Հայաստան

Ինչո՞ւ Հայաստանն Ուժեղ Չէ

Մենք ուժեղ էինք, երբ մենք բոլորս , միահամուռ Հայաստանի կողմից էինք ու հայամետ էինք ու թուլացանք, երբ ամեն մեկը սկսեց մտածել միայն իր մասին։

Արայիկ Մկրտումյան

Այժմ, երբ ամեն ինչ այնքան ծանր ու ջախջախված է, փորձում եմ հասկանալ, թե ինչու Հայաստան ուժեղ չէ։ Եվ իրոք։ Ինչո՞ւ Հայաստանն ուժեղ չէ։ Ովքե՞ր են մեղավոր ու պատասխանատու դրա համար։ Հայաստանը պարտվեց, որովհետև ուժեղ չէր։ Իսկ  ինչո՞ւ, ինչո՞ւ։ Իսկ Հայաստանն ուժեղ եղե՞լ է․․․․

Այո՛, եղել է ու դա ամենևին էլ Տիգրան Մեծի մասին չէ։ Խոսքն ուրիշ ուժի մասին է ու մենք ուժեղ եղել ենք։ Մենք ուժեղ էինք 90-ականներին, երբ ազգովի կանգնած էինք արցախյան ճակատում ու ազատագրեցինք մեր հայրենիքի մի մասը։ Մենք ուժեղ էինք 2016թ․ երբ չորս օր պայքարեցինք ադրբեջանական հարձակման դեմ, մենք ուժեղ էինք 2020թ․ պատերազմի ժամանակ, այո՛ գրողը տանի, մենք շատ ուժեղ էինք, Հայաստանն աշխարհում ամենաուժեղն էր, որ 44 օր դիմացանք աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի հարձակմանը, ուժեղ էինք, երբ մերկ ձեռքերով կանգնեցինք դրոնների դիմաց, երբ օր ու գիշեր ուտելիք ու դեղ էինք հավաքում միմյանց համար։ Այո՛, մենք ուժեղ էինք։

Բայց մենք պարտվեցինք։ Պարտվեցինք, որովհետև պայքարեցինք ոչ թե աղքատության դեմ, այլ՝ աղքատների, ոչ թե հարստացրինք երկիրը, այլ հարստացանք մենք։ Պարտվեցինք ու թուլացանք, որովհետև երբեք համարձակություն չունեցանք մեր բարեկամին, հարազատին, ընկերոջը արգելելու արգելված գործողություններ անելու։ Որովհետև մենք գրեցինք օրենքներ, որոնք երբեք չպահպանվեցին, որովհետև մեկն ունեցավ ամեն ինչ, իսկ տասը՝ ոչինչ։

Պարտվեցինք, որովհետև ուսուցչի աշխատանք ստանալու համար ոչ թե գիտելիք ու փորձ էր պետք, այլ ծանոթ ու կաշառք։ Թուլացանք, որովհետև աշխատանքի հայտարարության մեջ նշեցինք, որ «Անհրաժեշտ է բարետես արտաքինով, երիտասարդ աղջիկ», իսկ ոչ բարետեսին ծաղրեցինք։

Թուլացանք, երբ գողությունը համարվեց ճարպկություն, խաբելը՝ մտքի սրությունը, քծնելը՝ ճարպկություն։

Թուլացանք, երբ հորինեցինք Մեսրոպ Մաշտոցի մասին հայհոյախառը անեկդոտները։ Թուլացանք, երբ լավ սովորող տղային սկսեցին ծաղրել, իսկ անգրագետին՝ պատվել։

Պարտվեցինք, երբ աղբը սկսեցինք նետել ուր պատահի, թուլացանք, երբ սկսեցինք աղտոտել այն երկիրը, որի պաշտպանության համար զոհվեցին մեր եղբայրները։

Թուլացանք, երբ մեր ընկերոջը չզսպեցինք, երբ նա փչացրեց միամիտ աղջկան, ու դեռ մի բան էլ մեղքը դրինք աղջկա վրա ու փորձեցինք մենք էլ նույնն անել։

Թուլացանք ու պարտվեցինք, երբ ազգային հերոսը դարձավ ծաղրի առարկա։

Թուլացանք, երբ ազգային հիմնը դարձավ սրախոսությունների առիթ։

Թուլացանք, երբ սկսեցինք մտածել, որ «երկիրը երկիր չի», որ «արա դե ազգ չենք էլի»։

Թուլացանք, երբ գիտնականը ստացավ չնչին աշխատավարձ, իսկ գող պաշտոնյան ունեցավ ամեն ինչ, երբ ուսուցիչը ստիպված սկսեց կաշառք վերցնել, իսկ աշակերտը՝ տալ այդ կաշառքը, երբ ոչ թե կրթությունը դարձավ մատչելի, այլ դիպլոմը, թուլացանք, երբ սրճարանի վրա ամենուր գրեցինք կաֆե, իսկ նախաճաշը դարձավ լանչ։

Մենք թուլացանք, երբ Կոմիտաս, Թումանյան, Չարենց, Տերյան ասելիս ոչ թե բանաստեղծներին հիշեցինք, այլ՝ փողոցները, թուլացանք, երբ դադարեցինք տպել մեր դասականներին այլ սկսեցինք փող աշխատել արտասահմանյան բեսթսելլերներով։

Ու վերջապես թուլացանք, որովհետև անկախությունից ի վեր ոչ մի անգամ չկարևորվեց այդ անկախությունը։ Այն ուղղակի դարձավ բառ, որն օգտագործում են։

Թուլացանք, երբ գլուխ էինք գովում, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց Զատկի տոնին ընդառաջ թանկացնում էինք ձուն, երբ պարծենում էինք մեր հյուրընկալությամբ, բայց ամաչում էինք իրար տուն գնալ առանց նվերի։

Թուլացանք, երբ զինվորի կենաց էինք խմում ու փողով ազատում մեր եղբայրներին ու որդիներին, երբ գողանում էինք բանակի սնունդն ու վաճառում խանութներում։

Թուլացանք, երբ գլուխ էինք գովում, որ երեք դիպլոմ ունենք, բայց երկու տող գրել անգամ չէինք կարողանում, երբ մեր երեխաներին բանաստեղծության փոխարեն հայհոյանք էինք սովորեցնում ու հրճվում, որ մի քանի տարեկան երեխան առանց հասկանալու սեռական հայհոյանքներ է տալիս դիմացինին։

Մենք թուլանում էինք, երբ մատուցողի աշխատանքը համարեցինք անպատվաբեր, իսկ ոստիկանի մասնագիտությունը՝ ամոթալի։

Մենք շատ -շատ թուլացանք։

Բայց մենք կարող էինք ուժեղ լինել։ Շատ-շատ ուժեղ։ Մենք ուժեղ էինք, երբ մենք բոլորս , միահամուռ Հայաստանի կողմից էինք ու հայամետ էինք ու թուլացանք, երբ ամեն մեկը սկսեց մտածել միայն իր մասին։

Մենք քրիստոնյա՞ ենք։ Հետո ինչ։ Աշխարհում բազմաթիվ քրիստոնա երկրներ կան, ո՞րն է մեր բացառիկությունը, որ առաջի՞նն ենք ընդունել։ Դա կեղծավորություն է։ Քրիստոնյան իր ժողովրդին նման կերպ չի թալանի։

Եվ հարցն այն է, որ մենք հենց հիմա էլի կարող ենք ուժեղ լինել, շատ-շատ ուժեղ։ Այնքան, որ մի որոշ ժամանակ հետո ոչ ոք չի համարձակվի Հայաստանի կողմը թշնամությամբ նայել անգամ։

Իսկ ինչո՞ւ այդ ուժը չունենք։ Ինչո՞ւ չենք ուժեղանում։

Խոսքը նույնիսկ դրոնի կամ միջուկային զենքի մասին չէ, այլ միասնության։ Հասարակ ու միաժամանակ բարդ միասնության։ Չե՞նք կարող, թե չենք ուզում։

Ո՞վ է խանգարում մեզ։ Մե՛նք։ Ո՞վ է դավաճանում հային։ Հա՛յը։

Ո՞վ է ցավելու Հայաստանի համար։ Հա՛յը։

Ոտքի՛ կանգնիր ՀԱՅ։ 

    

One Response to “Ինչո՞ւ Հայաստանն Ուժեղ Չէ”

  1. Հայկազ Պետրոսեան Reply

    Յարգելի Արայիկ Մկրտումեան, ուրախ եմ, որ կարողանում էք ձեր գրչի ծայրը վարպետօրէն դնել մեր հասարակութեան վէրքին, այս վէրքերը ազգային բնոյթ ունեն, իսկ ձեր գործը զգաստացնել տալն է հասարակութեան և ինչու չէ յատկապէս կազմակերպութիւններին թէ իրենք ինչ ունեն տալու ժողովրդին: Ցաւոտ հարցերը բազմաթիւ են, որոնցից մէկն էլ իմ տեսանկիւնով, հայրենի ժողովրդի անսահման կախուածութիւնն է Ռուսներից, որի կողմից միշտ էլ դժբախտութիւն է եկել ու գալիս է մեր ազգի գլխին ու դեռ դաս չենք առնում: Ուժեղ չենք, որովհետև կախուած ենք Ռսին: Գրելու շատ բան ունեք այս առեղծուածային կախուածութեան մասին, իհարկէ եթէ ուսումնասիրել էք: Ինձ համար սա շատ լուրջ հարց է, թէ ինչու չենք կարողանում կամ ուզում ձերբազատուել մեզ այս տկարացնող հոգեվիճակից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *