելու իր պարտավորությունների կատարման երաշխավորն է, թե՛ համաշխարհային հանրության առաջ: 7 շրջանից 3-ի քարտեզները հանձնվել են, բայց դրանց դիմաց վերադարձվել է 30 գերի, այնինչ, տարբեր գնահատականներով, թշնամու ձեռքում շուրջ 200 գերի ունենք: Ինչո՞վ է վճարելու Փաշինյանը, երբ քարտեզները վերջանան: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Բաքուն ու Անկարան գնում են դեպի «Զանգեզուրի միջանցքի» իրենց ծրագրի իրականացում:
-Մենք անընդատ մի կարեւոր սխալ ենք գործում, երբ ասում ենք՝ թուրք-ադրբեջանական տանդեմ: Իհարկե, Թուրքիան օգնել է Ադրբեջանին պատերազմի ժամանակ: Իհարկե, պահում է ջերմ հարաբերություններ Ադրբեջանի հետ պատերազմից հետո, թեեւ, ի դեպ, կարծես ոչ նույն ակտիվությամբ, ինչ բուն կռվի ժամանակ: Իհարկե, երկուսն ունեն ընդհանուր շահեր: Բայց երբ անընդհատ ասում ենք թուրք-ադրբեջանական տանդեմ, այնպես, կարծես ինչ-որ սիամական զույգեր են, որոնք ունեն բացարձակապես նույն շահերը եւ վարում են բացարձակապես նույն քաղաքականությունը, ապա երկու խոշոր սխալ ենք գործում:
Առաջին: Մենք սխալ ենք նկարագրում իրականությունը: Որքան էլ կարեւոր է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունը, միեւնույն է, այն տարածաշրջանային խաղը, որի մասն էր նաեւ պատերազմը, բայց որը դեռ չի ավարտվել, հնարավոր չէ ճիշտ նկարագրել առանց Ռուսաստանի հիշատակման, իսկ ավելի ստույգ՝ առանց Ռուսաստանի վճռորոշ դերի շեշտման: Ռուսաստանը մնում է այս տարածաշրջանի գլխավոր խաղացողը, եւ ոչ մի այլ տանդեմ չի կարող այստեղ գործել՝ բացարձակ անտեսելով ռուսական գործոնը, առավել եւս՝ Թուրքիան եւ Ադրբեջանը երկուսով: Եթե ասում ենք Թուրքիա-Ադրբեջան տանդեմ, ապա նույն կերպ կարող ենք ասել ռուս-ադրբեջանական տանդեմ, ռուս-թուրքական տանդեմ եւ այլն: Այդ ո՞ւմ հետ Ադրբեջանը բաժանեց հայկական Արցախը՝ Թուրքիայի՞, թե՞ Ռուսաստանի: Այդ ո՞ւմ քթի տակ Թուրքիան Ադրբեջան (ռուսներին անմիջապես սահմանակից երկիր) բերեց F-16-երը եւ սիրիական վարձկաններին: Այդ ո՞ւմ զորքն է Արցախում՝ Սյունիքի սահմանին: Այդ ո՞ւմ զորքը պետք է վերահսկի Ադրբեջանն ու Նախիջեւանը միացնող ճանապարհը՝ ըստ նոյեմբերի 9-ի հռչակագրի:
Ասելով Թուրքիա-Ադրբեջան տանդեմ՝ մենք խեղաթյուրում ենք իրականությունը:
Եվ, ի դեպ, նույն Սյունիքի հարցում, շատ կոնկրետ շահ ունի նաեւ Ռուսաստանը, եւ մենք դրան անդրադարձանք, ուրեմն, ինչո՞ւ Թուրքիա-Ադրեջան, երբ Սյունիքի շուրջ ամբողջ գործընթացը շատ լավ նկարագրվում է ռուս-ադրբեջանական տանդեմ ձեւակերպմամբ:
Երկրորդ՝ մենք մեզ գցում ենք վանդակի մեջ: Եթե, իրոք, այդքան անխափան ու հզոր գործող Թուրքիա-Ադրբեջան տանդեմ կա, որի դեմ նույնիսկ ռուսները ոչինչ չեն կարող անել, ապա մենք էլ ինչի՞ց ենք խոսում: Սա նույնն է, ոնց որ ասում ենք, Հայաստանը մի խոչընդոտ է պանթուրքիզմի ճանապարհին: Մի հատ նայենք քարտեզին, եթե մի պստիկ Հայաստանը խոչընդոտ է Թուրքիայի ու Ղազախստանի միջեւ, ուրեմն մենք միանգամից, անհապաղ պետք է Կրասնոդարի մարզի մեջ մտնենք: Իհարկե, խոչընդոտի մասին այդ թեզը հենց դրա համար էլ ստեղծվել է: Բայց Հայաստանը խոչընդոտ չէ, Հայաստանը հայրենիք է: Մարդիկ կան, ասում են՝ Հայաստան պրոյկետը տապալվեց: Եղբայր, ի՞նչ պրոյեկտ: Գուցե ձեզ համար պրոյեկտ էր կամ դուք ինքներդ հենց պրոյեկտ եք, բայց սա երկիր է, ոչ թե պրոյեկտ:
Ինչեւէ, մենք ոչ թե հավելյալ հոգեբանական վանդակներ պետք է ստեղծենք մեզ համար, ահաբեկվենք, այլ հասկանանք, որ չկան ինչ-որ անքակտելի տանդեմներ: Թուրքիան սեփական շահերն ունեցող պետություն է, որի շահերը կարող համընկնել, կարող են եւ չհամընկնել Ադրբեջանի հետ, ինչպես ռուսներինը մեզ հետ: Թուրքիային չպետք է մտովի կցենք Ադրբեջանին: Հակառակը՝ մեր միակ շանսը տարածաշրջանային մեծ քարտեզում փորձն է Թուրքիայի հետ ինքնուրույն հարաբերվել: Նույն Ադրբեջանը խաղում է ռուս-թուրքական միջակայքում եւ այս խաղից է շահում իր այսօրվա հաջողությունները: Նրանք չեն ասում՝ ռուս-հայկական տանդեմ: Այլ գնում են ռուսների հետ հարաբերվում են, չնայած Ռուսաստանը պաշտոնապես հայերի դաշնակիցն է: Իհարկե, մեր ու Թուրքիայի դեպքն ավելի բարդ է, բայց մենք երբեք չենք էլ դրել այս հարցը, որ չնայած բարդության, պետք է փորձել տեղից շարժել:
Հայկական էլիտան մի գրամ չի փոխվել դարերի ընթացքում
-Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում քիչ չեն պնդումները, որ Ռուսաստանն Արցախ է մտել ոչ թե 5 տարով, այլ շատ ավելի երկարատեւ հեռանկարով: Համաձա՞յն եք այս տեսակետին:
-Ինքնին պարզ է, որ ռուսները չեն եկել Արցախ տուրիստական արշավի, որ 5 տարի վայելեն Արցախի բնությունն ու գնան: Պարզ է, որ նրանք մտել են դուրս չգալու կամ ապահովելու համար տեւական եւ կայուն ներկայություն, իսկ ծայրահեղ դեպքում գուցե իրենց գնալը մի լուրջ գնով վաճառելու համար:
Ընդհանրապես պատերազմի գլխավոր քաղաքական նպատակը հենց ռուսական զորքի տեղակայումն էր Արցախում: Դա պարզ էր առնվազն 2016 թվականից: Հենց այս նպատակին հասնելու համար ռուսները թույլ տվեցին Ադրբեջանի ռազմական հաղթանակը, թույլ տվեցին Թուրքիայի ակտիվ միջամտությունն Ադրբեջանի կողմից: Եթե դա այդպես չլիներ, ռուսներն իրենցից կախվածը կանեին հայերին պարտությունից փրկելու համար: Պարզ է, որ դա չի արվել: Հենց այս նույն պատճառով էլ՝ պատերազմի ռուսական լինելու պատճառով, Ադրբեջանը կանգ առավ Շուշիի գրավումից հետո, երբ Ստեփանակերտ մտնելն այլեւս խնդիր չէր իր համար: Բայց դա կլիներ լռելյայն, թե գուցե ոչ լռելյան պայմանի խախտում, եւ այդ դեպքում արդեն Ադրբեջանը գործ կունենար ռուսների հետ:
Իհարկե, այնպես, չէ Ադրբեջանը չէր ձգտում պատերազմի եւ չէր պատրաստվում դրան: Իհարկե, նա ինքնուրույն շահեր ուներ այստեղ, բայց պատերազմի հնարավորությունը բացվեց ռուսական մեծ պլանի կոնտեքստում: Փաստացի հայկական Արցախը բաժանվեց ռուսների եւ Ադրբեջանի միջեւ: Ստրատեգիական մակարդակում սա ռուսական պատերազմ էր, իսկ տակտիկականում՝ հայ-ադրբեջանական: Բնական է՝ նման գնով ձեռք բերվածը ռուսները ձրի չեն զիջելու:
Բայց մի բան են ծրագրերն ու ցանկությունները, այլ բան՝ դրանց իրականանալը: Ռուսներն, իհարկե, ուզում են մնալ Արցախում, բայց կմնան, թե ոչ՝ սա լուրջ խնդիր է: Դա կախված է զարգացոմների հետագա դինամիկայից: Ռուսների բուն խնդիրն է Արցախ մտնելով ծավալել իրենց գերիշխանությունն Ադրբեջանի եւ Հայաստանի վրա: Այս նպատակը դեռ շատ հեռու է վերջնական լուծումից, եւ դրա համար էլ մենք դեռ երկար ենք ապրելու անկայուն փուլում:
Մենք չգիտենք, թե ինչ պլաններ ունի այս հարցում Ալիեւը, եւ չենք հաշվարկել նաեւ նրա կարողությունները: Արդյոք նա պատրաստ է մտնել ռուսական ինտեգրացիոն գոտի՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, որի դիմաց կարող է ստանալ նորանոր բոնուսներ, թե՞ պատրաստվում է խուսանավել: Եթե խուսանավելու է, ապա ո՞րն է լինելու ռուսական պատասխանը դրան՝ արդյոք հայկական գործոնի նոր շահարկումը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ: Բայց մեր ամբողջ քաղաքական միքտը հիմա օրնիբուն պետք է փորձեր աշխատել՝ սրանց պատասխաները գտնելու համար եւ ոչ թե հայավարի, ալարկոտ, նախապես պատասխաններն իմանալով, այլ պրպտելով, հետեւելով, ամեն օր վերլուծելով: Որովհետեւ սրանից են կախված մեր ապագան եւ մեր որոշելիքները: Բայց մենք ապրում ենք ֆրագմենտար, երկատված, շիզոֆրենիկ քաղաքական գիտակցությամբ: Մի կողմից՝ ասում ենք, թե ռուսներն այնքան թույլ են, որ Ադրբեջանն առանց իրենց թողտվության մտնում է Սյունիք, Թուրքիան առանց ռուսների իմացության կարողանում է սիրիացի բերել Արցախի ճակատ, մյուս կողմից էլ՝ ոչինչ, բան չկա, ռուսները կմնան Արցախում, Ադրբեջանը բան չի կարող անել:
Բայց կա եւ մյուս խնդիրը: Մեր պատմությունը վկայում է նաեւ այն հնարավորության մասին, որ ռուսները կարող են գնալ նաեւ առանց ճնշման, պարզապես ռուսական ներքին պատճառներով՝ լրիվ անպասելի ու չպլանավորված: Այդպես եղել է ոչ միայն, ասենք, 1917 թվականին, այլ դրանից առաջ էլ մի քանի անգամ՝ 18-19-րդ դարերում, երբ ռուսական զորքը մտել է տարածաշրջան, իսկ հետո դուրս է եկել՝ ամեն անգամ հիասթափեցնելով հատկապես հայերին՝ Պետրոս Մեծի ժամանակ, Եկատերինայի մահից հետո եւ այլն: Նման պատմական փորձ ունենալ ու այսօր հաշվի չառնել նման հնարավորությունը, դրա իրականացման դեպքում նախապես պլաններ չունենալ՝ սա զարհուրելի է:
Սա ցուցիչ է, որ հայկական էլիտան մի գրամ չի փոխվել դարերի ընթացքում: 300 տարի հայկական էլիտան նույն հաշվարկի վրա է կառուցում իր ամբողջ քաղաքականությունը՝ ռուսները չեն գնա: Փույթ չէ, որ սրա արդյունքն են մեր բոլոր ողբերգությունները՝ Մեծ եղեռնը ներառյալ: Սա արդեն քաղաքական գիտակցության շիզոֆրենիա չէ, այլ կա՛մ քաղաքական օլիգոֆրենիա է, կա՛մ վկայություն նրա, որ հայկական էլիտաները ժառանգաբար օտարերկրյա գործակալներ են եւ ոչ մի կապ չունեն հայ ժողովորդի հետ: Մարդիկ ցայսօր քննարկում են ընտրությունների արդյունքները, բայց ցայսօր հարց չեն դրել՝ եթե ռուսական զորքը գնա Արցախից, ի՞նչ ենք անելու: Ու քանի որ անիմաստ է սպասել, որ այդ հարցը կդնեն քաղաքական խոշոր ուժերը, մենք պետք է սովորենք այս բոլոր խնդիրները ինքնուրույն դնել եւ փորձել պատասխաններ գտնել:
Աղբյուրը` hetq.am