Հայաշխարհ

Ինքնիշխանության Գինը․ (Մաս Բ)

Կրթության ու գիտության նախարարի պաշտոնը պետք է համարվեր ամենակարևորը, պաշտպանության նախարարությանը հավասար: Եթե ՊՆ-ը հսկում է այսօրը, կրթության նախարարը՝ հսկում է վաղը, ապագան: Ինչպե՞ս կարելի էր սերնդի կրթության գործը վերածել կարճատև անհատական բիզնեսի: Զինվորը հսկում է մեր այսօրը, իսկ գիտնականը՝ մեր ապագան: Չկա գիտություն, չկա ապագա: Ապագա չունեն միայն մեռյալները…

Արայիկ Մկրտումյան

Կրթություն Եւ Գիտություն

«Երբ բացում ես դպրոցի դուռը, փակվում է բանտինը»՝

Վիկտոր Հյուգո

Կրթությունն այն երևույթներից մեկն է, որով այդքան սիրում ենք պարծենալ: Ամեն տեղ նշում ենք, թե ինչքան կարևոր է կրթությունը, հպարտանում ենք Մեսրոպ Մաշտոցով, հպարտանում ենք հայոց լեզվով, այբուբենով, մեր, հազարարամյակներով ձգվող կրթական պատմությամբ, միջնադարյան համալսարաններով, անցյալ ու ներկա ժամանակների հայ գիտնականներով…ու արտագրում ենք քննությունների ժամանակ, փողով դիպլոմ ենք գնում ու ընդունվում ենք համալսարան այնպես, ինչպես խանութում միս կգնեինք, կամ կգնայինք ակումբ պարելու: Դիպլոմն այսօր դարձել է հասարակական ստատուս, մինչդեռ գիտական հավաստագիր կլիներ, բայց այն էժան ու անորակ ապրանք է: Ինչների՞ս է պետք գիտելիք չունեցող դիպլոմավորը: Դա տուն է առանց պատեր, տանիք ու բնակիչ, դա գրիչ է՝ առանց թանաք, զինվոր՝ առանց զենք:

Կրթական ու գիտական ոլորտն անհնար է գերագնահատել, ու շատ հեշտ՝ թերագնահատել: Մենք հենց դրանով էլ զբաղված ենք հիմա: Հայաստանում, գոնե այս վերջին մի քանի տասնամյակում, կրթական ոլորտի մակարդակը շատ շատ ցածր է, գիտական հիմնարկների վիճակը՝ ողորմելի: Մինչդեռ ամեն ինչ սկսվում է կրթությունից, և կրթություն ասվածը ոչ թե ենթադրում է տասը տարի գնալ գալ դպրոց, հետո 4-5 տարի գնալ գալ համասլարան, այլ կրթությունը որպես կրթություն, ոչ թե ցուցադրական շոու, կամ ժամանց:

Առանց կրթության հնարավոր չէ ոչինչ, բացարձակապես ոչինչ: Մարդկային քաղաքակրթությունն ամբողջապես հենված է կրթության վրա: Հազարամյակներով մարդիկ կրթվել են, ստացած գիտելիքը վերածել են փորձի և ստեղծել աշխարհն այնպես, ինչպես որ այսօր տեսնում ենք մենք:

Հենց այն նույն համակարգիչը կամ բջջայինը, որ ունեք, էլեկտրականությունը, որով այն աշխատում է, համացանցը, որից օգտվում եք այս հոդվածը կարդալիս՝ գիտության ստեղծածն է: Կոշիկ, մեքենա, բաժակ…ինչ ուզեք, այդ ամենը մարդուն նվիրել է գիտությունը, իսկ գիտությունը հենվում է կրթության վրա: Անգրագետ գիտնական չի լինում, իսկ կրթությունն էլ միայն ստանդարտ ու քառակուսի մտածելակերպը չէ, այն ազատ ու առաջընթաց սկզբունքն է:

2020թ. պատերազմը մեզ ապշեցրեց ոչ միայն իր մասշտաբայնությամբ ու դաժանությամբ, այլև տեխնիկական հագեցվածությամբ: Ըստ էության մենք աշխարհում առաջինը մեր մաշկի վրա զգացինք հինգերորդ սերնդի կամ գիտական պատերազմի արդյունքները, որտեղ ոչ թե հարցը լուծում էին հազարավոր հրացանակիր մարդիկ, այլ համակարգչի առջև, սուրճի բաժակը ձեռքում բռնած օպերատորները, որոնք ի վիճակի են անգամ նստած տեղից վեր չկենալով հարյուրավոր կառավարվող հրթիռներ, անօդաչու ինքնաթիռներ ու էլի Աստված գիտե ինչ ուղարկել թշնամու գլխին: Եվ ուղարկեցին: Ու մենք էլ զգացինք:

Եռաբլուրում այսօր հանգչող մեր եղբայրները զոհվեցին մեծ մասամբ ոչ թե թշնամու գնդակներից, այլ անօդաչուներից, տարբեր տիպի հրթիռներից ու էլի նման բաներից: Պատերազմին կամավոր մասնակցած ընկերս պատմում էր, որ Ֆագոտ տեսակի հակատանկային հրթիռով կրակեցին ադրբեջանական տանկին, ու հրթիռը տանկին մոտենալով շեղեց իր ուղղությունն ու գնաց մի ուրիշ կողմ: Ասաց, որ բոլորն ապշած էին այդ ամենից:

Պատերազմի ընթացքում, իսկ ավարտից հետո հատկապես, մարդիկ իրենք իրենց զայրացած հարց էին տալիս, թե ինչո՞ւ մենք չունենք մեր սեփական աթս-ները, հակաօդային պաշտպանական համակարգերը…է՜հ…եթե ունենայինք, ապա այսքան զոհեր չէինք տա:

Իսկ չունենք բացառապես այն պատճառով, որ չունենք նորմալ կրթական համակարգ, չունենք արժանապատիվ գիտություն, որն էլ ի վիճակի կլինի ապահովել պետությանն ամեն ինչով՝ ինքնաթիռից մինչև լազերային անտեսանելի վահաններ, կամ՝ անհատական էլեկտրական հրթիռակոշիկներից մինչև սուպեր համակարգիչներ:

Չունենք:

Մենք պարծենում ենք, որ բետոնախառնիչը հայ է ստեղծել, որ դոլարի կանաչ ներկը հայ է ստեղծել, որ մագնտա-ռեզոնանսային տոմոգրաֆիան հայ է ստեղծել: Դրանք փոքր մասն են հայկական գյուտերի, առանց որի աշխարհը այն չէր լինի, ինչ այսօր: Եվ ի՞նչ: Բետոնախառնիչ ստեղծող ազգի քաղաքները կիսավեր են, դոլարի գույնը ստեղծող ազգի արժույթը՝ սարսափելի ցածր, իսկ ՄՌՏ-ի ստեղծողի հայրենակիցների համար խնդիր է դառնում հետազոտվելը, որովեհետև ՄՌՏ սարքեր կան միայն Երևանում, այն էլ մեկ հետազոտությունը՝ 50-80 հազար դրամ, այսինքն շատերի մեկ ամսվա աշխատավարձը:

Հայաստանում կրթությունն ու գիտությունն արհամարված են, անտեսված: Կրթական ու գիտական համակարգերը խեղված են ու այլանդակված: Դրանք վերածվել են շահատակությունների ու շնորհավաճառության արհեստանոցների, դարձել են կաշառքի մի մեծ օջախ, որից այլևս գիտնականներ դուրս չեն գալիս:

Բայց Հայաստանում գրեթե բոլորը դիպլոմավոր են: Եթե լսում ես, որևէ մեկը գոնե բակալավրի դիպլոմ չունի՝ զարմանում ես: Բայց չես զարմանում, երբ լսում ես, որ պատմաբանի դիպլոմ ունեցողը խանութում վաճառող է աշխատում, տնտեսագետի դիպլոմ ունեցողը՝ բանվոր, քիմիկոսի կամ կենսաբանի դիպլոմ ունեցողը՝ երթուղայինի վարորդ: Կամ էլ չենք զարմանում, երբ ընդհանրապես աշխատանք չեն գտնում:

Հասկանո՞ւմ եք: Մեզ համար նորմալ է, որ բանասերը հավաքարար լինի, կամ ինժեները՝ ավտոլվացող, լեզվաբանը՝ մատուցող: Էստեղ ոչ թե աշխատանքը լավը չէ, այլ աշխատանքի ու աշխատողի ոչ նորմալ հարաբերակցությունը: Նորմալ է մատուցողն էլ, կոշիկ կարելն էլ, գետենիկ հետազոտություններն էլ: Բայց կոշիկը պետք է կարի կոշկակարը, մատուցի՝ մատուցողը: Ի դեպ մատուցողը ևս բավական լուրջ և ամուր նյարդեր պահանջող աշխատանք է և պահանջում է որակներ ու հմտություններ, էլ չասեմ կոշիկ կարելը:

Իսկ ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ դիպլոմը գին չունի: Ինչո՞ւ է դիպլոմն այդքան էժան և հասանելի: Ի վերջո բոլոր դիպլոմավորները չէ, որ գիտելիք ունեն, շատերը դիպլոմ ունեն, գիտելիք՝ ոչ: Իսկ ինչո՞ւ:

Կարելի է իհարկե երկար բարակ խոսել բուհ-աշխատաշուկա խնդրից, բայց հիմնական հարցն այն է, որ մենք թքած ունենք կրթության վրա էլ, գիտության էլ:

«Գիտելիքը համաշխարհային շուկայում ամենաթանկ ապրանքն է,- ասում էր Սոս Սարգսյանը,- Գիտելիքը բարոյականություն է, մինչև անգամ՝ ազնվական արտաքին…      
Բայց ինչպե՞ս անենք, որ դիպլոմի փոխարեն գիտելիք ունենանք…»

Այո՛, թքած ունենք, դրա համար էլ ո՛չ նորմալ կրթական համակարգ ունենք, ոչ էլ կայացած գիտություն:

Կրթության ու գիտության նախարարի պաշտոնը պետք է համարվեր ամենակարևորը, պաշտպանության նախարարությանը հավասար: Եթե ՊՆ-ը հսկում է այսօրը, կրթության նախարարը՝ հսկում է վաղը, ապագան: Ինչպե՞ս կարելի էր սերնդի կրթության գործը վերածել կարճատև անհատական բիզնեսի: Զինվորը հսկում է մեր այսօրը, իսկ գիտնականը՝ մեր ապագան: Չկա գիտություն, չկա ապագա: Ապագա չունեն միայն մեռյալները…

Ասում են, որ մեզ աթս-ներ են պետք, որ մեզ ֆոսֆորային զենքի դեմ դեղամիջոց է պետք, մեզ լավ բժշկություն է պետք, մեզ նորմալ ֆիլմարտադրություն է պետք, զենքի ու մեքենայի՝ մեխանիզմի արտադրություն, օդանավ ու քիմիական զենք, տանկ ու որակով հեռուստացույց….

Բայց ինչպե՞ս: Ո՞վ պիտի նախագծի, մշակի ու ստեղծի այդ ամենը, եթե դրա մասնագետները զբաղվում են ամեն ինչով՝ սեփական մասնագիտությունից բացի: Ինչպե՞ս կարող է քաղաքագետը իրավական դաշտում հաղթել ադրբեջանցուն, եթե նա զբաղված է տաքսի վարելով, որ ընտանիքին հաց հասցնի, ինչպե՞ս կարող է ազգագրագետը ապացուցել, որ դուդուկը կամ Սասունցի Դավիթը հայկական է, եթե նա օրը 10 ժամ զբաղված է մատուցող աշխատելով, ինչպե՞ս հնագետն ապացուցի, որ Երևանը թուրքերը չեն կառուցել, իսկ պատմաբանը ապացուցի, որ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե նրանք զբաղված են թերթ վաճառելով, լոբի կշռելով, կամ հատակ մաքրելով:

Ինչպե՞ս հայ ինժեները ստեղծի ռազմական աթս ու հակաօդային պաշտանող համակարգ, եթե նրա ինժեների աշխատավարձը չի գերազանցում 100 հազար դրամը, և նա ստիպված է ասենք ռուսների կամ ամերիկացիների համար աշխատելով, որ իր երեխան կամ կինը քաղցած չմնան, կամ՝ հիվանդ ծնողին տանի ՄՌՏ հետազոտության, մի բանի, որ հենց հայն է ստեղծել:

ՈՒ ընդհանրապես մենք այս վիճակում ինչպե՞ս կարող ենք պետություն պահել ու անկախության մասին խոսել, եթե մեր երկրում կրթությունն ու գիտությունը ավելի էժան են գնահատվում, քան խոզի ապխտած ազդրը:

Ումի՞ց ենք մենք աթս, զենք ու հեռուստացույց պահանջում՝ մատուցողից, կոշկակարից կամ գովազդային գործակալի՞ց: Ո՞ւմ է ընդհանրապես պետք մեր կրթական համակարգը, եթե այն չի տալոի գիտնականների:

Այսքան տարի տասնյակ հազարավոր խելացի ու բանիմաց մարդիկ լքել են Հայաստանը: Նրանց շարքում շատերն են եղել գիտական մտքի տեր: Բայց գնացել են, որովհետև այլևս հնարավոր չէր հացով ու մածունով ապրել:

Մենք հաճույքով ենք նայում Iphone-ին, BMW-ին, F-35-ին ու ափսոսում, որ չունենք մերը, սեփականը: Էլ ինչպե՞ս ունենաս: Իսկ չէ՞ որ ունենալով օրինակ այդ երեք արտադրությունները, լուծում ես և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարցեր:

Հորդաների դարն անցել է: Այլևս պետք չեն հարյուր հազարանոց նիզակակիր գնդեր, կամ ծանր հեծելազոր, հիմա պետք են օդանավեր, աթս-ներ, մեքենաների գործարաններ:

Պետք է փոխել կրթական ու գիտական համակարգերը՝ մանկապարտեզից մինչև ակադեմիա, պետք է վերանայել մեր մոտեցումն ընդհանրապես այդ ամենին: Պետք է, այլապես մենք կշարունակենք կորցնել ու կորցնում ենք ամենաթանկը՝ ժամանակը: Երեսուն տարում կարելի էր կրթել ու ունենալ անվախ, խելացի, գիտական ու մոտիվացված հասարակություն: Հասարակություն, որը աղբը չէր թափի ամեն պատահած տեղ, կմերժեր կաշառքն ու գողությունը, կհասկանար իր պետության ու հենց իր գոյության անհրաժեշտությունը, կարևորությունը, դերն ու նշանակությունը, և կապրեր արժանավայել ու իր կամքը կթելադրեր բոլոր բոլորին, ովքեր կփորձեին տրորել նրա ոտքը, բայց չունեցանք:

Ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Պետք է սկսել հիմա, հենց հիմա, ոչ սեպտեմբերին, ոչ մի շաբաթից կամ ամսից ու ոչ էլ վաղը, այլ հիմա, հենց հիմա: Այլապես վաղը մենք այլևս ոչինչ չենք ունենա, որ կորցնենք:

Կրթությունն ու գիտությունն է մեզ պահելու, մեր զենքն ու վահանը դառնալու: Ոտքերը թափ տալու ժամանակն արդեն անցել է, հիմա ուղեղը շարժելու դարն է ու ափսոս, որ մենք դա դեռևս չենք հասկացել:

Դեռ ուշ չէ, մենք պարտավոր ենք փոխվելու ու նորից վերակերտվելու: Չկա կրթություն, չկա ոչինչ, կա՝ կրթություն, կա ամեն ինչ:

Եթե շարունակենք փակ պահել դպրոցների դռները, ստիպված ենք նորանոր բանտեր բացել:

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *