Հայաշխարհ

Ինքնիշխանության Գինը.(Մաս Ա)

Մուտք Հոդվածաշարի

Շուտով ընթերցողի ուշադրությանը կներկայացնենք մի քանի մասից բաղկացած հոդվածաշար` նվիրված Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ինքնիշխանությանը: Հոդվածաշարում անդրադարձ կարվի արտախորհրդարանական ուժերին, սփյուռքին, կրթական ոլորտին, միջազգային ձևաչափերին, հայկական արտաքին հարաբերություններին՝ մասնավորապես այդ համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին, սահմանազատմանն ու դրա հետևանքներին:

Հիմնական թեման ինքնիշխանությունն է և դրա ոչ միանշանակ ընկալումն ու հասկացումը:

Ինքնիշխանությունը բազմաշերտ և խորքային գործընթացներից կախված երևութական ամբողջություն է, որի հետևանքները նկատելի են դառնում որոշ ժամանակ անց:

Այս օրերին հատկապես, երբ մենք բոլորս հայտնվել ենք ճգնաժամային կետում և ըստ էության  Հայաստանի Հանրապետությունը խորը ճգնաժամի մեջ է գտնվում, մենք կփորձենք առայժմ մի քանի մասից բաղկացած հոդվածաշարով առաջին մակարդակով շոշափել առկա խնդիրները և Հայաստանի ու հայոց ինքնիշխանության համար անհրաժեշտ նախադրյալների քննարկումն ու դրան մասնակցող ուժերի պոտենցիալը, դերն ու նշանակությունը:

Ո՞վ է ասել, որ պետության օգտին աշխատելու համար անպայման մանդատ պիտի ունենան:

Արայիկ Մկրտումյան

Եվ այսպես, Երասխ: Այս անվան հետ են կապված վերջին օրերի հիմնական քննարկումները: Ադրբեջանցիների կրակոցները, որոնք ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նշանակություն ունեն, միանգամից ալեկոծեցին Հայաստանի, առանց այն էլ անհանգիստ ու հուզված վիճակը:

Ու այս մտահոգիչ վիճակում բավական լուրջ ու մեծ հարցեր են առաջանում: Օրինակ` արտախորհրդարանական ուժերը: Իհարկե ոչ միայն արտախորհրդարանական, բայց նախ հարցը վերաբերվում է արտախորհրդարանական ուժերին:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ երեք տասնյակից ավել ծրագրեր են ներկայացվել հայրենիքի փրկության համար: Բազմաթիվ կուսակցություններ անվերջ խոսում էին խնդիրների, վտանգների, սպառնալիքների մասին, նշում էին, թե ինչպես են պատրաստվում լուծելու ՀՀ առաջ ծառացած խնդիրները: Անընդմեջ խոսում էին ինքնիշխանության կարևորության, Հայաստանի ապագաղութացման, կամ՝ ավելի հավակնոտ ու պահանջված թեմաներից:

Հիմա զարմանալի լռություն է: Նույնիսկ շատ մեծ լռություն: Շատ ավելի մեծ լռություն, քան սպասելի էր: Քաղաքական դաշտը եռաց, եռաց ու միանգամից հանգստացավ: Ասես ոչինչ էլ չի եղել:

Ո՞ւր են այդ քաղաքական ուժերը: Ի՞նչ են անում կամ ի ՞նչ են անելու: Նրանք ԱԺ չանցան ու ի՞նչ է լինելու հետո: Ո՞րն է լինելու նրանց հետագա գործունեությունն ու տրամաբանությունը: Ի՞նչ են պատրաստվում անել ու ինչո՞ւ են լռել:

Նույնիսկ ֆեյսբուքում, որ արդեն մի քանի տարի է ինչ սոցիալական ցանցից վերածվել է ոչ պաշտոնական քաղաքական հարթակի, լռություն է:

Արտախորհրդարանական ուժերից ոմանք այլևս չեն երևում, ոմանք կիսատ պռատ ինչ որ բաներ են գրում, իսկ մեծ մասը զբաղված է մարդկանց մեղադրելով, որ «մենք ասացինք, դուք չլսեցիք, տեղն է ձեզ անասուններ» և այլն: Այն տպավորությունն է, որ պետության հետագա ճակատագրով հետաքրքրվողները շատ քիչ են, կամ էլ այդ ուժերին հետաքրքրողը պղտոր ջրում ձուկ որսալն էր:

Արտախորհրդարանական մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Թե ինչ են անելու հետ՝ անհայտ է: Առայժմ խոսքեր ու հայտարարություններ, որ շնորհակալ են իրենց ձայն տված քաղաքացիներից և այլև:

Մի՞թե այդ ողջ աղմուկի իմաստն այն էր, որ ԱԺ մանդատ ստանան: Հակառակ դեպքում, շատ զարմանալի է, որ արտախորհրդարանական ուժերից ձայն ծպտուն չի լսվում: Մինչդեռ արտախորհրդարանական ուժերը շատ լավ հնարավորություն ունեն հասարակության հետ աշխատելու, մարդկանց, իրար հետ աշխատեցնելու և ի վերջո անելու այն, ինչ այսքան տարիների ընթացքում չի եղել՝ ստեղծել հասարակական համերաշխություն: Նրանք կարող են աշխատել հասարակության հետ և նրանց կրթել և՛ քաղաքականապես, և՛ քաղաքագիտորեն, բայց նրանք զարմանալիորեն լուռ են: Բայց լավ կանեն, եթե չլռեն ու անցնեն գործի ու ապացուցեն, որ նրանց նպատակը միայն  մանդատը չէր և նաև ապացուցեն, որ կարող են ու կաշխատեն հանուն Հայաստանի, նույնիսկ առանց մանդատի: Նրանք առանց այն էլ մեծ խնդիր ունեն: 26 ուժերից միայն երեքն են անցել ԱԺ, իսկ մյուսները հավաքել են չնչին տոկոսներ: Արտախորհրդարանական ուժերը պիտի փորձեն հասկանալ, թե ինչու իրենք հաջողության չհասան, որովհետև նման գործելաոճի շարունակությունը կարող է հասցնել նրանց վերջնական մոռացման, քանի որ առանց այն էլ գոյություն ունեցող կուսակցությունների մի հսկա մասին ճանաչող չկա: Մի ծուլացեք պարոնայք, եթե դուք այն մարդիկ եք, որ իրոք կարևորում ենք հայոց ինքնիշխանությունը, ապա պետք է դադարեցնել քննադատելն ու հայհոյելը և անցնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի:

Ի վերջո Հայաստանում ընդդիմություն պիտի՞ կայանա, թե ոչ: Բայց դա հենց այնպես, օդի մեջ տեղի չի ունենա: Ավելի լուրջ ու կոնկրետ քայլեր են պետք, քան ուղղակի ֆեյսբուքում դժգոհություններ արտահայտելը:

Արտախորհրդարանական ուժերը պիտի հասկանան, որ ընդդիմություն ասվածը ևս լուրջ ինստիտուցիոնալ կառույց է, այլ ոչ թե դժգոհների խումբ, իսկ Հայաստանում ուղղակի դժգոհների խումբ է, խրոնիկ դժգոհների:

Նույնիսկ պատերազմից առաջ էլ հայաստանյան ընդդիմությունը երբեք աչքի չի ընկել գաղափարական թունդ պայքարով: Էլի պայքարը տարվել է վատն ընդդեմ ավելի վատի:

Հիմա այդ ուժերը հնարավորություն ունեն դուրս գալու լճացած վիճակից ու փորձեն կայանալ որպես քաղաքական ուժ և միաժամանակ կայացնել հայաստանյան ընդդիմությունը, առողջացնել քաղաքական մթնոլորտը: Նրանք շատ ավելին կարող են անել, քան պարզապես հայհոյելն է ու նրանց ուսերին շատ ավելի մեծ պարտականություն է դրված, քան պարզապես սրա, նրա կցորդ լինելը:

Կարող ենք վերցնել բրիտանական կամ ամերիկյան օրինակները: ԱՄՆ-ում որպես կանոն մրցում են հանրապետականներն ու դեմոկրատները, բայց այնտեղ բազմաթիվ այլ փոքր կուսակցություններ կան, որոնք իրենց հստակ քաղաքականությունն ու գործելաոճն ունեն ու իրենք սովորաբար աջակցում են այս կամ այն ուժին՝ դրանով նաև հասարակական մթնոլորտ ամբողջացնելով:

Ո՞վ է ասել, որ պետության օգտին աշխատելու համար անպայման մանդատ պիտի ունենան:

Հատկապես հիմա, երբ մենք գտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակում: Եթե լիներ խաղաղ ու հանգիստ մի ժամանակաշրջան, գուցե և արտախորհրդարանական ուժերից պահանջներն ավելի քիչ լինեին, բայց մենք գտնվում ենք սարսափելի ծանրագույն մի փուլում, երբ ոչ թե պիտի փորձենք գործել ըստ տրամադրության ու տրամադրվածության, այլ պահի հրամայականով: Մենք հիմա ժամանակ չունենք սպասելու ևս մի քանի տարի, որ կուսակցությունները նորից ընտրություններին մասնակցելու համար ծրագիր մշակեն: Մենք հինգ տարի չունենք սպասելու, մինչև արտախորհրդարանական ուժերը բարեհաճեն երկրի խնդիրներով զբաղվելու:

Եվս մի հարց:

Հայաստանն ապրում է ծանր օրեր: Ինչ որ չափով մեծ փորձություն է, թե մենք կդիմանանք, թե չէ: Հիմա արդեն ոչ թե պարզապես քաղաքական հարց ու պատասխանի ժամանակաշրջան է, այլ Հայաստանի միավորման կենսական անհրաժեշտության: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց Հայաստանի հետ, որտեղ միասնություն չկար այսքան տարի: Մենք հիմա պարզապես պարտավոր ենք միավորվելու ու միասնական լինելու՝ բոլոր առումներով:

Քաղաքական դաշտը այս ամենի կարևոր բաղադրիչներից է, իսկ արտախորհրդարանական ուժերը՝ ամենակարևոր մասերից: Հետո սերունդները մեր մասին հարցնելու են, թե արդյո՞ք մենք Հայաստանի կողմից էինք, թե ոչ: Որովհետև մենք հիմա կա՛մ ապրելու ենք, կա՛մ՝ ոչ: Այլևս ժամանակ չունենք: Մենք այլևս 30 տարի չունենք վատնելու համար:

Արտախորհրդարանական ուժերը պատրա՞ստ են գին վճարել հանուն Հայաստանի ինքնիշխանության:

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *