Հայաստան

ՀԱՊԿ Եւ ՆԱՏՕ

Ըստ էության արցախյան առաջին պատերազմում միմյանց դեմ պատերազմում էին ՀԱՊԿ անդամները, քանի որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ից դուրս է եկել 1999 թ․: Այդ ժամանակ ՀԱՊԿ-ը ոչինչ չի ձեռնարկել: Ինչպես նաև ոչինչ չի ձեռնարկել դրանից հետո:

Արայիկ Մկրտումյան

Այս օրերին հատկապես, երբ մենք նորից ու նորից հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեզ չի պատրաստվում ոչ մի հարցում օգնել ու հարց է առաջանում, թե մենք ինչ ենք կորցրել այդ կառույցում, ավելի ու ավելի հաճախ են մեկնաբանություններ հնչում ՀԱՊԿ-ի հակառակորդ ՆԱՏՕ-ի հասցեին: Ոմանք այն կարծիքին են, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ և անդամակցնել ՆԱՏՕ-ին, ոմանք՝ դա անհնար են համարում, ոմանք էլ շեշտում են, որ ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակամարտությունը ոչ թե պարզապես ԱՄՆ-ՌԴ կոնֆլիկտի պաշտոնական անվանումն է, այլ երկու տեսակի աշխարհների հարց:

Եկեք կարճ ու չոր թվերով հասկանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ը և փորձենք նաև մտածել, թե դրանցից որն է իրականում ավելի ուժեղ, կամ որն է ավելի համապատասխան Հայաստանի շահերին:

Ստորև բերվող թվերը կարող են  որոշակի շեղումներ տալ, բայց ընդհանուր առմամբ ներկայացնում են այդ երկու կառույցների ներուժը:

Եվ այսպես՝

Ընդհանուր առմամբ և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ՀԱՊԿ-ը ռազմական համագործակցություններ են, որոնք ունեն որոշակի նմանություն: Երկուսի նպատակն էլ խաղաղության պահպանումն է և իր անդամ երկրների անվտանգությունը: Այս երկու կառույցները խիստ տարբեր են իրենց ռազմական ու տնտեսական ներուժով և գործունեությամբ:

ՆԱՏՕ-ն այս պահին բաղկացած է 30 երկրից և ընդլայնման ակտիվ քաղաքականություն է վարում: Միայն վերջին 20 տարում ՆԱՏՕ-ին են անդամակցել 11 պետություն: Ներկայումս անդամակցության համար հավանական թեկնածուներ են համարվում Բոսնիա և Հերցոգովինան, Ուկրաինան, Վրաստանը:

ՀԱՊԿ-ում պատկերն այլ է: ՀԱՊԿ անդամները 6-ն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը: Անձամբ իմ կարծիքով ՀԱՊԿ-ը ընդլայնվելու առումով մեծ խնդիրներ ունի և ՀԱՊԿ-ի ապագան ինքնին, մշուշոտ է: ՀԱՊԿ անդամակցելու Իրանի հարցը գոյություն ունի դեռևս 2009 թ-ից, բայց դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն մոտ ապագայում: ՀԱՊԿ-ը 1999 թ. լքել են Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը:

Հաջորդ բանը, որ միանգամից աչքի է զարնում՝ ռազմական պոտենցիալն է: ՆԱՏՕ-ի բյուջեն կազմում է  մոտ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀԱՊԿ-ինը՝ մոտ  446 մլն ռուբլի կամ մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Բավական կարևոր է և այն, թե այդ բյուջեները ինչ հարաբերակցությամբ են գոյանում: ՆԱՏՕ-ի բյուջեի 50 տոկոսը փակում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, իսկ ՀԱՊԿ բյուջեի 50 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: ՆԱՏՕ-ում ծախսերը շատ ավելի հավասարակշռված են, քան ՀԱՊԿ-ում:

ՆԱՏՕ անդամ երկրների միասնական ռազմական բյուջեն գերազանցում է 1 տրլն ԱՄՆ դոլարը, մինչդեռ ՀԱՊԿ-ում միանգամայն այլ պատկեր է:

ՆԱՏՕ-ի ծախսերը հիմնականում ընկնում են ԱՄՆ ուսերին, որը 2020թ. ծախսել է մոտ 730 մլրդ դոլար, Ֆրանսիան՝ մոտ 50 մլրդ: ՀԱՊԿ-ում, ինչպես նշվեց, հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որի 2020թ. ռազմական ծախսերը կազմել են մոտ 65 մլրդ, իսկ Ղազախստանը ծախսել է մոտ 1.7 մլրդ դոլար: ՀԱՊԿ մյուս անդամների ռազմական ծասերը չնչին են համեմատած ՆԱՏՕ-ի անդամների  ծախսերի հետ:

Մարդուժի առումով ունենք հետևյալ թվերը՝ (բանակների թվերի մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ տվյալները կարող են ամբողջապես չհամապատասխանել իրականին ու դա կախված է տվյալների թարմացման թվականից, ընդհանուր ու ակտիվ անձնակազմից, ռազմականացված անձնակազմից, պահեստազորից, քանի որ բանակի թիվ հաշվելուց բախվում ենք այն խնդրին, որ ներկայացված թվերը կարող են տալ կամ ընդհանուր թվեր՝ ներառյալ պահեստազոր, կամ հաշվել զուտ հենց այդ պահին ակտիվ անձնակազմը, կամ ներառել ու չներառել ռազմական համարվող ջոկատներ, այնպես, որ բանակի մասին խոսելիս կարող ենք ներկայացնել միայն շատ ընդհանուր տվյալներ)․

Բանակի առումով ՆԱՏՕ-ն անխոս առաջատար է:  Դա կախված է նրանից, որ ՆԱՏՕ անդամ երկրները քանակով 6 անգամ շատ են ՀԱՊԿ-ից ու ՆԱՏՕ անդամն երկրները հիմնականում տնտեսական ուժով, բնակչության քանակով, զարգացածությամբ առաջատար են ՀԱՊԿ-ի համեմատ: Եվ այսպես ՆԱՏՕ-ի խոշոր բանակ ունեցող երկրները հետևյալն են՝ ԱՄՆ՝ 1 մլն 3 հարյուր հազար, Թուրքիա՝ մոտ 400 հազար, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա՝ յուրաքանչյուրը մոտ 200 հազարական բանակով, իսկ ՀԱՊԿ-ի խոշորագույն բանակն ունի Ռուսաստանը՝ 1 մլն-ից ավել բանակով, ապա մյուսները՝ Ղազախստան մոտ 80 հազար, Բելառուս՝ մոտ 50 հազար: Մյուսներն ավելի քիչ:

Հաջորդ կարևոր ցուցանիշ կարելի է համարել ատոմային զենքը: ՀԱՊԿ-ում միակ միջուկային երկիրը Ռուսաստանն է, իսկ ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, որոնք նաև համարվում են ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ (դրանք հինգն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան):

ԱՄՆ-ը և Ռուսաստանն այս առումով մոտավոր հավասարակշռված վիճակում են, Ֆրանսիան ունի մոտ 290, Մեծ Բրիտանիան՝ մոտ 200 միջուկային մարտագլխիկ, բայց անվիճելիորեն ՆԱՏՕ-ն տասնյակ անգամներ գերազանցում է ՀԱՊԿ-ին նաև այս առումով:

ՆԱՏՕ-ն առաջատար է նաև  տնտեսական հաշվարկով:

ՆԱՏՕ-ի առաջատար երկրների ՀՆԱ-ն կազմում է (շատ ընդհանուր հաշվարկով, ԱՄՆ դոլար) ԱՄՆ՝ 22 տրլն, Գերմանիա՝ 4 տրլն, Մեծ Բրիտանիա՝ 3, Իտալիա, Ֆրանսիա՝ 2 տրլն,  Կանադա՝ 1.5 տրլն:

ՀԱՊԿ-ում՝ Ռուսաստանը՝ 1.5 տրլն, իսկ մյուս երկրները չնչին թվեր են համեմատած ՆԱՏՕ-ի առաջատարների: ՀԱՊԿ-ի ողջ ՀՆԱ-ն չի գերազանցում օրինակ Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն:

ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն տարբերվում են նաև իրենց գործունեությամբ ու քաղաքականությամբ: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որն անընդհատ ընդլայնվում է, ակտիվ մասնակցություն ունի բազմաթիվ աշխարհաքաղաքական երևույթների, միացյալ բանակով ու խաղաղապահներով, որոնք մեծ դեր ու նշանակություն ունեն, ՀԱՊԿ-ը կարծես, թե չունի նման մեծ պլաններ ու ցանկություն: ՀԱՊԿ-ը չունի նման ակտիվություն ու ձեռնարկումներ: ՀԱՊԿ-ը երբևէ ռազմական համատեղ օպերացիա չի իրականացրել ու ռուսական խաղաղապահները տեղակայվում են հենց Ռուսաստանի անունից, ոչ թե ՀԱՊԿ-ի, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որը ակտիվ է ամենուր՝ և՛ գործողություններով, և՛ խաղաղպահ ներկայությամբ:

ՆԱՏՕ-ում անդամ երկրներն ավելի ինտենսիվ ու փոխկապակցված են աշխատում, թեև այստեղ ևս լինում են կոնֆլիկտներ ու վեճեր, ինչպես օրինակ Կիպրոսի հարցը, որն այդպես էլ չի լուծվում, կամ Հունաստան-Թուրքիա խիստ սրված հարաբերությունները: Բայց ՆԱՏՕ-ն ավելի ուշադիր և պահանջկոտ է իր անդամների ու նրանց պահվածքի նկատմամբ այն դեպքում, երբ ՀԱՊԿ երկրները մեկը մյուսին հաշիվ չի տալիս և ունի իր ինքնուրույն քաղաքականությունը (որքան որ դա հնարավոր է իհարկե, քանի որ ՀԱՊԿ-ը համարվում է Ռուսաստանի սեփական գրասենյակը և Մոսկվան ձգտում է հսկել ՀԱՊԿ անդամ երկրների պահվածքը):

ՀԱՊԿ անդամ երկրների միջև բավական տարօրինակ հարաբերություններ են: Այդ երկրները մեծ հաշվով ոչ մի հարցի շուրջ իրար հետ համաձայն չեն: Օրինակ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ՀԱՊԿ երկրներն առանձնապես ուշադրություն չեն դարձրել դրան, ու երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը, ՀԱՊԿ անդամ երկրները չարձագանքեցին դրան: Կամ, երբ Ռուսաստանն ակտիվացավ Սիրիայում, ՀԱՊԿ-ը որպես այդպիսին ոչինչ չի արել:

Առանձին թեմա է Արցախը: Ըստ էության արցախյան առաջին պատերազմում միմյանց դեմ պատերազմում էին ՀԱՊԿ անդամները, քանի որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ից դուրս է եկել 1999թ: Այդ ժամանակ ՀԱՊԿ-ը ոչինչ չի ձեռնարկել: Ինչպես նաև ոչինչ չի ձեռնարկել դրանից հետո, երբ ՀԱՊԿ անդամ Հայաստանը տարածքային խնդիրներ ուներ, բայց ՀԱՊԿ-ը նորից լռել է: ՀԱՊԿ-ը նաև չի ճանաչել ՀՀ հովանավորության տակ գտնվող Արցախի Հանրապետությունը (նշենք նաև, որ ՀՀ-ն ևս պաշտոնապես Արցախը չի ճանաչել որպես պետություն): Այդ առումով ՀՀ-ն բազմաթիվ արտաքին ճնշումների տակ էր գտնվում ու Արցախի ճանաչման հարցն առանձին թեմա է, հարցն այն է, որ ՀԱՊԿ-ը մշտապես լռել է:

Ավելին, ՀԱՊԿ անդամներն ակտիվորեն մտերմություն են անում կառույցի անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ ու ներքին առումով սպասարկում նրա շահերը: ՀԱՊԿ-ը լռեց նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ու ոչինչ չարեց բացի զուտ կոչերից, ինչպես որ հիմա ոչինչ չի անում, երբ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում: Միայն Ռուսաստանն է ակտիվորեն գործում ու արդեն հասկանալի չէ, թե Ռուսաստանը Հայաստանի թշնամին է, թե դաշնակիցը, որովհետև ռուսական կողմի հայտարարություններն ամենևին էլ դաշնակցային տեսք չունեն: Իսկ համեմատության համար հիշեցնեմ, որ երբ ՆԱՏՕ անդամ համարվող Թուրքիան Ռուսաստանից գնեց С-400 համակարգեր, ԱՄՆ-ը հրաժարվեց Թուրքիային վաճառել F-35  գերժամանակակից կործանիչներ և դրանք տվեց ՆԱՏՕ մեկ այլ անդամ Հունաստանին ու նաև պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ: Մեկ այլ օրինակ՝ հույն-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ ՆԱՏՕ մեկ այլ անդամ Ֆրանսիան իր ռազմանավերն ուղարկեց հունական ջրային տարածքներ և զսպեց Թուրքիային: Իհարկե ՆԱՏՕ-ն դրախտ չէ, բայց այստեղ այն նույն անկայունությունն ու քաոսը չէ, ինչ որ ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ն ընդհանրապես ոչինչ չի արել, բացի անվերջ հանդիպումներից ու կոչերից, որոնք խոշոր հաշվով ոչինչ չեն փոխել:

Խոշոր հաշվով պարզ է, որ ՆԱՏՕ-ն ամեն առումով առավել ուժեղ է ՀԱՊԿ-ից: Կարելի է ուրիշ օրինակներ ևս բերել ՀԱՊԿ-ՆԱՏՕ թեմայով, բայց կարծում եմ հասկանալի է ամեն ինչ:

Ամենախոշոր տարբերությունը՝

ՆԱՏՕ-ն հզոր պոտենցիալ ունեցող ռազմական համագործակցություն է, իսկ ՀԱՊԿ-ը կա միայն թղթի վրա:

Հիմա հարց՝ արժե՞ մնալ այս թույլ, ջլատված ու մեզ չպաշտպանող, մեր թշնամու հետ աշխատող կառույցում: ՀԱՊԿ-ում մնալ ու պաշտպանություն ակնկալել Ադրբեջանի դեմ, նույնն է, թե մտնես մարդակերների որջն ու փորձես նրանց բուսակեր դարձնել:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *