Հայաստան

Անորոշ Օրեր

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մի կառույցի, որտեղ կա՛մ թքած ունեն Հայաստանի վրա, կա՛մ ադրբեջանցիների հետ շատ ջերմ են: Ղազախստանը, Բելառուսը Ադրբեջանի հետ շատ մտերիմ են, ռուսները՝ զենք են վաճառում, իսկ Տաջիկստանին առանձնապես չի էլ հետաքրքրում հայկական խնդիրները: Եվ այդ կառույցը պիտի ապահովի ՀՀ անվտանգությունը:

Արայիկ Մկրտումյան

Երեկ՝ հուլիսի 19-ին ակտիվացել են ադրբեջանցիները: Կրակոցներ Երասխի ուղղությամբ: Նշում են, որ այսօր պիտի կայանա Պուտին-Ալիև հանդիպումը: Թե ինչի մասին են խոսելու, այնքան էլ թաքուն բան չէ: Խոսքն, ամեն ինչից բացի գնալու է նաև Արցախի ու Ադրբեջան-ՀՀ սահմանազատման մասին: Դա իհարկե առաջին հայացքից: Խորքային առումով սահմանազատում ասվածն ընդամենը այս ողջ քաոսի պաշտոնական անվանումն է: Եթե սահմանազատումը լիներ միայն Հայաստանի ու Ադրբեջանի գործը, այդ հարցը համեմատաբար արագ կլուծվեր, քանի որ դրանով կզբաղվեին միայն ՀՀ-ն ու Ադրբեջանը: Բայց հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ցանկացած հարցով առաջին հերթին զբաղված են շատ շատերը և որ ամենավատն է, Հայաստանը չունի այդ խնդիրը կարգավորելու սեփական լծակները:

Ռուսական ու ռուսամետ շրջանակները հիստերիա են բարձրացնում ու նշում, որ Հայաստանն ամեն կերպ ցանկանում է խորացնել հարաբերությունները արևմուտքի հետ և նշում են, որ դա յուրօրինակ «դավաճանություն» է ռազմական դաշնակցի նկատմամբ: Ռուսները շատ են սիրում կրկնել, որ 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ արևմուտքը ոչինչ չի արել բացի անօգուտ հայտարարություններից, իսկ Ռուսաստանը ոչ միայն ամեն կերպ օժանդակել է, այլև հենց Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ կանգնեցվեց 44-օրյա պատերազմն ու խաղաղություն հաստատվեց:

Ռուսները նաև նշում են, որ Ֆրանսիան ամեն կերպ ցանկանում է Հայաստանը վերածել ռազմական հենակետի և հեռու չէ այն օրը, երբ հայերը ՄԱԿ կդիմեն, կամ որևէ այլ ձևաչափով այնպես կանեն, որ ֆրանսիական զորքերը մտնեն Հայաստան, այսինքն՝ Հարավային Կովկաս: Այս միտքն իհարկե խելագարության է հասցնում ռուսներին, երբ մտածում են, որ նրանք կարող են կորցնել Հարավային Կովկասը, մի տարածաշրջան, որին տիրելու համար պայքարել են դարերով ու տիրել դարերով: Ռուսաստանը, որն ինքն է ռազմական հենակետի վերածել ՀՀ-ն, իսկ այժմ նաև Արցախը, խիստ բարկացած է, որ հայերը չեն ընդունում ռուսական բարեկամությունը և սկսել են սիլի-բիլի անել արևմուտքի, ավելի կոնկրետ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Ռուսները ու Հայաստանում ռուսական կողմնորոշում ունեցողները շեշտում են, որ ռուսների առկայությունն իրոք ռեալ է ու շոշափելի ու թուրքերը հենց հիմա նոր ցեղասպանության փորձ չեն անում զուտ այն պատճառով, որ այստեղ կանգնած են ռուսական զորքերը:

Արևմտամետներն այն կարծիքին են, որ Ռուսաստանը հայերի ամենամեծ թշնամին է ու քանի դեռ ռուսական ներկայությունը կա, Հայաստանը երբեք անկախ չի լինի: Որպես ապացույց՝ նշում են, որ Ռուսաստանը, որ պիտի վաղուց որևէ կերպ արձագանքած լիներ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժմանը, ոչինչ չի անում և երբեմն-երբեմն հայտարարություններ է անում, որոնք ոչ մի էական նշանակություն չունեն: Գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը փոխանցում է ականապատ դաշտերի քարտեզներ, իսկ ռուսական կողմը զբաղված է զուտ միջնորդությամբ ու դա այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է:

Կան նաև այլ խնդիրներ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մի կառույցի, որտեղ կա՛մ թքած ունեն Հայաստանի վրա, կա՛մ ադրբեջանցիների հետ շատ ջերմ են: Ղազախստանը, Բելառուսը Ադրբեջանի հետ շատ մտերիմ են, ռուսները՝ զենք են վաճառում, իսկ Տաջիկստանին առանձնապես չի էլ հետաքրքրում հայկական խնդիրները: Եվ այդ կառույցը պիտի ապահովի ՀՀ անվտանգությունը: ՀՀ-ն արդեն իսկ մի քանի անգամ դիմել է ՀԱՊԿ, իսկ այնտեղ մտածում են, թե ինչպես իրենց վրայից «ցրեն» հայերին օգնելու պարտավորությունը:

ՀԱՊԿ քարտուղար Զասն էլ մի քանի օր առաջ հայտարարել է, որ այն ինչ կատարվում է Հայաստանի հարավում՝ Հայաստանի խնդիրներն են ու դա չի հանդիսանում ՀԱՊԿ-ի խնդիր: Էհ, չի հանդիսանում, ուրեմն չի հանդիսանում: Բայց խնդիրը հո մնում է: Ու այդ դեպքում շատ մեծ հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ում:

Իհարկե հասկանալի է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը հեշտ չէ, և Ռուսաստանը չի էլ թողնի, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը լքի, որովհետև ՀԱՊԿ-ից ազատված Հայաստանը շատ արագ կարող է դառնալ(կամ գոնե հայտ ներկայացնել) ՆԱՏՕ-ի անդամ:

Հայաստանի, ՆԱՏՕ անդամ դառնալը որակվում է անհեթեթ ու հիմար մի բան, բայց կարծում եմ դա այնքան էլ աբսուրդ չէ ու առաջին հերթին մի քանի պատճառներով: ՆԱՏՕ-ին թշնամաբար տրամադրվածներն ասում են, որ ՆԱՏՕ-ի կազմում է գլխավոր թշնամի Թուրքիան ու դա իսկ բավական է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ում անելիք չունենա: Ինչպե՞ս կարելի է փոխադարձ պաշտպանական պայմանագիր կնքել քո գլխավոր թշնամու հետ: Համաձայն եմ, դա իրոք խնդիր է: Հայերն ու թուրքերը չեն կարող իրար դաշնակից լինել: Բայց եթե ՆԱՏՕ-ի պարագայում կա Թուրքիայի հարց, նույն կերպ էլ ՀԱՊԿ-ում կա Ադրբեջանի հարց: Նախ հիշեցնեմ, որ Ադրբեջանը ևս եղել է ՀԱՊԿ անդամ և դուրս եկել այնտեղից միայն 1999թ. և բացի դրանից էլ հիմա քննարկվում է նորից Արբեջանի՝ ՀԱՊԿ անդամն դառնալը: Այ սա է արդեն իրական աբսուրդը: Հաջորդ մեծ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ում գրեթե բոլորը Ադրբեջանի դաշնակիցներն են ու դա արդեն արժեզրկում է այնտեղ պաշտպանություն գտնելու բոլոր հնարավորությունները: Իսկ եթե Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ անդամ, դա արդեն կարելի է համարել Հայաստանի դեմ արշավ:

Իսկ ՆԱՏՕ-ի պարագայում միայն Թուրքիան է, որ հայերի հանդեպ թշնամաբար է տրամադրված: ՆԱՏՕ-ում, ի հակադրություն ՀԱՊԿ-ի, կան երկրներ, որ ոչ միայն վատ չեն Հայաստանի հետ, այլև բավական ջերմ, օրինակ Ֆրանսիան ու Հունաստանը: Ի դեպ հենց իրար ատող Հունաստանն ու Թուրքիան նույն ՆԱՏՕ անդամներ են ու նրանց միջև բռնկված կոնֆլիկտին միջամտեց ՆԱՏՕ մեկ այլ անդամ Ֆրանսիան, որն իր ռազմանավերն ուղարկեց հունական ջրեր, որից հետո միայն թուրքերը հետ քաշվեցին: Չեմ մոռացել նաև ներգաղթյալների խնդիրները, երբ ցամաքային սահմանում բախումներ էին գրանցվել հույների ու թուրքերի միջև, երբ թուրքական կողմից սադրիչներն ու ներգաղթյալները հարձակվել էին Հունաստանի սահմանի վրա և եվրոպացիները ստիպված պորտուգալական ոստիկանության հատուկ ուժեր էին բերել՝ սահմանը պաշտպանելու համար: Սա մի օրինակ էր միայն:

Իհարկե ՀՀ-ի ՆԱՏՕ-ին անդամակցելու միտքը խիստ մշուշոտ մի բան է ու պետք չէ միամտաբար մտածել, թե Հայաստանն ահա կդառնա ՆԱՏՕ անդամ ու ամեն ինչ լավ կլինի: Ո՛չ:

Հենց ՆԱՏՕ անդամ Ֆրանսիան ադրբեջանցիների հետ առևտուր է անում և ֆրանսիական կործանիչները ադրբեջանի բանակում են: Բայց և Ֆրանսիան չի խուսափում կոշտ ու ուղիղ խոսելուց: Այս ամենը որպես օրինակ, որ ոչինչ միանշանակ չէ և կարելի է ցանկացած պետության հետ շփվել ըստ անհրաժեշտության, ոչ թե ըստ պարտադրանքի, իսկ Ռուսաստանի պարագայում այն տպավորությունն է, որ Հայաստանը ստիպված է «դաշնակցել» նրա հետ:

Դե իսկ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք 2.6 մլրդ եվրոյի աննախադեպ օգնությունը զայրացրել է ՀԱՊԿ-ին ու ռուսներին մասնավորապես:

Ոմանք կարծում են, որ ռուսները չեն հապաղի Հայաստանին ևս մեկ անգամ բարոյապես ճնշելու ու մատնանշում են, որ Երասխում ու դրան հաջորդող դեպքերը կլինեն ռուսական զգուշացումներ Հայաստանին, որպեսզի վերջինս շատ չոգևորվի ֆրանսիական խոստումներով:

Հիմա Հայաստանում կրկին իրար դեմ են դուրս եկել ռուսամետներն ու արևմտամետները ու ճգնում են միմյանց ապացուցել, թե ով ու ինչպես է վնասում Հայաստանին:

Մի բան էլ՝ Հարավային Կովկասով շատերն են հետաքրքրված՝ Չինաստանից մինչև ԱՄՆ ու հենց այստեղ է, որ մենք պիտի մի կողմ դնենք մի աչքով աշխարհին նայելու սովորությունն ու շատ ճկուն լինենք: Նույնիսկ հիմա կարող ենք դիվանագիտական հազար ու մի ճանապարհով այնպես անել, որ օգուտն ավելի շատ լինի, քան վնասը:

Մինչդեռ խնդիրները միայն ավելանում են:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *